Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, 1994 թվականին, առաջարկություն կար ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղափոխել Շուշի: Եթե այդ առաջարկությունն այն ժամանակ ընդունվեր, թերեւս պետական այլ կառույցներ էլ տեղափոխվեին այնտեղ` նոր շունչ ու ոգի տալով հինավուրց բերդաքաղաքին, եւ անշուշտ, հիմա Շուշին բարգավաճ ու ծաղկուն տեսք կունենար, իսկ բնակչության թիվը գուցե նաեւ բազմապատկվեր:
Ճի՞շտ էր նման առաջարկից հրաժարումը, թե՞ ոչ. համենայն դեպս, այսօր նորից խնդիր է դրված մի շարք գերատեսչական հիմնարկներ ու պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումներ Ստեփանակերտից տեղափոխել Շուշի: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ռուսաստանաբանակ հայ գործարարների եւ բարերարների հետ մոսկովյան հանդիպման ժամանակ: «Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ արթնացրեց հավատը սեփական ուժերի հանդեպ, համախմբված ու միասնաբար հաղթանակի հասնելու վստահությունը, ազատ ու անկախ պետականություն կերտելու վճռականությունը: Այս մեծ հաղթանակը համահայկական էր իր բնույթով: Շուշիի ազատագրմանը մասնակցում էր ողջ հայ ժողովուրդը, համայն հայությունը նյութական ու բարոյական աջակցություն էր ցուցաբերում Արցախին եւ աղոթում Աստծուն` պատմական արդարությունը վերականգնելու խնդրանքով», իր ելույթում ասել է Բ. Սահակյանը:
Իսկ անելիքները շատ են Շուշիում, հավելել է ԼՂՀ նախագահը, շեշտելով բնակելի շենքերի, կրթական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, մշակութային օջախների, ճանապարհների, ջրամատակարարման ցանցի եւ այլ օբյեկտների կառուցման ու վերականգնման անհրաժեշտությունը:
Նկատենք, հետպատերազմյան ժամանակահատվածում ընդգծված գնահատելով Շուշիի նշանակությունը` այնտեղ որոշ վերականգնողական աշխատանքներ կատարվել են, սակայն հիմնական խնդիրները մնացել են չլուծված: Շուշիի վերականգնումը սոսկ քաղաքաշինական խնդիր չէ: Այն մեր փառավոր անցյալի, ներկայի ու վաղվա հանգուցակետն է, որը գուցե թե կարելի է անվանել համազգային իղձերի մայրաքաղաք: Հղում անելով ԼՂՀ նախագահին, նաեւ ասենք` հայ ժողովրդի միասնական պայքարով ազատագրված քաղաքը պետք է զորանա համաժողովրդական մասնակցությամբ, որի իրականացման համար լավագույն պատեհություն է նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում: Ենթադրվում է, որ ՀՀ նախագահի մասնակցությամբ Մոսկվայում կայացած հանդիպումը հայ գործարարների հետ անպայման դրական պտուղներ տալու է` այս անգամ ոչ միայն Արցախին պարզապես նպաստ բերելու, այլեւ Շուշիի զարգացմանը աննախադեպ թափ հաղորդելու առումով, հիմքում ունենալով այն համոզմունքը, որ բերդաքաղաքը մեր հաղթանակների համընդունելի խորհրդանիշն է:
Շուշին կարող է եւ պետք է նորից դառնա տարածաշրջանային նշանակության մշակութային կենտրոն` դրանով իսկ փաստելով Արցախի վաղնջականության ու հայկականության անդիմադարձելի կռվանը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ