«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2009-10-28 | #196, 2009-10-29 | #197, 2009-10-30


ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼԻՍ

Կենսաթոշակային նոր համակարգին անցնելու նպատակով կառավարության հաստատած օրենսդրական փոփոխությունների փաթեթը երեկ լրագրողներին ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար Արտեմ Ասատրյանը : Նա մասնավորապես հայտնեց, որ համաձայն այդ օրենսդրական փոփոխությունների, 2011-ից կգործի կենսաթոշակային բազմաստիճան նոր համակարգ:

Զրոյական աստիճանը կլինի նրանց համար, ովքեր չեն աշխատել կամ ունեն մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժ: Նրանք կստանան նվազագույն կենսաապահովման զամբյուղի չափով կենսաթոշակ: 1-ին աստիճանը 10 տարուց ավելի ստաժ ունեցողների համար է, որոնք կստանան ստաժին համապատասխան կենսաթոշակ տարիքը լրանալուց հետո: 2-րդ աստիճանը պարտադիր կուտակային համակարգն է տվյալ պահին մինչեւ 40 տարեկան անձանց համար: Նրանց աշխատավարձի 5 տոկոսի չափով գումար պետք է կուտակվի անձնական հաշիվներում, որին պետությունն իր կողմից կավելացնի դարձյալ աշխատավարձի 5 տոկոսի չափ գումար, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը: 3-րդ աստիճանը կամավոր կուտակային համակարգն է, երբ գործատուների եւ աշխատակիցների փոխհամաձայնությամբ լրացուցիչ կենսաթոշակներ նշանակելու հնարավորություն է տրվելու:

«Ազի» հարցին, թե նոր համակարգին անցնելու համար լրացուցիչ միջոցնե՞ր են պահանջվելու եւ ինչպե՞ս է դա պետությունը ապահովելու, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ նախատեսվում է միասնականացնել ներկայիս սոցվճարներն ու եկամտահարկը եւ սահմանել մեկ միասնականացված եկամտային հարկՙ աշխատավարձի 26 տոկոսի չափով: Այդ գումարն էլ վճարվելու է ներկայիս կենսաթոշակառուներին, որին ավելանալու են պետական բյուջեի այլ եկամուտներից վճարումները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4