Վարչապետը պահանջում է արձագանքել Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը
Մինչ կառավարության երեկվա նիստի սկսվելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մամուլում հրապարակված Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարությանը, ըստ որիՙ ինքը գիտի, որ Հայաստանում պետական չինովնիկները զբաղված են փողերի լվացմամբ: Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ համարեց, որ այդ հայտարարությանն արձագանքեն դատախազությունն ու Կենտրոնական բանկը: «Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան չինովնիկներ, որոնք զբաղված են փողերի լվացմամբ: Երկրորդը` նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին օրենքի նախագիծը, որի նպատակը ճգնաժամի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ներդրումները կարճ ժամկետով խթանելն է», շարունակեց վարչապետըՙ ավելացնելով, որ այս օրենքի էությունն այն է, որ եթե 2009-2011-ի ընթացքում Հայաստանում մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում անողներ լինեն, ապա այդ ներդնողների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ:
Ըստ Տիգրան Սարգսյանի, եթե այս օրենքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ավելի բարձր ռիսկեր, քան այսօրվա շինարարական գործընթացներն են ենթադրում, ապա, բնականաբար, հետ կկանչվի Ազգային Ժողովից: «Բայց մտահոգիչն այն է, որ թերթերը, զանգվածային լրատվական միջոցները, Ազգային Ժողովի պատգամավոր մեր գործընկերը հրապարակավ հայտարարություն են անում, որ ինքը քաջատեղյակ է փողերի լվացմանը: Դա նշանակում է, որ ինչպես նա հրապարակայնորեն այդ մեղադրանքը մեզ է ներկայացնում, այնպես էլ մենք պարտավոր ենք հրապարակայնորեն արձագանքել այդ մեղադրանքին», ասաց վարչապետը:
Ա. Մ.