«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2009-10-28 | #196, 2009-10-29 | #197, 2009-10-30


ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԽԹԱՆ ԿԼԻՆԻ՞ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շինարարության ծավալների խթանման նպատակով կառավարության նախաձեռնած օրենքի նախագծին երեկ անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը , իսկ դրա մանրամասները կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը : Խոսքը առաջիկա երեք տարիների ընթացքում 1 մլրդ դրամից ավելի արժողությամբ շինարարություն նախաձեռնողներին պետական օժանդակության մասին է, որը կարտահայտվի այդ ընթացքում նրանց վճարած հարկերը երեք տարի հետո վերադարձնելով:

Ինչպես նշեց ֆինանսների փոխնախարարը, քանի որ ճգնաժամից ամենից շատ տուժած ճյուղը շինարարությունն է, ապա այս հակաճգնաժամային քայլով կառավարությունը նպատակ ունի օժանդակելու հենց այդ ճյուղին: Կարճաժամկետ հատվածում կապիտալ շինարարությանը օժանդակելովՙ կառավարությունը խթանում է կառուցապատողներին սկսելու անընդհատ հետաձգվող իրենց ծրագրերը: Եթե դա չարվի, ապա կխորանա գործազրկությունը, կնվազի պահանջարկը եւ կավելանա տնտեսական անկումը: Վարդան Արամյանը նաեւ այն կարծիքը հայտնեց, որ ներկայումս շինարարությունն այնքան էլ եկամտաբեր չէ, քանի որ գներն այստեղ նվազել են 30-40 տոկոսով:

  «Ազգի» հարցին, թե կառուցապատողների մոտեցումն այս նախագծի նկատմամբ ինչպիսի՞ն է եւ այս աջակցությունը կդրդի՞ նրանց սկսել կառուցապատման ծրագրերը հատկապես իրացման գոտիներում, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ այս միջոցառմամբ կառավարությունը մասամբ թոթափում է կառուցապատողների բեռը, իսկ անշարժ գույքի գների կայունացման ներկայիս միտումը իրական ազդակ է այդ աջակցությունից օգտվելու համար: Համենայն դեպս, Վարդան Արամյանը սա համարեց էական օժանդակություն կառուցապատողների համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4