«Վիվասել-ՄՏՍ»-ն իրականացնում է իր խոստումը
Հայաստանում երրորդ սերնդի (3G) ցանցի ընձեռածՙ լայնաշերտ արագընթաց շարժական ինտերնետի տեսազանգերից օգտվելու հնարավորությունները հասանելի կլինեն Հայաստանի բոլոր մարզերում: Այդ մասին երեկ Սեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն ՌալՖ Յիրիկյանը եւ «ՄՏՍ»-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը :
Տեղեկացվեց, որ «Վիվասել-ՄՏՍ»-ի երրորդ սերնդի բջջային ցանցն ապահովում է Հայաստանում երրորդ սերնդի ամենաընդարձակ ծածկույթը: Տեխնիկական առումով այն ամենազարգացած եւ ժամանակակից ցանցն է Հայաստանում` հիմնված UMTS/HSPA (շարժական կապի ունիվերսալ համակարգ/գերարագ փաթեթային մուտք) համակարգի վրա: Այս տարվա ապրիլից «Վիվասել-ՄՏՍ»-ի 3G ցանցն արդեն իսկ հաջողությամբ գործում էր Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, ինչպես նաեւ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում: Այժմ արդեն երրորդ սերնդի ցանցի ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել Հայաստանի եւս 47 քաղաքներում ու գյուղական խոշոր համայնքներում` Մեղրիից մինչեւ Բագրատաշեն:
Գտնվելով «Վիվասել-ՄՏՍ»-ի 3G ցանցում, ընկերության բաժանորդները կարող են օգտվել այնպիսի նորարարական ծառայություններից, ինչպիսիք են բջջայինով խոսելիս զրուցակցին տեսնելու համար նախատեսված «տեսազանգը», տվյալների փոխանցման մեծ արագություն ապահովող շարժական ինտերնետը` բջջային հեռախոսի կամ «ՄՏՍ-Կոնեկտ» անլար USB-մոդեմի միջոցով: Ընդ որում, մոդեմը թույլ կտա օգտվել անլար ինտերնետից «Վիվասել-ՄՏՍ»-ի ծածկույթի ցանկացած կետում եւ «Վիվասել-ՄՏՍ»-ի wap պորտալի միջոցով ստանալ ամենավերջին նորությունները կամ մուտք գործել կայքեր:
«Վիվասել-ՄՏՍ»-ի համար հասանելի են անգամ ամենահեռավոր վայրերը: Ապրիլի 17-ին ազդարարելով երրորդ սերնդի ցանցի ներդրումը` մենք նշեցինք, որ դա միայն սկիզբն է, եւ խոսք տվեցինք ցանցը հասանելի դարձնել բոլոր մարզերում: Այսօր մենք կատարում ենք մեր խոստումը: Վստահ եմ, որ հատկապես հեռավոր քաղաքների ու մեծ գյուղերի բնակիչների համար երրորդ սերնդի ծառայության հասանելիությունը նոր հնարավորություններ է ընձեռելու», համոզմունք հայտնեց «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ա. Մ.