«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2009-10-28 | #196, 2009-10-29 | #197, 2009-10-30


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՂԹԵԼ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում պայքարը մրցանակային տեղերի համար հասել է գագաթնակետին: 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների տարած վճռորոշ հաղթանակներից հետո մեր շախմատիստները հիանալի հնարավորություն էին ստացել դառնալու մրցանակակիր: Տղամարդիկ 11 միավորով ռուսների եւ ադրբեջանցիների հետ գլխավորում էին աղյուսակը, իսկ կանայք 10 միավորով ընթանում էին 3-րդ հորիզոնականումՙ իրենցից առաջ թողնելով Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականներին (12-ական միավոր):

Մրցանակային տեղերի բաշխման հարցում վճռորոշ նշանակություն ունեին երեկ կայացած 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում էր հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկիՙ ռուսների հետ: Հաղթանակի դեպքում հայ շախմատիստները չեմպիոնի կոչման լուրջ հայտ կներկայացնեին: Հայ շախմատիստուհիների մրցակիցն էլ Ուկրաինայի հավաքականն էր, որը եւս 10 միավոր էր վաստակել:

Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ առաջին երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը 36-րդ քայլին հաշտություն կնքեց Պյոտր Սվիդլերի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը քայլերի կրկնությամբ արդեն 23-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց Դմիտրի Յակովենկոյի հետ: Երրորդն իր մրցավեճն ավարտեց Վլադիմիր Հակոբյանը, որը ցավոք պարտվեց Ալեքսանդր Մորոզեւիչին: Այնպես որ մրցախաղի վերջնական արդյունքը կախված էր Պետրոսյան - Տոմաշեւսկի պարտիայից: Ցավոք Տիգրանին չհաջողվեց հաղթանակ տոնել: Գրանցված ոչ-ոքին հավասարազոր էր պարտության: Այսպիսով, ՀՀ հավաքականը ռուսներին զիջեց 1,5-2,5 հաշվով ու 11 միավորով (բոլոր պարտիաներում վաստակած միավորները` 19) 4-6-րդ տեղերն է բաժանում իսպանացիների եւ հոլանդացիների հետ:

Առաջատարի դերը 13 միավորով պահպանեց Ռուսաստանի հավաքականը: Կարեւոր հաղթանակ տոնեց Ադրբեջանի հավաքականը, որը 3-1 հաշվով հաղթելով լեհերին, եւս վաստակեց 13 միավոր: Բոլոր պարտիաներում վաստակած միավորներով (19,5) ադրբեջանցիները 2-րդ տեղում են ու մեկ միավորով զիջում են ռուսներին: Իսրայելի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց վրացիներին ու վաստակեց 11 միավոր: Իսպանացիները պարտության մատնեցին հունգարացիներին (3-1): Հոլանդիա-Ուկրաինա մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի: Երկու թիմերն էլ վաստակեցին 11-ական միավոր:

Ուկրաինուհիների հետ մրցախաղն անհաջող սկսվեց հայ շախմատիստուհիների համար: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը պարտվեց Կատերինա Լահնոյին: Աղինյան - Գապոնենկո, Գալոյան-Ուշենինա պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Մկրտչյան-Ժուկովա պարտիան թերթը տպագրության ուղարկելու պահին դեռեւս չէր ավարտվել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4