«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


ԻՐԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՂ ԿՈՂՄԸ ԲԱՔՈՒՆ Է»

Իրանական «Համշահրի» թերթը իրՙ «Հայ-թուրքական հարաբերություններում պարտվող կողմը Բաքուն է» հոդվածում գրում է. «Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների բանակցություններին զուգընթաց Ադրբեջանում ձեւավորվում են հակաթուրքական տրամադրություններ: Հենց այս պատճառով Թուրքիայի նախագահը եւ այլ բարձաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի օգտին լուծելը բխում է Թուրքիայի շահերից` դրանով փորձելով ցրել «կրտսեր եղբոր» դժհոգությունները»:

Թերթը փորձում է պարզել, թե որքանո՞վ են անկեղծ թուրք պաշտոնյաների հայտարարությունները, կամ կպարտվի՞ արդյոք Հայաստանն «այս շախմատային պարտիայում»` զիջելով Ղարաբաղը. «Պարզ է միայն մի բան. որքան Հայաստանն ու Թուրքիան մոտենում են սահմանների բացմանը, այնքան ակնհայտ է դառնում, թե որքան հեռու է Ղարաբաղի հարցի լուծումը», նկատում է թերթը:

Հոդվածի շարունակությունում ասված է. «Թուրքերի` Ադրբեջանին տված խոստումները թողնում են բառախաղի կամ դիվանագիտական հաճոյախոսությունների տպավորություն: Ընդ որում` սա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանում հիմա էլ կան մարդիկ, որոնք քնում են երազանքով, թե ինչպես պետք է Թուրքիան իրենց օգնության գա Ղարաբաղի հարցում: Սակայն երազանքներն ու իրականությունը տարբեր բաներ են», շեշտել է իրանական թերթը:

Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան, ըստ թերթի, պետք է վերացնի երկրի ներսում ամրագրված կարծրատիպերը, եւ այդ աշխատանքն ընկած է այսօրվա իշխանությունների վրա:

Հայաստանի պարագայում «Համշահրին» նկատում է, որ տարբեր կուսակցությունների ու հասարակության զգալի մասի ճնշումներին տեղի չտալով` նախագահ Սարգսյանը շարունակում է հայ-թուրքական գործընթացը. «Հիմա երկու երկրներն էլ հայտնվել են ճանապարհի նույն կետում, որտեղից հետդարձի ուղի չկա, եւ կողմերը ստիպված են շարունակել իրենց սկսած ճանապարհը: Արդեն իսկ երեւում է, որ Թուրքիան այդ ճանապարհի վրա տանուլ կտա Ղարաբաղը Հայաստանին», նկատում է իրանական թերթը` տալով այդպես կարծելու իր հիմքերը. «Որպեսզի թուրքերը կարողանան դիմակայել Արեւմուտքում, հատկապես ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում ակտիվ հայկական լոբբիինգին եւ ապահովեն իրենց մուտքը Եվրոմիություն, պարտավոր են «բարեկամության ձեռք» մեկնել Հայաստանին: Միեւնույն ժամանակ, Թուրքիան այժմ այն վիճակում չէ, որ ղարաբաղյան թեմայով որեւէ բան պարտադրի Երեւանին, փաստորեն «եղբայրակից Ադրբեջանը» «զոհաբերվում» է դեպի Եվրոմիություն տանող թուրքական ճանապարհին», եզրափակել է իրանական թերթը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4