Ներկայացնելով «Արմթեք կոնգրես 2009»-ի միջոցառումները` փաստեցին «Սինոփսիս Արմենիայի» ղեկավարն ու էկոնոմիկայի նախարարը
Նոյեմբերի 5-8-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաժողովը տեղի կունենա ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում գտնվող Սիլիկոնային հովտում, որն այս ոլորտի համաշխարհային կենտրոնն է համարվում: «Արմթեք կոնգրես 2009»-ում նախատեսված միջոցառումներին երեկ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը :
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ երկրորդ անգամն է լինելու, երբ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված կոնգրես է անցկացնում Սիլիկոնային հովտում, եւ այս տարի մասնակիցների կազմը որակական ու քանակական առումով փոփոխություններ է կրել: Հայաստանի կառավարության նպատակն է այս համաժողովում համախմբել Հայաստանի եւ Սփյուռքի ներուժն այս ոլորտում: Նպատակ է դրված նաեւ կոնգրեսն աստիճանաբար զարգացնել եւ դարձնել գլոբալ ֆորում, որտեղ կքննարկեն ոչ միայն հայկական հարցերը: Դրա հիմքն այս համաժողովում, Ներսես Երիցյանի հավաստմամբ, արդեն դրված է: Կոնգրեսին ներկա խոշոր ընկերությունների ղեկավարները խոսելու են ոլորտում համաշխարհային զարգացումների մասին:
«Արմթեք կոնգրես 2009»-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը, ըստ էկոնոմիկայի նախարարի, ուղերձ է, որ Հայաստանը ցանկանում է օգտվել միջազգային հնարավորություններից եւ դուրս գալ ճգնաժամից ավելի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Վարչապետը հանդիպումներ կունենա Բերկլիի համալսարանում, որտեղ կքննարկվեն Հայաստանի մրցունակության խնդիրները, ինչպես նաեւ Սիլիկոնային հովտի վենչուրային ընկերությունների ներկայացուցիչների, «Սինոփսիս», «Ինտել», «Սիսկո» ընկերությունների ղեկավարների հետ: Այցելություններ կլինեն նաեւ ձեռնարկությունների ինկուբատոր կենտրոն, «Մայքրոսոֆտի» հետ կստորագրվի համաձայնագիր Հայաստանում ինովացիոն կենտրոնի ստեղծման վերաբերյալ:
«Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Հայաստանի նման փոքր երկրի համար Սիլիկոնային հովտում համաժողով անցկացնելը, այն էլ երկրորդ անգամ, համարեց լուրջ իրադարձություն, ինչը Հովիկ Մուսայելյանը պայմանավորեց նրանով, որ «մենք ասելիք ունենք» այս ոլորտում: Երբ մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարեց գերակա ճյուղ, ըստ «Սինոփսիս Արմենիայի» ղեկավարի, շատերն ասում էին, որ դա դեկլարատիվ էր, իսկ այժմ, ներկայանալով կոնգրեսին, «ցանկանում ենք ասել, որ դա դեկլարատիվ չէ», որ ունենք հաջողություններ, ինչպես նաեւ դժվարություններ: Հովիկ Մուսայելյանը ցանկություն հայտնեց Հայաստանը յուրօրինակ Սիլիկոնային հովիտ դարձնել, ինչի համար անհրաժեշտ հիմքն առկա էր դեռ խորհրդային տարիներից: Նա նույնպես կարեւորեց վարչապետի մասնակցությունը համաժողովին:
Անդրադառնալով կոնգրեսի աշխատանքներին, Հովիկ Մուսայելյանն ասաց, որ բացումից հետո կաշխատեն ձեւավորված 12 աշխատանքային հանձնաժողովները (ծրագրային արդյունաբերություն եւ ծառայություններ, հեռահաղորդակցություն եւ ինտերնետ, վերականգնվող եւ «կանաչ» էներգիա, միկրոէլեկտրոնիկաՙ նախագծում եւ ստուգում, ներդրումային նախագծեր, բարձրագույն կրթություն, հետազոտություններ, թվային մեդիա, կենսատեխնոլոգիաներ, ճարտարագիտական նախագծում, առաջադեմ նյութեր, մասնագիտական կապեր): Դրանց եզրակացություններն ի մի կբերվեն, եւ կձեւավորվի այն պլատֆորմը, որն, ըստ «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրենի, կնախանշի մեր հետագա ճանապարհը: Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ եթե մեր հարեւանները փորձեին նման ֆորում կազմակերպել Սիլիկոնային հովտում, ապա ասելիք չունենալու պատճառով կտապալվեին, ինչին Ներսես Երիցյանն ավելացրեց մեր մեկ այլ կարեւոր առավելությունըՙ Սփյուռքի ռեսուրսը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ