Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում երեկ հանդիսավորապես նշվեց Հայաստանի ազգային արխիվի հիմնադրման 85-ամյակը: Այդ առիթով հանդիպեցինք արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ` զրուցելու արխիվի ստեղծման, ներկայիս խնդիրների եւ հեռանկարների մասին:
- Պրն Վիրաբյան, հոբելյանական հանդիսությունները սովորաբար առիթ են դառնում նոր հայացք նետելու անցյալին, վերակշռելու ձեռք բերածն ու կորցրածը: Հետաքրքրական է իմանալ, թե ինչպե՞ս է ձեւավորվել ազգային արխիվը, կազմավորման ի՞նչ փուլեր է անցել:
- Պատմությունից մեզ հայտնի է, որ Հայաստանում արխիվներ եղել են ե՛ւ արքունական պալատներում, ե՛ւ Էջմիածնի կաթողիկոսական դիվաններում: Կաթողիկոսի նստավայրը հաճախակի փոխվել է, նրա հետ տեղափոխվել են նաեւ փաստաթղթերը, եւ այդ ժամանակ որոշ նյութեր ամբողջովին ոչնչացել են: Բացի այդ, գրել են մագաղաթի վրա, որը շատ թանկ է եղել, ուստի նամակները կարդալուց հետո հեշտությամբ մաքրել են բուսական ներկերով գրվածքն ու նորից գործածել: Այդպես շարունակվել է մինչեւ 18-րդ դարը, երբ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը խստորեն արգելել է մագաղաթի համար փաստաթղթեր ոչնչացնելը: Ահա թե ինչու միջնադարից մեզ շատ քիչ նյութ է հասել որպես արխիվային փաստաթուղթ: Հայաստանում ամենահին փաստաթուղթը 1440 թվականից է եւ պահպանվում է Մատենադարանում, իսկ Հայաստանի ազգային արխիվի ամենահին փաստաթղթերը 1607թվականից են: Դրանք Շահ Աբասի կնիքով վավերացված վկայագրեր են կալվածքների մասին, որ տրվել են Քաշաթաղի մելիքներին: Այնպես որ, եթե մենք աշխարհին ներկայանում ենք մեր միջնադարյան հարուստ ձեռագրերով, ապա արխիվային փաստաթղթերով այնքան էլ հարուստ չենք: Մեզ մոտ փաստաթղթեր գրվել են Արեւելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, այսինքն` գրագրության եւ գործավարության հիմքերը մեզանում դրել են ռուս չինովնիկները: Կարելի է ասել, որ մեր պատմության վերաբերյալ փաստաթղթերը ստեղծվել են 1828 թվականից: Ցավոք, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դրանց մի մասը ոչնչացվել է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Ռուսաստանում գործող օրենքների համաձայն, ռազմաճակատի մերձակա շրջաններից փաստաթղթերը հասցրել են երկրի խորքերը: Հայաստանի ներկա տարածքն այն ժամանակ Երեւանի նահանգն էր, նահանգապետի վարչության փաստաթղթերը տեղափոխվել են Հյուսիսային Կովկաս ու պահվել են զինվորական պահեստներում: Ցավոք, տեղափոխությունների ժամանակ դրանք ոչնչացել են, իհարկե, գտնելու փորձեր արվել են խորհրդային իշխանության տարիներին, մենք եւս փորձել ենք գտնել, բայց` ապարդյուն: Ինչպես գիտեք, ներկայիս Մատենադարանի ձեռագրերը նույնպես 1914 թ. տեղափոխվել են Մոսկվա եւ 140 արկղի մեջ պահվել են հայկական եկեղեցու նկուղում մինչեւ 1922 թ., որից հետո բերվել են Երեւան:
- Իսկ ե՞րբ է հիմնվել պետական արխիվը:
- Արխիվ ստեղծելու փորձեր արվել են Առաջին Հանրապետության տարիներին, այն ժամանակ փաստաթղթերի հիմնական մասը պահպանվել է Թբիլիսիում, ցանկացել են Հայաստանի բաժինը տեղափոխել Երեւան, բայց չի հաջողվել: Հետո փորձել են արխիվ ստեղծել 1921-ին, կոմկուսը ստեղծել է իր արխիվը, այնուհետեւ 1922-ին հեղափոխության թանգարանում ստեղծվել է արխիվային բաժին եւ 1923-ի սեպտեմբերի 26-ին կենտգործկոմը որոշում է ընդունել Խորհրդային Հայաստանի կենտրոնական պետական դիվան ստեղծելու մասին: Մեկ տարի անց` 1924-ի հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել արխիվի բացումը:
- Ովքե՞ր էին առաջին արխիվագետները, կոմունիստներ էին, թե՞ մտավորականության ներկայացուցիչներ:
- Բարեբախտաբար, նրանք կրթված մարդիկ էին, օրինակ, պրոֆեսոր Խաչիկ Սամվելյանը եղել է արխիվի առաջին վարիչը: Նա կոմունիստ չի եղել, այդ գործը նրան վստահվել է նկատի առնելով նրա մտավորական լինելը: Առաջին հերթին արխիվ են բերվել թուրքական արշավանքից փրկված որոշ փաստաթղթեր: Առաջին Հանրապետության տարիների փաստաթղթերի հիմնական մասը պահպանվել է, սակայն մեզ չեն հասել, օրինակ, ռազմական նախարարության եւ խորհրդարանի արխիվները:
- Իսկ նախկին ԽՍՀՄ երկրներից բերված փաստաթղթերը մե՞ծ թիվ են կազմում:
- Հայ ժողովրդի պատմության հետ կապված գրեթե բոլոր փաստաթղթերը տեղափոխվել են Երեւան` Թբիլիսի, Բաքու, Աստրախան, Մոսկվա, Պետերբուրգ եւ այլ քաղաքներից: Ունենք արխիվային ֆոնդեր, որոնք ամբողջապես տեղափոխվել են Մոսկվայից եւ Պետերբուրգից: Խորհրդային իշխանության տարիներին բավականին աշխատանք է կատարվել, Մոսկվայի օրինակով ստեղծվել են տարբեր արխիվներ, օրինակ, պատմության արխիվը, որտեղ պահվել են մինչեւ 1920թ. փաստաթղթերը: Հետագայում ստեղծվել է մասնագիտական արխիվը, որտեղ պահպանվել են նաեւ կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերը: Ազգային արխիվի համար Երեւանում ստեղծվել է 3 հսկայական համալիր, որտեղ աշխատում են ինչպես ավագ սերնդի 30-40 տարվա աշխատանքային փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ մասնագետները:
- Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իր հետ բերել է էլեկտրոնային շտեմարաններ ստեղծելու եւ գրավոր խոսքը թվայնացնելու խնդիր: Ի՞նչ աշխատանքներ են արվում փաստաթղթերը համացանցում տեղադրելու եւ հանրությանը մատչելի դարձնելու համար:
- Անշուշտ, կյանքն արագ է փոխվում, փոխվում են նաեւ պատկերացումները փաստաթղթի մասին: 20-30 տարի առաջ որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ կարելի է փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ունենալ: Մեզ մոտ եղած փաստաթղթերը 300 միլիոնից ավելի են` 2 հազարից ավելի ֆիլմ, 360 հազար լուսանկար, 35 հազար ձայնագրություն եւ այլն: Դա հսկայական պաշար է, որն այսօր պետք է լուսանկարել եւ տեղադրել համացանցում, որպեսզի ուսումնասիրողներն այլեւս թղթի հետ չշփվեն: Թվայնացվում են նաեւ վավերագրական ֆիլմերը, ձայնագրությունները: Մեզ զբաղեցնող հարցերը միայն դրանով չեն սահմանափակվում, անհրաժեշտ է վերանորոգել շինությունները եւ ապահովել փաստաթղթերի պահպանության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ տեխնիկայով: Եթե փաստաթուղթը կայուն ջերմության եւ խոնավության պայմաններում չլինի, երկար չի պահպանվի, իսկ մեզ մոտ վերջին տասնամյակներում հայտնի պատճառներով պահոցներում ձմռանը ցուրտ է եղել, ամռանը` շոգ: Հիմա տեղադրում ենք նոր սարքավորումներ, որոնց միջոցով այդ խնդիրը հիմնովին կլուծվի:
- Ո՞ր երկրների հետ եք համագործակցում եւ ի՞նչն է ձեզ համար ուսանելի այդ երկրների արխիվային գործում:
- Համագործակցության լայն ավանդույթներ ունենք, որի լավագույն ապացույցը հոկտեմբերի 29-ին Երեւանում բացված ԱՊՀ պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն էր` 8 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեր ունեցած միջոցները հնարավորություն չեն տալիս մի շարք երկրների օրինակով առանձին փաստաթղթավարության գիտահետազոտական ինստիտուտ ունենալու, կամ արխիվագիտության գիտահետազոտական ինստիտուտ բացելու: Լավ հարաբերություններ ունենք Բուլղարիայի եւ Ֆրանսիայի հետ: Ձգտում ենք ընդլայնել միջազգային կապերը, որովհետեւ մեր ժողովրդի պատմության վերաբերյալ մեզ մոտ ավելի քիչ փաստաթուղթ կա, քան, օրինակ, մեր հարեւան Վրաստանում: Ցավոք, Վրաստանի հետ կապերն այնքան էլ ամուր չեն, անշուշտ, փորձում ենք ջերմ կապեր ստեղծել, բայց դժվարություններ կան, որովհետեւ վրացիներին բնավ դուր չի գալիս այն փաստը, որ Թիֆլիսը հայկական մշակութային կենտրոն է եղել, նրանք լսել անգամ չեն ուզում այդ մասին: Բայց պետք է շարունակենք ուղիներ փնտրել, որովհետեւ եթե երկու պետությունների միջեւ հարաբերություններն ընդլայնվում են, ուրեմն նույնը պետք է տեղի ունենա նաեւ արխիվային գործում:
- Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հեռանկարը ի՞նչ նշանակություն կունենա արխիվային փաստաթղթերի ուսումնասիրման համար:
- Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի արխիվները բաց են թուրք հետազոտողների առջեւ: Արդեն երկու հոգի աշխատել են մեզ մոտ, մեկը` 2005-ին, մյուսը` այս տարի: Վերջինիս հետաքրքրում էր Կարսի մարզի պատմությունը Ռուսաստանի տիրապետության շրջանում: Նա ռուսերեն լավ գիտեր եւ ուսումնասիրությունից հետո թուրքական մամուլում հանդես եկավ պատշաճ մակարդակով: Մենք վախենալու ոչինչ չունենք, Հայոց ցեղասպանության իրողությունը ապացուցելու խնդիր չունենք, որովհետեւ ցեղասպանության վերաբերյալ ունենք 12 հազար վկայություններ: Իսկ եթե հարցը հասնի այն կետին, որ անհրաժեշտ լինի փաստաթղթերով հիմնավորել` պատրաստ ենք դրան, քանի որ մեր ձեռքի տակ ունենք ականատեսների վկայությունները` գրի առնված 1916 թվականին: Տարբեր տարիքի մարդիկ պատմում են իրենց տեսածի մասին` օգտագործելով ջարդ, կոտորած, զուլում բառերը, քանի որ այն ժամանակ ցեղասպանություն բառը գործածության մեջ չէր մտել:
Արխիվում պահպանվում են նաեւ տարբեր վայրերից Ամենայն հայոց կաթողիկոսին ուղարկված զեկուցագրեր ու նամակներ, որոնք զգուշացնում են հայ բնակչությանը ոչնչացնելու եւ Հայաստանը հայաթափ անելու նախանշանների մասին: Այն ժամանակ Հայաստան ասելով հասկանում էին Արեւմտյան Հայաստանը` Էրգիրը, իսկ Արեւելյանը կոչում էին Ռուսահայաստան, Երեւանի նահանգ, Արարատյան Հանրապետություն:
Մեր ձեռքի տակ ունենք նաեւ այլ երկրներից բերված նամակների պատճեններ` գրված Թուրքիայում տարբեր երկրների` Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Մ. Նահանգների, Արգենտինայի, Պորտուգալիայի, Իսպանիայի դեսպանների ձեռքով: Իրենց կառավարություններին նրանք տեղեկացնում են տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում` հայ բնակչության գաղթի եւ կոտորածների մասին:
Կարեւոր են նաեւ Հովհաննես Թումանյանի ղեկավարությամբ 1918-1919 թթ. հայ մտավորականների ստեղծած հանձնաժողովի կազմած փաստաթղթերը: Թուրքիայի պարտությունից հետո մեր մտավորականները համոզված էին, որ Հայկական հարցը պիտի անպայման լուծվեր եւ դրան հասնելու համար ուսումնասիրում էին, թե հայ բնակչությունը բացի մարդկային կորուստներից նյութական ինչ կորուստներ էր ունեցել, որպեսզի ներկայացնեին Փարիզի խաղաղության վեհաժողովում եւ Թուրքիայից փոխհատուցում պահանջեին: Այդ փաստաթղթում մարդիկ մեկ առ մեկ նշել են իրենց ունեցվածքի եւ մարդկային կորուստների մասին:
- Իսկ Թուրքիայի արխիվի հետ կապեր ունե՞ք, առիթներ ունեցե՞լ եք արխիվի ղեկավարի հետ հանդիպելու:
- Այո, ծանոթ եմ Թուրքիայի արխիվների ղեկավարի հետ: Նրա թույլտվությամբ այնտեղ առ այսօր 2 հայ է աշխատել, մեկը լոնդոնաբնակ Արա Սարաֆյանն է, մյուսը` Սեւծովյան համագործակցության հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ավագյանը: Նրանց, իհարկե, հնարավորություն տրվել է աշխատելու, բայց ոչինչ չեն հայտնաբերել, որովհետեւ Օսմանյան կայսրության փաստաթղթերը պահպանվում են ռազմական արխիվում, որտեղ մեզ չի թույլատրվում աշխատել: Բացի այդ, մինչեւ 1925թ. որպես գրական լեզու Թուրքիայում գործածվել է օսմաներենը, որը պարսկերենի, արաբերենի եւ թուրքերենի խառնուրդ է, իսկ օսմաներենի լավ մասնագետներ կարելի է ասել մենք չունենք: Մենք դեռ չգիտենք, թե թուրքերը մեր առջեւ ի՞նչ փաստաթղթեր են դնելու, օրինակ, արխիվի ինտերնետային էջում տեղադրված են ռուսական բանակի գրաված տարածքներում ոչնչացված մահմեդականների մասին օսմաներեն փաստաթղթեր` թարգմանված թուրքերեն եւ անգլերեն: Նրանց այդ պնդումներին ես միշտ հակադարձում եմ շեշտելով, որ Թուրքիան վարել է իր քաղաքացիների նկատմամբ կոտորած իրականացնելու պետական քաղաքականություն, իսկ հայ կամավորների կատարածը սոսկ վրեժխնդրություն է եղել: Կամավորները արեւմտահայեր էին, եւ երբ մտել են իրենց ավերված գյուղերը, գերի են վերցրել մահմեդականներին պարզելու, թե ովքե՞ր են սպանել իրենց հարազատներին եւ համագյուղացիներին: Հայերին կոտորելու եւ հայրենազրկելու պետական քաղաքականությունն ու հայրենիքի եւ հարազատների կորստյան համար վրեժխնդրությունը միանգամայն տարբեր եւ անհամեմատելի գործողություններ են:
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Նկար 1. Ամատունի Վիրաբյան