Սերբիայի Նովի Սադ քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում տղամարդկանց 38 եւ կանանց 28 հավաքականներ: Ցավոք, մերոնց չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Ավարտական տուրից առաջ բավական խճճված իրավիճակ էր ստեղծվել մրցաշարային աղյուսակում: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը 13-ական միավորով գլխավորում էին Ռուսաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Ընդ որում բոլոր պարտիաներում վաստակած միավորներով (20,5) ռուսները մեկով գերազանցում էին ադրբեջանցիներին: Հինգ հավաքականներ` Ուկրաինան (բոլոր պարտիաներում վաստակած միավորները` 20), Հայաստանը (19), Հոլանդիան (19), Իսպանիան (19) եւ Իսրայելը (17) վաստակել էին 11-ական միավոր: Այնպես որ 3-րդ տեղը զբաղեցնելու համար Հայաստանի հավաքականին հարկավոր էր շվեյցարացիներին հաղթել հնարավորինս խոշոր հաշվով:
Մերոնք հաղթեցին 2,5-1,5 հաշվով: Թիմի հաջողությունն ապահովեցին Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը` պարտության մատնելով համապատասխանաբար Ռոլանդ Էքստրյոմին եւ Ժոզեֆ Գալահերին: Արոնյանը ոչ-ոքի խաղաց Յանիկ Պելետիեի հետ, իսկ Հակոբյանը պարտվեց Ջենի Ֆլորիանին: ՀՀ հավաքականը 13 միավորով (բոլոր պարտիաներում վաստակած միավորները` 21,5) գրավեց 4-րդ տեղը` բրոնզե մեդալները զիջելով ուկրաինացիներին: Վերջիններս 3-1 հաշվով հաղթեցին Իսրայելի հավաքականին ու եւս վաստակեցին 13 միավոր, սակայն բոլոր պարտիաներում վաստակած միավորներով 1,5-ով գերազանցեցին հայերին:
Մեծ անակնկալ մատուցեց Ադրբեջանի հավաքականը, որը 2,5-1,5 հաշվով հաղթելով հոլանդացիներին, 15 միավորով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ավելորդ չէ նշել, որ միակ պարտությունն ադրբեջանցիները կրեցին հայերից: Իսկ ահա առանց պարտության հանդես եկած ռուսներին չհաջողվեց հաղթել իսպանացիներին (2-2): Նրանք 14 միավորով դարձան արծաթե մեդալակիրներ:
Հայաստանի կանանց հավաքականը 11 միավորով (բոլոր պարտիաներում վաստակած միավորները` 19,5) 3-րդ տեղում էր: Մեր շախմատիստուհիները 8-րդ տուրում ոչ-ոքի էին խաղացել ուկրաինուհիների հետ (Գալոյանը հաղթեց Ուշենինային, Մկրտչյան-Ժուկովա, Աղինյան-Գապոնենկո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, Դանիելյանը պարտվեց Լահնոյին): 11 միավոր (18) էր վաստակել նաեւ Ուկրաինայի հավաքականը: Վերջինս մրցում էր չեխերի հետ, որոնք 10 միավոր ունեին: Մինչդեռ հայ շախմատիստուհիների մրցակիցը չեմպիոնի տիտղոսի համար պայքարող ՌԴ հավաքականն էր, որը վրացիների հետ 14 միավոր էր վաստակել:
Ցավոք հայ շախմատիստուհիներին չհաջողվեց գոնե ոչ-ոքի խաղալ ռուսների հետ, ինչը նրանց բրոնզե մեդալների կարժանացներ: Մեր հավաքականը պարտվեց 1,5-2,5 հաշվով: Վճռորոշ եղավ Լիլիթ Գալոյանի պարտությունը Նադեժդա Կոսինցեւայից: Կոստենյուկ - Դանիելյան, Մկրտչյան - Տատյանա Կոսինցեւա, Աղինյան - Գունինա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Այսպիսով Հայաստանի կանանց հավաքականը 9 մրցախաղերում վաստակելով 11 միավոր (բոլոր պարտիաներում վաստակած միավորները` 21) գրավեց 5-րդ տեղը: Իսկ չեմպիոնի տիտղոսը 16 միավորով նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը բոլոր պարտիաներում վաստակած միավորներով (26) գերազանցեց նույնքան միավոր (24) ունեցող վրացիներին: Վերջիններս 2,5-1,5 հաշվով առավելության հասան ռումինացիների նկատմամբ: Բրոնզե մրցանակակիր դարձավ 12 միավոր վաստակած Ուկրաինայի հավաքականը, որը միայն լրացուցիչ գործակիցներով գերազանցեց 4-րդ տեղը գրաված ադրբեջանցիներին: Ուկրաինա - Չեխիա մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի, իսկ Ադրբեջանը 2,5 - 1,5 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի ընտրանուն:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային նախորդ առաջնությունում, որ կայացել էր 2 տարի առաջ Հերակլիոն քաղաքում, գրավել էր 2-րդ տեղը: Չեմպիոնը ՌԴ հավաքականն էր, իսկ բրոնզե մեդալակիր էին դարձել ադրբեջանցիները: Ամենամեծ հաջողությանը մեր հավաքականը հասել էր 1999-ին` Բաթումում հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: 1997-ին էլ հայ շախմատիստներն արժանացել էին բրոնզե մեդալների:
Նովի Սադում մեր ընտրանին 9 մրցախաղերից շահեց 6-ը (Դանիա` 3-1, Ռումինիա` 2,5-1,5, Սերբիա-2` 3-1, Իսպանիա` 3-1, Ադրբեջան` 2,5-1,5, Շվեյցարիա` 2,5-1,5), 1-ն ավարտեց ոչ-ոքի (Ֆրանսիա), կրեց 2 պարտություն (Սերբիա-1` 1,5-2,5, Ռուսաստան` 1,5-2,5):
Հայաստանի հավաքականի կազմում առավել հաջողը 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Տիգրան Պետրոսյանի ելույթն էր: Նա 8 հնարավորից վաստակեց 6 միավոր: Գաբրիել Սարգսյանը 8 մրցախաղերում թիմին 5,5 միավոր պարգեւեց: Լեւոն Արոնյանի արդյունքն է 4,5 միավոր 8 հնարավորից, Վլադիմիր Հակոբյանինը` 3,5 (8-ից), Արման Փաշիկյանինը` 2 (4-ից):
Հայաստանի կանանց հավաքականը Նովի Սադում տոնեց 4 հաղթանակ (Իտալիա` 2,5-1,5, Սլովենիա` 3-1, Լեհաստան` 3-1, Ռումինիա` 3,5-0,5), 3-ն ավարտեց ոչ-ոքի (Ադրբեջան, Ֆրանսիա, Ուկրաինա), կրեց 2 պարտություն (Վրաստան` 1,5-2,5, Ռուսաստան` 1,5-2,5):
Մեր թիմի կազմում հիանալի հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանը` 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր: 2-րդ ցուցանիշն ունի Լիլիթ Գալոյանը` 5,5 (8-ից): Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանի արդյունքն է 4,5 միավոր (9-ից): Նելլի Աղինյանը 6 պարտիաներում վաստակեց 2,5 միավոր: 2 միավոր իր թիմին բերեց Սիրանուշ Անդրեասյանը 4 պարտիայում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ