Երեւանում են բասկետբոլի եվրոպական ֆեդերացիայի (ՖԻԲԱ-Եվրոպա) գլխավոր քարտուղար Նաո Զանոլինը եւ գանձապահ Յան Բերտոլինգը , որոնց այցի նպատակն է տեղում ծանոթանալ հանրապետությունում մարզաձեւի զարգացման հեռանկարներին, առկա խնդիրներին եւ փորձել գործնական օգնություն ցուցաբերել: Նրանք հանդիպել են բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի ու սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի հետ` քննարկելով առաջիկա ծրագրերն ու անելիքները:
Այդ մասին նրանք տեղեկացրին երեկ լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրանց, բասկետբոլում Հայաստանը զարգացող երկրների թվում է, մեծ ներուժ ունի եւ կառավարության, ֆեդերացիայի, ՖԻԲԱ-Եվրոպայի ու լրագրողների համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է տարիներ անց հայտնվի մարզաձեւի առաջատարների շարքում:
Միջազգային ֆեդերացիան պատրաստ է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային օգնել մարզադահլիճների կահավորմամբ, գույքով ու հանդերձանքով: Իսկ ահա մարզադահլիճների վերանորոգման աշխատանքները պետք է կատարեն տեղական իշխանությունները: Դեռեւս 2007-ին ՖԻԲԱ-ն մոտ 5 հազար բասկետբոլի գնդակներ է նվիրել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային, որոնք բաժանվել են ինչպես մարզադպրոցներին, այնպես էլ հանրակրթական դպրոցներին: Բացի այդ, ՖԻԲԱ-ն հոգում է մեր հավաքական թիմերի միջազգային մրցաշարերի մասնակցության բոլոր ծախսերը:
Հյուրերն արդեն հասցրել են ծանոթանալ «Միկա» մարզադահլիճին եւ լավ տպավորություն են ստացել: Ասուլիսից հետո նրանք այցելելու էին նաեւ «Դինամո» մարզադահլիճ եւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Մարզադահլիճների առկայությունն առաջին նախապայմանն է Երեւանում միջազգային մրցաշարերի անցկացման համար: Այցի արդյունքում որոշվել է, որ 2011-ին Երեւանում պետք է անցկացվի մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Դրա հաջող կազմակերպման համար մի շարք խնդիրներ պետք է լուծվեն: Հրաչյա Ռոստոմյանը հույս հայտնեց, որ թե Հայաստանի կառավարությունը, թե ՖԻԲԱ-Եվրոպան կաջակցեն մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար: Մրցաշարը տեւելու է 12 օր: Սպասվում է, որ Հայաստան կայցելի 2-3 հազար մարդ:
Միջազգային ֆեդերացիայի պատվիրակները կարեւորեցին նաեւ մարզիչների ու մրցավարների համար դասընթացների կազմակերպումը, որը կօգնի բարձրացնելու նրանց որակավորումը: Հրաչյա Ռոստոմյանի կարծիքով, ավելի նպատակահարմար կլինի, եթե մարզիչներն արտերկրից ոչ թե մի քանի օրով գան Հայաստան ու դասընթացներ անցկացնեն, այլ 5-6 ամսով հայկական թիմեր մարզեն:
ՖԻԲԱ-Եվրոպայի պատվիրակները շրջայցեր են կատարել մի շարք երկրներում եւ հատկապես տպավորված են Մակեդոնիայում բասկետբոլի զարգացման տեմպերով: Այս երկրում վերջին 2 տարիներին բասկետբոլի 135 մարզադահլիճ է վերանորոգվել: Դրանցից 105-ը փոքր դահլիճներ են, 20-ը նախատեսված են 800-1000, 10-ը` 2500-3000 հանդիսականի համար: Ներկայումս էլ Սկոպիեյում կառուցվում է գերժամանակակից, 9 հազար տեղանոց մարզադահլիճ: Իսկ Մակեդոնիայի հավաքականն առաջին անգամ մասնակցեց բասկետբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին եւ այժմ աշխարհի 15 լավագույն թիմերի շարքում է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ