Կենդանիների դիմակահանդես
«Արեւորդի» փառատոնը ուղղվասծ էր հասարակության բոլոր շերտերինՙ ազդարարելու, որ երկրի հարստությունները անսպառ չեն, որ մարդու ընչաքաղցությունը, ագահությունը, անտարբերությունն ու անհոգությունը բնության հանդեպ կանգնեցնելու է մեծ աղետի առաջ, որ մոլորակը հավիտենաբար ի զորու չէ դիմանալու մարդուց իրեն պատուհասած բոլոր գործողություններին: «Արեւորդիների» այսօրվա մեր կրտսեր սերունդը այդ տագնապի կոչնակն է հնչեցնումՙ սթափվելու, հետ կանգնելու, փոխելու արժեքների կեղծ կարծրատիպերը, մոտենալու մարդու բնական կերպին, ապրելու, գործելու նոր ձեւեր, միջոցներ որոնել, որոնց օրինակներն այս պատանի-պարմանուհիներն այնքան տարբեր եղանակներով ներկայացրին: Սա իրոք դաս էրՙ մեր շրջակա միջավայրի, բնության հետ նոր վերաբերմունքի դասՙ մեր իսկ երեխաներից ստացած: Փառատոնի շատ արժեքավոր ծրագրերից ամենակարեւորը հենց սա էրՙ նոր սերնդի մեջ սերմեր նետած այն առողջ մտածողությունը, որից, եթե ոչ բոլորը, բայց շատերը հետագա իրենց ապրելու եւ գործելու եղանակը գուցե թե ժառանգեն:
Այս կիրակի Երեւանի կենտրոնական փողոցները օրվա մի ընթացք շատ տարբեր կերպարանք ու բովանդակություն ունեցան: Մայթեզրին կանգնած ու դիմակահանդեսի քայլերթը զարմացած հայացքով դիտող մարդիկ, մի բան հասկացա՞ն, թե՞ ոչ, չգիտեմ, բայց վստահ եմ, որ երեխաների ամիսների աշխատանքը զուր չանցավ. նրանց «կենդանիների» այս դիմակահանդեսը հասավ իր նպատակին. կարծրացած, ճարպակալած մթնոլորտը ցրվեց, փողոցները շնչել սկսեցին երեխաների ճիչերից, կարգախոսներից: Այս գունեղ, տարահանդերձ ներկայացումը փետրավորված, դիմակավորված զվարճանք չէր լոկ. խորքում իր նշանակությամբ ազդեցիկ էր շատ: Երեխաներն այդ օրը «վերափոխվել» էին ամենատարբեր տեսակի կենդանիների, թռչունների, միջատների: Ամիսներ շարունակ նրանք բացառապես թափոններից (թուղթ, պոլիէթիլենային տոպրակներ) պատրաստել էին համապատասխան զգեստներ, դիմակներ, ներկել, գունազարդել:
Ձեռք ձեռքի տված անցնում էին արծիվներն ու բազեները, կրիաներն ու գորտերը, դաշտամուկն ու անգղը, չղջիկն ու որդան կարմիրը, հովազն ու արագիլը, կեդանիների տասնյակ տեսակներՙ շատ տեսարժան, հետաքրքրական: Դիմակահանդեսային շքերթի մեջ առանձնանում էին մի քանի խոշոր կերպարներՙ հսկա սպիտակ բուն, մեծ կրիան, խոշոր թիթեռը, արագիլը: Իրենց ակտիվությամբ եւ դիմահարդարանք-կերպարանքով աչքի էին ընկնում Գերմանիայից այս շարժմանը միացած կրկեսի արտիստների մի խումբ, որոնցից «երկարոտն գունավառ թռչունի» թմբուկի անդադար զարկերը ահազանգի պես էին հնչում: Ավելի ուշ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում նրանց երաժշտական մի քանի կատարումները մարդուն իր նախասկիզբը, բնէությունը հիշեցնող, հինավուրց բնիկ ցեղերին հատուկ վայրի խորհրդավորության ռիթմեր էին հիշեցնումՙ դարերի խորքը տանող:
Դիմակահանդեսի ներկայացմանը մի հատուկ իմաստ էին հաղորդում հեծանվակառքըՙ դրասանգով զարդարված նորապսակ զույգով եւ դրան հարակցված հեծանվորդներըՙ «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունից: Ընտանեկան զույգը ուզում էր ասել, թե հարսանեկան ճոխ մեքենային կարող է փոխարինել փոխադրամիջոցի այս պարզ, էկոլոգիապես անվնաս տեսակը: Նրանց կառքը շարժվում էր Սեւանըՙ լիճ, ոչ թե ճահիճ կարգախոսով: Իսկ հեծանվորդներն իրենց կողովներից անցորդներին էին բաժանում եղեւնու բացված կոներ եւ մի գրությունՙ կենդանիների կողմից, թեՙ ստիպված ենք ձեզ հիշեցնել, որ «Եթե դուք շրջակա միջավայրի, օդի, ջրի, հողի մաքրությամբ չզբաղվեք, ապա շուտով ոչ միայն մեզ կբնաջնջեք, այլեւ ինքներդ ապրելու տեղ ու պայման չեք ունենա»:
Հեծանվորդները նույնպես կերպավորվել էինՙ թղթե գլխանոցի մակագրություններով, օրինակՙ «դեպրեսված ձի», «ռագատկայով խփված ծիտ», «արգելոցում խփած վարազ» եւ այլն:
Դիմակահանդեսային քայլերթը սկիզբ առավ Մատենադարանից, անցավ Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա-Տերյան-Թումանյան փողոցներով դեպի Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոց եւ հանգրվանեց «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում, որտեղ եւս անակնկալներ էին սպասվում:
Բայց մինչ այդՙ մի միջադեպի մասին: Քայլերթի ընթացքը հսկող ոստիկանները երթեւեկությունը մի քանի րոպեով անգամ չփորձեցին դադարեցնել, ընդհակառակըՙ Սայաթ-Նովա փողոցում ոստիկանը շատ խիստ էր հրահանգում, որ աջ քաշվենՙ երթեւեկությունը չխանգարելու համար: Մասնակիցները հիմնականում երեխաներ էին, նրանց մեջ` շատ փոքրիկներ նույնպես, եւ ոստիկանների հրահանգներից ստիպված քայլերը արագացնում, գրեթե վազում էին: Իսկ մի երիտասարդ ոստիկան հարցրեց. «Էս ի՞նչ է նշանակում»: «Բնության պահպանության կոչ է ասացի: Զարմանալի է, ինչո՞ւ չեն ապահովում հանգիստ քայլերթը, մի՞թե չեն հասկանում, որ կարեւոր է»: Ձեռքը թափ տվեց, թե` չեն էլ հասկանա ու գնաց: Կհասկանան, բայց գուցե շատ ուշացած, երբ մեքենայամոլուցքից, ընչաքաղցությունից կուրացած մարդկանցից գետնին տապալված մայրացող, կանաչ պտուղներով մրգատու այն բալենին, կամ ցամաքող ջրերում թպրտացող ձուկը վրեժ կլուծեն... Ու երեխաները հենց այսպիսի պաստառներով էին անցնումՙ «Տնտեսության զարգացումը դեռեւս մարդկության առաջընթացը չէ», «Այսօրվա պղտորված բնությունը վրեժ է լուծելու մեզանից» եւ այլն:
Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակը բնապահպանական կենտրոնի էր վերածվել եւ ոչ միայն կարգախոսների, ազդագիր-պլակատների տեսքով: Դիտող աչքը շատ արագ նկատում էր դեպի կինոթատրոնի մուտք տանող կարմիր ուղեգորգը, որը սովորականից շատ էր տարբերվումՙ արեւորդիներն այն պատրաստել էին պոլիէթիլենային տարբեր կտորտանքներից: Այս հրապարակում տեղադրված մետաղե երկուՙ ցուլի ու հսկա սարդի քանդակին միացել էին եւս երեքը, բայց սրանք նույնպես շատ տարբեր էին: Հայաստանի էնդեմիկ ոչնչացող կենդանատեսակները ներկայացնող երեք մեծ ֆիգուրները պատրաստված են պոլիէթիլենային թափոններից, աղբից (գարեջրի թիթեղատուփեր, հանքային, զովացուցիչ ջրերի շշեր, տոպրակներ, այս վերջիններս կենդանիների մորթի գունային առանձնահատկություններն են ապահովել): Հրապարակում տեղադրված բեմահարթակից հնչեցին ողջույնի խոսքեր, հայորդաց տների սաների, գերմանացի հյուրերի երաժշտական կատարումներ. աշխույժ հանդիսավարը չմոռացավ «քանդակները ներկայացնելիս» հիշեցնել, որ քաղաքում աղբ չթափենք, որ պոլիէթիլենային թափոնները հավաքենք ու հանձնենք «Արեւորդի» էկոակումբների հնարամիտ սաներին, որոնք դրանցից նույնիսկ արվեստի գործ են ստանում: Նա հորդորեց նաեւ գիշերները անջատել բջջային հեռախոսները, որպես էլեկտրաէներգիայի խնայողության (քիչ հավանական իրագործելի) մի ձեւ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ