«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


ԲՆՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳ, ԹԵ՞ ԵՂԵՐԵՐԳ...

«ՏՈՒՆԸ», ռեժիսոր Յան Արթյուս Բերտրան, պրոդյուսերՙ Լյուկ Բեսոն

Արվեստի զարգացումը հին հունական մշակույթից մինչեւ Վերածնունդ, թերեւս մինչեւ XIX դար, չնայած տարբեր դրսեւորում-ուղղությունների, հիմնականում բնության ընդօրինակման (մեմեսիս) սկզբունքով է ընթացել. անքակտելի է բնության եւ արվեստի կապը: Ուստի անխուսափելի էր բնապահպանական փառատոնում մշակութային տարաբնույթ ծրագրերի ընդգրկումը, որը հագեցած էր հատկապես ֆիլմային ցուցադրությամբ: Այս օրերին ցուցադրվեցին 80-ից ավելիՙ արտերկրի եւ տեղական ատադրության ֆիլմերՙ բնապահպանական տեսակետից ամենաթեժ թեմաներ արծարծող (մրցութային ֆիլմերը 16-ն էին, տեղեկատվականըՙ 35), դրանց մեջ նաեւ միջազգային փառատոներում ճանաչված, նշանավոր ռեժիսորների աշխատանքներ. «Տունը», ռեժիսորՙ Յան Արթյուս Բերտրան, պրոդյուսերՙ Լյուկ Բեսոն, «Հիմարության դարը» (մոլորակի վախճանը 2055-ին), ռեժիսորՙ Ֆրենի Արմսթրոնգ, «Ալպերի իշխանը» (Ալպյան մարգագետիններում ապրող կարմիր եղջերուների տագնապը), ռեժիսորՙ Քլաուս Ֆայխթենբերգեր, «Սերմեր որոնողը» (կլիմայի փոփոխության հետեւանքՙ հողի անբերրիությունը, վայրի սիսեռըՙ փրկության միակ բուսատեսակ), ռեժիսորՙ Սալի Ինգլթոն, «Նյարմա», ռեժիսորՙ Էդգար Բարտենեւ, «Աստրագալուսի մայրամուտը» (Ուրցաձորի «Արեւորդի» էկոակումբ), «Դեպի հյուսիս. գլոբալ տաքացումից խուսափելու ուղին», ռեժիսորՙ Էուջենիո Մանգի, «Ջրի հոգին», ռեժիսորՙ Կուրտ Սքուգ, «Թեղուտ. Զավակների հացը», ռեժիսորՙ Տիգրան Պասկեւիչյան, «Սահման», ռեժիսորՙ Հարություն Խաչատրյան, «Մահվան պատը», ռեժիսորՙ Յոսի Վայսլեր եւ այլն:

Տեղի սղության պատճառով եւ հատկապես «Տունը» ֆիլմի խոը տպավորությամբ մեր անդրադարձը առայժմՙ Յան Ա. Բերտրանի ֆիլմին: Հետագայում կփորձենք անդրադառնալ ուշագրավ այլ ֆիլմերի եւս:


«Բնությունը կատակներ չի ճանաչում:

Նա միշտ արդարացի է,

Միշտ խիստ է,

Նա միշտ ճշմարտացի է,

Սխալները եւ մոլորությունները մարդկանցից են բխում»:

Գյոթե

Ինչո՞ւ է ֆրանսիացի ռեժիսոր, փայլուն օպերատոր եւ լուսանկարիչ Յան Արթյուս Բերտրանը այս պարզ խորագիրն ընտրել: Դրա խորիմաստությունը կզգաս ֆիլմի ավարտից հետո. մի ավարտ, որ սկիզբ է, սկիզբՙ նոր մտածելակերպի, աշխարհազգացողության ու մտահոգություններիՙ XXI դարի homo-sapiens-ի համար: Մի՞թե մարդկային բանականության հնարավորությունը պատճառ դարձավ բնությանը պատուհասած դժբախտությունների, որ միլիարդավոր տարիներ ներդաշնակ օրինաչափությամբ զարգացնում էր իր հազարավոր կենսաձեւերը, որոնք մի անքակտելի ու կատարյալ ամբողջություն են կազմում: Մինչ այն պահը, երբ երկրագնդի վրա հայտնվեց մարդը, բանական էակը, եւ որին մտքի հետ տրված էր նաեւ հոգի (զգացմունքային մարմին), որն այդ բանականության սնուցող-վերահսկիչն է: Եվ երբ դա քնում կամ մեռնում է, վրա են հասնում աղետները...

Բերտրանի ֆիլմի գլխավոր հերոսները Երկիր-մոլորակն ու մարդն են: Մի հանճարեղ մտահղացմամբ այդ ահռելի տարածքը վերեւիցՙ երկնքից, օպերատորական սարքի միջոցով վերածել է փոքրի՜կ-փոքրի՜կ մի տան: Ֆիլմի հաջողությունն ու ցնցող ազդեցությունը պայմանավորված է օպերատորական վիրտուոզ մատուցմամբ. նա երկրի վրա վերեւից նետած իր հայացքը կարողացել է դարձնել յուրաքանչյուրինս (գոնե ես մեր մոլորակը ճանաչելու իրական զգացողություն ունեցաՙ Արկտիկայից, Գրելանդիայից մինչեւ Աֆրիկա, Նյու Յորք, Լոս Անջելես, Դուբայից Բանգլադեշ ու Հնդկաստան):

Բերտրանը օդային նկարահանումները կատարել է 54 երկրներիցՙ Երկիր-մոլորակի աննկարագրելի գեղեցկությունների ու բազմաձեւության հանդեպ պաշտամունքի հասնող սիրով: Դժվարանում եմ չգրել, որ գեղասեր ու գեղագետ ֆրանսիացին թերեւս միայն կարող էր այսպես զգայնորեն ապրել անձեռակերտ գեղեցկությունների այս առասպելը... Նրա օպերատորական հայացքը օրհնաբանում է բնության գեղեցկությունը: Յան Բերտրանը նաեւ լուսանկարիչ է, նրա «Երկիրը երկնքից» մտահղացման լուսանկարչական արտահայտությունների առաջին ցուցադրությունը եղել է Փարիզում 2000-ին, ապա այն շրջել է աշխարհի տարբեր պատկերասրահներում: Բարեբախտաբար, մենք եւս այդ ցուցահանդեսը դիտելու բախտ ունեցանք մի քանի տաի առաջ, Երեւանի ազգային պատկերասրահում, որի մասին նաեւ հոդված տպագրվեց «Ազգ» օրաթերթում:

90 րոպե տեւողությամբ «Տունը» ֆիլմը խտացնում է Երկիր-մոլորակի պատմական տեւական ընթացքը, մարդկային կյանքի «մեծ ճամփորդությունը»ՙ կյանքի ձեւավորման սկզբից, ամենապարզՙ միաբջիջ կենդանական էակից մինչեւ բիոքիմիական, ֆիզիկական ամենաբարդ պրոցեսները, զարգացումները, մինչեւ աշխարհի տարբերՙ միներալային, բուսական ու կենդանական շերտերի առաջացումըՙ 4 մլրդ տարվա տեւողությամբ: 200.000 տարի առաջ մոլորակի վրա հայտնվում է մարդը, եւ ձգվում է մարդկային կյանքի պատմությունը. բանականությունը նրան մղում է իր բնակված տարածքը, մոլորակը գրավել, բայց «ինչպե՞ս դա անել դատարկ ստամոքսով: Մենք կենսաբանական մյուս ձեւերից լավը չենք, կերակուր հայթայթելն է մեր ամենօրյա հոգսը»: Ու սկսվում է մարդկային մտքի հանճարի էպոպեանՙ բնությունը ճանաչելու եւ գաղտնիքներն իմանալու եւ դա իրեն ծառայեցնելու օգտապաշտական ընթացքը, որիՙ հետեւողական ու համառ, «զոհաբերության ծեսի» նման աշխատասիրությունը պսակվեց հաջողությամբ: Առաջին հեղաշրջումըՙ հողագործության, գյուղատնտեսության ճանապարհն էր, հետո մեծագույնըՙ աշխարհի այսօրվա տիրակալիՙ «սեւ ոսկու» հրաշքը, («բույսի արյունը»), որը հրաշքի վերածեց մարդկանց կեցությունն ու բնակավայրերը:

Քաղաքակրթության զարգացումները աննախադեպ թափ առան, տեխնոլոգիաները միայն վերջին հազարամյակում աննկարագրելիորեն փոխեցին երկրի պատկերը, մարդն անսահման ուրբանիզացվեց, գրեթե 2 մլրդ մարդ 60 տարում բնակության տեղափոխվեց քաղաք: Ահա նրանքՙ ժամանակի ամենավառ նվաճումներըՙ անբնական գեղեցկությամբ ապշեցնող Նյու Յորքը, Շան Հայը, երկինքը քերծող, բնությունից ասես դուրս «օտարականը»ՙ Դուբայը, ամերիկյան երազանքի քաղաք լուսախեղդ Լոս Անջելեսը, այսօրվա «առաջընթացի ու կոմֆորտի» խորհրդանիշ ավտոմեքենան... Վերեւից դրանց շարասյուներըՙ ավտոմայրուղիներով, մի հսկա լաբիրինթոս են հիշեցնում (մեքենաները շուտով քանակով մարդկանց կգերազանցեն):

Առեւտրա-արդյունաբերական ահռելի ծավալները, ջերմոցային հսկա «պլանտացիաները»ՙ պլաստիկե ծածկերով, մետալուրգիական, հանքարդյունաբերական հսկայական ցանցը եւ դրանց հետեւանքով մթնոլորտ «հոսող» թունավոր գազերի ահռելի քանակություն... Օդը պակասում է, բնությունը շնչահեղձ է լինում, անտառները կտրատվում են, ծովը, գետըՙ ցամաքում: Իսրայելի «հերկելի հողերը անապատ են դարձել», Հորդանանը «խղճուկ առվակի է վերածվել», զուր չէ, որ ասում են. «Հորդանանը ավելի շատ պատմություն ունի, քան ջուր»: Ջրի պակասից կյանքը տառապանքի է վերածվում Հնդկաստանում, Բանգլադեշում. այստեղ մարդիկ ջրհորներից են օգտվում, իսկ դրանք օր օրի ցամաքում են: Մինչդեռ աշխարհի մյուս ծայրումՙ Լաս Վեգասումՙ յուրաքանչյուր բնակիչ օրական 800-1000 լիտր ջուր է օգտագործում:

Երկրագնդի 6 տոկոսը կազմող ճահճուտները պակասում են, որոնց ընդերքում կատարվող պրոցեսները կենսապահովման շղթայի կարեւոր մասն են: Շահաբերության պատճառով ծառատեսակների բազմազանությունը փոխարինվում է արժեքավոր յուղարտադրության ծառի մի տեսակով: «Խախտվում է մոլորակի կողմից մարդուն վստահված կյանքի օրինաչափ ցիկլը»...

Աշխարհի հարստության 80 տոկոսը կենտրոնացված է 20 տոկոսի ձեռքերում, խախտվում է սոցիալական հավասարակշռությունը, փլվում են բարոյական արժեքները: Եվ սկսվում են հակադարձ պրոցեսներըՙ քամիներն ու ջրերը ուրիշ ընթացք են ստանում, փոթորիկներն ու ցունամիները ահագնանում են, հրդեհներըՙ շատանում: «Մի՞թե մեր մոլորակը սկսել է ինքն իրեն այրել...»: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, Գրելանդիայի հսկա սառույցների բեկորները մեծ-մեծ ճաքեր են տալիս, դրանց միջով ջրեր են հոսում: «Այստեղ ո՛չ գյուղատնտեսություն, ո՛չ արդյունաբերություն է եղել. Գրելանդիան կրում է մոլորակի մյուս ծայրերում կատարվածի հետեւանքները...

Ինչո՞ւ: Որովհետեւ բնության մեջ ամեն ինչ, ամեն երեւույթ, բոլոր տարրերը փոխկապակցված են որպես մի ամբողջական օրգանիզմ: Հյուսիսի ջրերը հոսում են, օվկիանոսի, ծովի մակարդակը բարձրանում է, ի՞նչ է սպասվում ծովափնյա բնակավայրերինՙ բնակչության էմիգրացիա՞...

Սակայն քաղաքակրթությունը կանգ չի առնում, խելագար առաջընթացը շարունակվում է. «Որքա՞ն է դեռ խաբելու մեզ քաղաքակրթության ծաղկման այս միրաժը...», հարց են տալիս ֆիլմի հեղինակները:

Գիտական հետազոտությունների արդյունքները ահազանգ են հնչեցնում. փաստերը համոզիչ ենՙ ընդամենը 10 տարի է մնացել գլոբալ էկոլոգիայի աղետից խուսափելու համար:

Օպերատորը սակայն մեզ ականատեսն է դարձնում նաեւ մարդկության սթափ հատվածի քայլերին, էկոլոգիապես կառուցված քաղաքներՙ Գերմանիայում, քամու էներգիայի օգտագործման հողմաղացների «պլանտացիա»ՙ Դանիայում: Ճանապարհը մեկն էՙ խնայողություն, բնության հանդեպ հոգատարություն, բնական ռեսուրսների օգտագործման այլընտրանքներ:

Որքան էլ գիտափաստագրական բնույթինՙ ֆիլմը գեղագիտական մեծ արժեք ունի, արվեստի մեծ գործ է, օպերատորական արվեստի փայլուն նմուշՙ արվեստագետ հայացքի անվրեպ դիտողականությամբ, հիացնող աշխարհի գեղեցկությունների ընտրության բազմազանությամբ (անապատային խիստ ու դաժան դեղնադարչնագույնից մինչեւ գրելանդական կուրացնող ճերմակություն, հողաշերտերի խենթացնող գույների ելեւէջներից մինչեւ օվկիանոսի ու երկնքի լազուրը, մուգ կանաչն ու լոսանջելեսյան լուսնահեղեղը): Ֆիլմի տեքստը նույնպես բազմաշերտ էրՙ տեղեկատվական-գիտական, աֆորիստիկ-ձեւակերպումներով, հեղինակային հռետորական հարցադրում-վերաբերմունքով: Տեքստի ընթերցման անգլերեն տարբերակը տպավորիչ էՙ ազդեցիկ ինտոնացիայի արտիստիզմով: Եվ վերջապես ֆիլմի երաժշտությունը, որ պատկերի ու տեքստի համահունչ մեկնաբանություն է ապահովում (ոչ թե միայն լրացնում), հարուստ բազմազանությամբՙ ծիսական-հինավուրց մեղեդուց մինչեւ դուդուկիՙ ափսոսանքի տխրություն ու թախիծ, դասական երաժշտության հրաշալի կտորներՙ մարդկային հոգու «տարընթերցումների» դրամատիզմով լիՙ խոսուն, ինչպես կադրերը, պատկերները, տեքստը:

«Երկիրը հրաշք է, կյանքըՙ առեղծված», ասում է հեղինակը, ու ես դժվարանում եմ ասելՙ այս ֆիլմը ներբող-օրհնե՞րգ է բնությանը, թե՞ եղերերգ-ռեքվիեմ...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4