Հոկտեմբերի 31-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչության անդամների հանդիպումը կուսակցության մի խումբ համակիրների եւ անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, վարչության անդամներ Գայանե Մուրադյանը, Սուսաննա Ղազարյանը եւ Արմեն Մանվելյանը: Ատենապետը ներկայացրեց Ռամկավար ազատական կուսակցության ներսում տիրող իրավիճակը, սկսված վերամիավորման գործընթացը եւ այն զարթոնքը, որը սկսվել է կուսակցության մեջ թե՛ սփյուռքում, եւ թե՛ Հայաստանում, Արմենական-ՌԱԿ-ի գրանցումից հետոՙ կուսակցության վերամիավորման գործընթացով պայմանավորված: Հանդիպմանը ներկա էին կուսակցության բազմաթիվ նախկին անդամներ, որոնք վերահաստատեցին իրենց հավատարմությունը կուսակցությանը, իսկ նորագիր անդամները իրենց ուխտով համալրեցին կուսակցության շարքերը: Ստեփանավան քաղաքում բացված նորաստեղծ ակումբը կոչվեց «Վահան Թեքեյան», ատենապետ ընտրվեց Կարինե Մհերյանը: Նույն օրը Արմենական-ՌԱԿ վարչության անդամները եղան Լոռու մարզային կենտրոնոմ` Վանաձոր քաղաքում, որտեղ կայացավ հերթական հանդիպումը կուսակցության նորագիր անդամների եւ համակիրների հետ: Հանդիպման ընթացքում, պատասխանելով ներկաների հարցերին, վարչության անդամները ներկայացրին կուսակցության որդեգրած դիրքորոշումը թե՛ ներքաղաքական, եւ թե՛ արտաքին քաղաքական մարտահրավերների նկատմամբ: Հանդիպմանը ներկա նորագիր անդամները կատարեցին երդման ուխտը, որից հետո հայտարարվեց Արմենական-ՌԱԿ «Վանաձոր» ակումբի ստեղծման մասին, ատենապետ ընտրվեց Սեյրան Ղարիբյանը: