«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2009-10-30 | #198, 2009-10-31 | #199, 2009-11-03


ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՏՐՎԵՑ

Առաջնության պարգեւները գտան տերերին

Ինչպես ենթադրում էինք, առաջնության նախավերջին` 27-րդ տուրը տվեց ֆուտբոլասերներին հուզող հարցերի պատասխանները: Գլխավոր հարցի պատասխանը տրվեց Գյումրիում, որտեղ «Շիրակը» հյուրընկալել էր «Փյունիկին»: Ժամկետից շուտ չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար փյունիկցիներին հաղթանակ էր անհրաժեշտ: Եվ «Փյունիկը» հասավ իր նպատակին` հաղթելով 3-1 հաշվով: Հանդիպման հերոսը փյունիկցի Ալբերտ Թադեւոսյանն էր, որը հեթ տրիկի հեղինակ դարձավ: «Շիրակից» գոլը խփեց Ֆելիքս Խոջոյանը: Հետաքրքրական է, որ անցյալ տարի էլ Թադեւոսյանը դարձել էր «ոսկե» խաղում «Արարատի» դարպասը խփած 2 վճռորոշ գոլերի հեղինակ` ապահովելով «Փյունիկի» հաղթանակը: Այսպիսով, «Փյունիկը»

12-րդ անգամ նվաճեց ՀՀ չեմպիոնի տիտղոսը, ընդ որում 2001-ից թիմը 9 տարի անընդմեջ ուժեղագույնն է ճանաչվում: Հետաքրքրական է, որ 2001-ին «Փյունիկը» գլխավորում էր Սամվել Դարբինյանը, որը ներկայումս չեմպիոնի գլխավոր հակառակորդ «Միկայի» գլխավոր մարզիչն է:

Բրոնզե մեդալների բախտը վճռվեց «Բանանցի» եւ «Ուլիսի» մրցավեճում: Մեդալների համար պայքարելու հնարավորություն «Բանանցը» կստանար միայն հաղթելու դեպքում, իսկ ահա «Ուլիսին» մրցանակակիր կդարձներ նույնիսկ ոչ-ոքի արդյունքը:

Թեեւ ուլիսցիների կազմում բացակայում էր թիմի ռմբարկու Արթուր Քոչարյանը, սակայն դա չազդեց «Ուլիսի» գրոհների արդյունավետության վրա: Դեռեւս առաջին խաղակեսում ուլիսցիները երկու անգամ հաջող խաղարկեցին անկյունային հարվածներն ու գրավեցին մրցակցի դարպասը: 16-րդ րոպեին գնդակն անհաջող հետ մղեց «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը եւ Արտյոմ Ադամյանը նրա գլխավերեւով գնդակն ուղարկեց դարպասը: Իսկ 10 րոպե անց անկյունայինի հերթական խաղարկումը գլխի դիպուկ հարվածով եզրափակեց Արմեն Տիգրանյանը:

Ընդմիջումից հետո «Բանանցը» զգալիորեն ակտիվացավ եւ շուտով փոխարինման մտած Նորայր Գյոզալյանը կրճատեց հաշվի տարբերությունը: «Բանանցն» ամբողջ թիմով նետվեց գրոհների եւ փորձում էր փրկել խաղը: Սակայն «Ուլիսը» հմտորեն պաշտպանվում էր եւ սուր հակագրոհներ կազմակերպում: Դրանցից մեկի ժամանակ էլ օգտվելով այն բանից, որ «Բանանցի» դարպասապահը բավական հեռացել էր դարպասից, Ալեքսանդր Պետրոսյանը մոտ 25 մետրից գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը` փաստորեն վճռելով հանդիպման ելքը: Ավելացրած ժամանակում Սամվել Մելքոնյանը 11 մ հարվածով կրճատեց հաշիվը (3-2): Այսպիսով, «Ուլիսն» իր քառամյա պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ մրցանակակիր` արժանանալով բրոնզե մեդալների:

Արծաթե մեդալները բաժին հասան «Միկային», որը սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ հաղթեց «Կիլիկիային» (2-1): Արդեն 9-րդ րոպեին Բոտի Դեմելը բացեց հաշիվը` խփելով առաջնությունում 14-րդ գոլը եւ հավասարվելով լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանին: Թվում էր, թե «Միկան» խոշոր հաշվով կհաղթի, սակայն ընդմիջումից հետո Արթուր Մինասյանը վերականգնեց հավասարակշությունը: Մեծ ջանքերի գնով «Միկային» հաջողվեց հաղթել: Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ բրազիլացի Էդնեյը:

«Գանձասար»-«Արարատ» մրցախաղը մարզական առումով այլեւս ոչ մի նշանակություն չուներ: Առաջին խաղակեսում 2 գոլ խփեց 36-ամյա Արսեն Ավետիսյանը, սակայն ընդմիջումից հետո արարատցիներն ընդամենը 5 րոպեում 3 անգամ գրավեցին «Գանձասարի» դարպասն ու առաջնությունում 2-րդ հաղթանակը տոնեցին: 2 գոլ խփեց Արա Հովհաննիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոման Հարկուշան:

Նոյեմբերի 7-ին կայանալիք վերջին տուրում մնում է որոշել առաջնության լավագույն ռմբարկուին: «Ուլիսը» մրցելու է «Արարատի» հետ, իսկ «Միկան»` «Փյունիկի»: Այնպես որ լավագույն ռմբարկու ճանաչվելու Արթուր Քոչարյանի հնարավորությունները գերադասելի են թվում: Լավագույնը ճանաչվելու հնարավորություն ունի նաեւ «Բանանցի» հարձակվող Սամվել Մելքոնյանը: Ավարտական տուրում «Բանանցի» մրցակիցը «Կիլիկիան» է:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ27195360-1362
2. Միկա27184559-3058
3. Ուլիս27155744-2350
4. Բանանց271341039-2843
5. Գանձասար271121428-4635
6. Շիրակ27581423-5123
7. Կիլիկիա27541821-5019
8. Արարատ27281718-5114

Ռմբարկուները

Արթուր Քոչարյան«Ուլիս»14
Բոտի Դեմել«Միկա»14
Սամվել Մելքոնյան«Բանանց»12
Հենրիխ Մխիթարյան«Փյունիկ»11
Արսեն Ավետիսյան«Գանձասար»11
Արամ Ոսկանյան«Միկա»10
Արտյոմ Ադամյան«Ուլիս»10
Ալբերտ Թադեւոսյան«Փյունիկ»9

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4