«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2009-10-31 | #199, 2009-11-03 | #200, 2009-11-04


ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՓՈՒՄՆԵՐԻՆ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

«Իրան-Հայաստան բարեգործական ընկերության» ծրագրերի շրջանակներում մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում են իրանյան 9 ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Բարեգործական ընկերությունը հայկական կողմի հետ իրականացնում է բազմաթիվ համատեղ տնտեսական, մշակութային եւ այլ ծրագրեր: Իրանցի գործարարների պատվիրակությունը, որը գլխավորում է պարոն Ռահմանիֆարդը, առաջին անգամ այցելելով Հայաստան, մեծ գոհունակություն հայտնեց հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` հույս հայտնելով, որ «խոսքը կդառնա գործ»: Պատվիրակության ղեկավարն ու պատասխանատու պարոն Մոմինին մեծ սիրով պատասխանեցին «Ազգի» հարցերին:


- Ի՞նչ ծրագրերով եք Հայաստանում:

- Նախ նշենք, որ Հայաստանը Իրանի համար անչափ կարեւոր երկիր է,- ասաց պարոն Մոմինին,- եւ մեր երկրների միջեւ տնտեսական շփումները շատ կարեւորվում են Իրանում:

Ուսումնասիրելով Հայաստանի շուկայի պահանջները, կարիքները` մենք` իրանյան 9 ընկերություններ, որոշել ենք ձեզ մոտ իրականացնել չորս մեծ գործարար ծրագրեր: Առաջինը մալուխի արտադրության ծրագիրն է, երկրորդը վերաբերում է անասնապահությանը եւ հողագործությանը, երրորդը` կապի ոլորտին, մեր չորրորդ ծրագիրը վերաբերում է քաղաքի կանաչապատմանը: Այս ծրագրերի գործնական կիրառման ուղղությամբ անչափ կարեւորում ենք մեր պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերեցինք ՀՀ էներգետիկայի եւ այլ նախարարների հետ հանդիպումներում:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում այսօր Հայաստան-Իրան գործարար շփումները:

- Մեր գնահատականը դրական է: Նկատեք, որ մենք այժմ խոսում ենք ոչ թե զուտ տնտեսական շփումների մասին, այլ մատնանշում ենք կոնկրետ ուղղություններ, եւ դրանց իրականացման համար այժմ անհրաժեշտ է միայն Հայաստանի դրական պատասխանը:

- Կոնկրետ ի՞նչ ընկերություններ են ներկայացված Հայաստանում (հարցս ուղղում եմ պատվիրակության ղեկավար պարոն Ռահմանիֆարդին)

- Էլեկտրոնային ոլորտի իրանական 4 խոշոր ընկերություններ, որոնք, հույս ունենք, կնպաստեն Հայաստանի վերոհիշյալ ոլորտի զարգացմանը, «Համրավանե Ֆաջ» կապի ընկերությունը, «Քեյհան» ցանցը, «Փարջին Շաբրեսար» քաղաքների կանաչապատմամբ զբաղվող ընկերությունը եւ այլն: Ընդ որում շեշտեմ, որ այս ընկերություններից յուրաքանչյուրը շուրջ 20 տարվա պատմություն ունի եւ Իրանում արժանացել է բարձր գնահատականների:

- Իսկ ինչպե՞ս են իրանական գործարար շրջանակներում վերաբերվում Հայաստան-Թուրքիա հնարավոր մերձեցմանը: Չի՞ կարող արդյոք դա որոշակիորեն խոչընդոտել հայ-իրանական տնտեսական շփումներին:

- Ոչ,- պատասխանեց պարոն Մոմինին,- կարծում ենքՙ հայ գործարարներն էլ գիտակցում են, որ Թուրքիայի հետ մերձենալովՙ չեն կարող հետին պլանում թողնել մեր երկրների շփումները: Բացի այդ, կարծում եմ, Թուրքիան, իր ներքին իրավիճակով, երբեք չի կարող խոչընդոտել Իրան-Հայաստան բազմաշերտ շփումներին, քանի որ Հայաստանը Իրանի համար ոչ թե սովորական, այլ ռազմավարական գործընկեր է:

- Նախատեսվո՞ւմ է արդյոք հայկական նմանատիպ պատվիրակության այց Իրան:

- Այո, անպայման: Մենք ոլորտ առ ոլորտ պետք է ակտիվացնենք մեր շփումները: Այդ նպատակով հայկական պատվիրակությունը մոտ ապագայում կայցելի Իրան:

Հայաստան-Իրան բարեգործական ընկերության ներկայացուցիչ Ռուբեն Սարդարյանը վերջում տեղեկացրեց, որ իրանցի գործարարների պատվիրակությունը նոյեմբերի 4-ին մեկնում է Արցախ. «Այնտեղ համագործակցության հիմնական ուղղություններն են անասնապահությունն ու հողագործությունը», տեղեկացրեց պարոն Սարդարյանը:

Հ.Գ.- Վերջերս իրանյան «Համշահրի» թերթում տեղ գտած «Հայ-թուրքական բանակցություններում պարտվող կողմը Բաքուն է» հոդվածը, որի մասին «Ազգը» գրել էր նախորդ համարներից մեկում, կարծես թե «ցույց են տալիս» Իլհամ Ալիեւին, թե ով է Ղարաբաղի իրական տերը, համենայն դեպսՙ Իրանի կարծիքով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4