«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2009-10-31 | #199, 2009-11-03 | #200, 2009-11-04


«ՀԱՅԻ ԱՉՔՈՎ»

Արձանագրություններին Հայաստանի եւ սփյուռքի մոտեցումները թուրք հեղինակի մեկնաբանությամբ

Հեղինակի պարագայում խոսքը «Հյուրիեթում» առաջնորդողի հեղինակ, Թուրքիայի մամուլի խորհուրդի նախկին նախագահ Օքթայ Էքշիի մասին է: Նրա խնդրո առարկա մեկնաբանությունը հրապարակվել է «Հյուրիեթի» նոյեմբերի 3-ի համարում: Թեեւ հոդվածագիրը հայ-թուրքական արձանագրությունները մեկնաբանելիս փորձում է դրանց վրա հայացք գցել Հայաստանից եւ սփյուռքից, բայց դրանով էլ հստակեցնում է հայկական մոտեցումների թուրքական գնահատականները:

  Այս հանգամանքը միանգամայն հետաքրքրական է դարձնում Էքշիի հոդվածը, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով . «Երեկ մեր թերթի էջերում տեղ էր գտել երկու նյութ, որը, կարծես, եթե արտահայտությունը տեղին է, Հայաստանից եւ Թուրքիայից արձանագրությունների նետված հայացք լիներ: Այս նյութերից մեկը արձանագրությունների ստորագրման հետ հայերի պահանջների երեւան գալն էր ազդարարում, իսկ մյուսը, ի տարբերություն նախորդի, պատմում էր Կեսարիայում վերանորոգված հայկական եկեղեցու մոտալուտ բացման մասին:

Քանի որ Կեսարիայի եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել են երեք տարի առաջ, ուստի նրա բացումը, անկախ արձանագրությունների ստորագրումից, արդեն կատարվելու էր: Սակայն «հայերի պահանջների երեւան գալուն» վերաբերող նյութի վրա պետք է մի քիչ կանգ առնել:

Իրականում հայերի պահանջները որեւէ նորություն չեն պարունակում: Մենք, անձամբ նաեւ ես, դեռ 1968-ին Լոս Անջելեսում, հանդիպելով դաշնակցականների հետ, բանավեճի էինք բռնվել: Հիշում եմ, նրանց «օսմանյան վեց վիլայեթները հետ ենք վերցնելու» խոսքի վրա մենք պատասխանել էինք. «Դա ձեր վրա թանկ կնստի: Դրա համար դուք ունե՞ք մեռնելու պատրաստ 500 հազար մարդ»:

Վերջին անգամ Դավիթ Դավիդյան անունով մի հայ մտավորական 2009-ի հունիսի 29-ին հրապարակված հոդվածում ընդգծել էր. «Ներկայումս Հայաստանի տարածքը 30 հազար քառակուսի կիլոմետր է: Մինչդեռ Սեւրի պայմանագրի դրույթներին համապատասխան, հայերը 110 հազար քառ. կմ հող պետք է վերցնեն Թուրքիայից»: «Հյուրիեթի» երեկվա համարը ցույց է տալիս, որ ամբողջ թափով շարունակվում են հայերի ոչ միայն հողային, այլեւ փոխհատուցման պահանջները: Ավելին, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ (Շահնուր) Ազնավուրը, ինչպես երեկ «Հյուրիեթն» է վկայել, ակնարկելով մեզ անհայտ 1924 թվակիր պայմանագրի մասին, հայտարարել էր. «Ես չեմ կարող եւս 85 տարի սպասել այդ պայմանագրով մեզ խոստացված հողերը հետ վերցնելու համար»:

Իրականում այս ամենը զավեշտախաղ է: Կարեւորը հայերի մոտեցումն է զույգ արձանագրություններին: Գիտենք, թե ովքեր են հակադրվում արձանագրություններին: Օրինակ, նրանցից դոկտ. Տիգրան Քելեկյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեսին էր ասել եւ մեղադրել նրան Հայաստանի եւ սփյուռքի հայերի պատմական իրավունքներից հրաժարվելու մեջ:

Սակայն հետաքրքրականը մյուսների, այսինքնՙ արձանագրությունները պաշտպանողների տեսակետն է: Օրինակ, Կանադայում գործող «Հայկական կոնգրես» կազմակերպության անդամներն ընդգծում էին. «Արձանագրությունները ո՛չ Ղարաբաղի մասին են ակնարկում, ո՛չ էլ պարունակում են Ցեղասպանության պնդումներից հրաժարվելը անհրաժեշտ դարձնող որեւէ հանգամանք: Ինչ վերաբերում է նախատեսվող հանձնաժողովին, ապա դա էլ պիտի քննարկի ոչ թե Ցեղասպանության, այլ երկու կառավարությունների հարաբերությունների թեման: Հանձնաժողովում մշակվելու են առօրյա թեմային առնչվող մոտեցումները»:

Միաժամանակ ընդգծվում էր, որ «արձանագրություններում խոսք անգամ չի կարող լինել փոխհատուցման ու հողային պահանջներից հայերի հրաժարվելու» մասին: Սա կնշանակիՙ հայերի դիտակետից չկա (թուրքական կողմին) արված որեւէ զիջում:

Կանադայի «Հայկական կոնգրեսի» հաղորդագրության մեջ, որպես այս տեսակետի հիմնավորում, ներկայացվում է արձանագրությունների պաշտոնական տեքստը: Բարեբախտաբար հայերը գոնե չեն ասել, որ արձանագրությունը չի ենթադրում նաեւ 1921-ի Կարսի պայմանագրի ճանաչումը: Եթե դա էլ ասած լինեին, ապա մեզ կմնար հիշեցնել արձանագրությունների մասին հարգարժան Շուքրյուր Էլեքդաղի քննադատությունները, թե հայերը հենց այդպես են ընկալելու արձանագրությունները, եւ կծագեր ոմանց «ահա թե որն է ճշմարտությունը» ասելու անհրաժեշտությունը»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4