ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը վերստին ստանձնել է իր իսկ հիմնադրած «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարումը: Նա այդ պաշտոնից հրաժարվել էր երկու տարի առաջ, երբ նշանակվել էր հանրապետության վարչապետ, սակայն օրերս կայացած ԱՀԿ 3-րդ համագումարը նախընտրել է կուսակցության ղեկը կրկին նրան հանձնել` թերեւս նկատի առնելով Արա Հարությունյանի հեղինակությունն ու կազմակերպչական ջիղը: «Կարծում եմՙ համախմբվելով կուսակցության նախագահի շուրջը, մենք ավարտին կհասցնենք հանրապետության բոլոր բնակավայրերում սկզբնական կազմակերպությունների ստեղծման եւ կուսակցությունը երիտասարդ անդամներով համալրելու աշխատանքները: Հավաստիացնում եմ, որ չկա կուսակցության նախագահի փոփոխության հարց, այլ կա նախկին նախագահի վերադարձի հարց», համագումարում ասել է մինչ այդ ԱՀԿ-ն նախագահող` ԼՂՀ Ազգային Ժողովի պատգանավոր Արթուր Թովմասյանը :
Արա Հարությունյանը համագումարի պատվիրակներին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք բխելով հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրի դրույթներից` կազմում են կուսակցության անելիքների առաջնահերթությունները: Դրանք վերաբերում են սոցիալական, ժողովրդագրական, տնտեսական, կրթամշակութային եւ այլ բնագավառներին:
«Ազատ հայրենիք» կուսակցության աշխուժացման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ 2010 թվականին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններով, որի կապակցությամբ Արա Հարությունյանն ընդգծել է ընտրարշավին լավագույնս նախապատրաստվելու խնդիրը: Նա հարկ է համարել ստեղծել շրջանային եւ քաղաքային կուսակցական նոր կառույցներ, իսկ գործող կառույցների աշխատանքը` ուժեղացնել:
Համագումարի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Արա Հարությունյանը մասնավորապես անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, նշելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը խթան կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն կունենա ԼՂՀ տնտեսության վրա: Այս համատեքստում վարչապետը շեշտել է, որ ղարաբաղյան իշխանությունները լիովին վստահում են ՀՀ նախագահին ու նրա վարած քաղաքականությանը:
Պատասխանելով մադրիդյան սկզբունքների մասին հնչեցված հարցին, Արա Հարությունյանն ասել է, որ քանի դեռ Ղարաբաղը պաշտոնապես չի ստացել դրանք, ապա մեզ համար փաստաթուղթ լինել չեն կարող, իսկ վերջնական խոսքը, ըստ վարչապետի, պատկանում է ԼՂՀ ժողովրդին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ