Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը երեկ «Հայացք» մամուլի ակումբում իրենց տեսչության` սննամթերքի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող ընկերություններ կատարած ստուգայցերը բաժանեց երկու մասերի. մինչ կառավարության 2009-ի համապատասխան որոշումը, որ ստուգայց պետք է կատարվի միայն կառավարության թույլտվությամբ, եւ վերոհիշյալ որոշումից հետո: «Մինչ այդ որոշումը մեր ստուգայցերում բազմիցս բացահայտել ենք խախտումներ սննդի ոլորտում եւ տուգանել տվյալ կազմակերպություններին, իսկ համապատասխան որոշումից հետո մենք վեց անգամ դիմել ենք կառավարություն` ստուգումների թույտվություն ստանալու, եւ ոչ մի անգամ չենք մերժվել», ասաց բանախոսը: Նա նաեւ տեղեկացրեց, որ շտկումներ են արվել իրենց տեղեկությունների բազայում. «Եվ հիմա ունենք նոր բազա, ըստ որի էլ կատարում ենք մեր ստուգայցերն այսօր», ասաց պարոն Բաղիյանը:
Սննդով զբաղվող փոքր եւ միջին ձեռնարկություններում գյուղնախարարության սննդի անվտանգության վարչությունը հայտնաբերել է ավելի շատ խախտումներ. «Օրինակՙ «Ոսկե հասկ» հրուշակեղեն արտադրող ընկերությունում հայտնաբերել ենք 8-10 թերացումներ, այսօր այդ թերացումները որոշակիորեն շտկված են: Մեր ստուգումները միայն տուգանքով չեն ավարտվում, որն, ի դեպ, 50-300 հազար դրամի չափով է: Եթե տուգանելուց հետո տեսնում ենք, որ տվյալ ընկերությունը չի վերացնում թերությունը, հասնում ենք մինչեւ տվյալ կազմակերպության փակում»:
Բաղիյանը օրինակ բերեց սննդամթերքի վաճառքով զբաղվող մանր օբյեկտները: Ըստ բանախոսիՙ իրենք անհանդուրժողական են տրամադրված հիմնականում տոնավաճառներում, շուկաներում տեղակայված այդ օբյեկտների նկատմամբ, որտեղ խախտված են սանիտարահիգիենիկ տարրական կանոնները. «Նման օբյեկտներում մեր հայտնաբերած թերություններից նշեմ, օրինակ, անհայտ ծագում ունեցող միսը: Տեղեկացնեմ նաեւ, որ մենք կարողացել ենք հասնել նման 7 օբյեկտների փակմանը, մնացածն էլ մեր մշտական ուշադրության տակ են», շեշտեց բանախոսը:
Անդրադառնալով հացի եւ մեծ աղմուկ հանած հոտած հնդկական մսի հարցերին` Բաղիյանը մսի վերաբերյալ ասաց, որ վերջերս ՀՀ կառավարության պատվիրակության այցը Հնդկաստան շտկել է իրավիճակը, եւ այժմ, ըստ նրա, Հայաստան է ներմուծվում հնդկական միս` համապատասխան բացառապես բոլոր չափանիշներին: «Հացի վերաբերյալ ասեմ, որ ժամանակ առ ժամանակ մենք անցկացնում ենք ստուգումներ այս ոլորտում, անշուշտ թերացումներ կան: Բայց մենք չունեինք հացի իրացման մշակված տեխնիկական կանոններ, այժմ մենք պատրաստել ենք այդ կանոնները եւ ներկայացրել կառավարության հաստատմանը, դրանք շատ ավելի դյուրին կդարձնեն հացի տեղահանումը», նկատեց պարոն Բաղեյանը:
Տեսչության ուշադրության տակ են նաեւ սննդին կից տարաները, ափսեները կամ տոպրակները. «Սննդին վերաբերող յուրաքանչյուր նյութ մենք ուսումնասիրում ենք, եւ եթե այնտեղ որեւէ վնասակար նյութ ենք հայտնաբերում, ապա անմիջապես վերացնում ենք, օրինակՙ Էջմիածին քաղաքում «միանգամյա օգտագործման ափսեի վրա հայտնաբերել էինք վնասակար նյութեր, որից հետո տվյալ ափսեն միանգամից ոչնչացվել է»:
Սննդամթերքից առաջացած թունավորումների վտանգ Հայաստանում բանախոսը չի տեսնում: Իսկ Սիսիանի, Վանաձորի դեպքերը համարում է ոչ անմիջական սննդային թունավորումներ. «Հայաստանում սննդամթերքի անվտանգության էպիզոդիկ իրավիճակը բարվոք է: Մեր երկրում չկա ինֆեկցիոն հիվանդություններից առաջացած համաճարակ», շեշտեց Բաղիյանը:
Անասնապահության վերաբերյալ էլ բանախոսը տեղեկացրեց, որ գյուղնախարարությունը ստացել է համապատասխան պատվաստանյութեր. «Իսկ հիմա ընթանում են աշնանային, ձմռանը նախապատրաստող աշխատանքներ», եզրափակեց պարոն Բաղիյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ