«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2009-10-31 | #199, 2009-11-03 | #200, 2009-11-04


ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ, ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐ, ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄ

Այս հարցերին երեկ անդրադարձավ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը

Ազգային Ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված հարկային փոփոխությունների փաթեթը երեկ լրագրողներին Մամուլի ազգային ակումբում ներկայացրեց պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը : Նա նախ նշեց, որ ճգնաժամի պայմաններում կառավարությունը հարկային բեռի հետ կապված փոփոխություններ չկատարեց, այլ գնաց միայն վարչարարությանը միտված փոփոխությունների: Այդ փոփոխությունները, ըստ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի, ներառում էին 4 խոշոր հարցերի լուծումները, որոնցից առավել հայտնի է խոշոր ընկերություններում հարկային ներկայացուցիչներ նշանակելու փոփոխությունը:

Անդրադառնալով հարկային ներկայացուցիչների նշանակմանը, Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ այս փոփոխությունն առչվելու է միայն մի քանի տասնյակ խոշոր ընկերությունների: Նա նաեւ ավելացրեց, որ հարկային ներկայացուցիչները հետեւելու են միայն, թե որտե՞ղ են առաքվում ապրանքները, փաստաթուղթ տրամադրվո՞ւմ է ապրանքը մատակարարելիս, թե՞ ոչ:

Փոփոխությունների երկրորդ խումբն առչնվում է ավելացված արժեքի հարկին, հարկային հաշիվները էլեկտրոնային կրիչով պահելուն, որը կսկսվի իրագործվել 2010-ից: Երրորդ խումբ փոփոխություններն առնչվում են շահութահարկին եւ փաստաթղթաշրջանառությանը: Համաձայն այդ փոփոխության, եթե տնտեսվարող սուբյեկտը չի կարողանում հիմնավորել իր գնումը, ապա կվճարի դրա 11 տոկոսի եկամուտի չափով, որը կհամարվի ծախս եւ կնվազի վճարվող շահութահարկը: Չորրորդըՙ ակցիզային պահեստներին է վերաբերում, որտեղից առաքումները պետք է կատարվեն հարկային ծառայության հսկողության տակ:

Արմեն Ալավերդյանը ներկայացրեց նաեւ քննարկումների փուլում գտնվող այլ օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են հարկային հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով ներկայացնելուն, ըստ ռիսկերի ստուգումների ընտրանքային համակարգի ներդրմանը:

Խոսելով նոյեմբերի 1-ի դրությամբ հավաքված հարկային եւ մաքսային եկամուտների մասին, պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը տեղեկացրեց, որ բյուջետային եկամուտները կազմել են 427 մլրդ դրամ: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածից նվազ է 16 տոկոսով:

Հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքների մասին հարցին պատասխանելով` Արմեն Ալավերդյանն ասաց, որ այն մտահոգությունը, թե հայկական շուկան կհեղեղվի թուրքական ապրանքներով, չափազանցված է: Նրա համոզմամբ, Հայաստանը միշտ էլ թուրքական ապրանքներ ներմուծել է, եւ դրանց սպառման ծավալներն էապես չեն փոխվի: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը նշեց, որ անելիքներ կարող են լինել մաքսակետերում, բայց արդեն կատարվում են նախապատրաստական աշխատանքներ:

ՀԴՄ կտրոնների դիմաց բոնուսների տրամադրման գործընթացը շարունակվելու է մինչեւ այս եռամսյակի ավարտը: Տեղեկացնելով այս մասին, Արմեն Ալավերդյանն իր զարմանքը հայտնեց այն խորամանկությունների վերաբերյալ, որ դիմում է մեր ժողովուրդը գումար ստանալու համար: Այդ խորամանկություններից խուսափելու համար պետեկամուտների կոմիտեն հունվարից կթողարկի տարբերակված կտրոններ, նշելով, թե որի համար բոնուս կտրամադրվի, որի համարՙ ոչ: Իսկ որպեսզի չառաջանան այն աննկարագրելի հերթերը, որոնք հիմա են լինում հարկային տեսչության տարածքային ստորաբաժանումներում, եկող տարվանից բոնուսների տրամադրումը կփոխանցվի բանկերին, ինչի անհրաժեշտության մասին, ի դեպ, մեր թերթում նշել էինք դեռ բոնուսների մեխանիզմի ներդրումից առաջ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4