Արդեն իրականություն է հայ գրողների` սեփական տպագրատուն ունենալու վաղեմի երազանքը: Հայաստանի գրողների միությունն իր տարերգության մեջ հիշատակելի մի քայլ եւս արձանագրեց. իրականացավ շուրջ 3 տարի ՀԲԸՄ-ի եւ ՀԳՄ-ի հետ համատեղ քննարկվող տպագրատան ծրագիրը: Երեկ կայացավ «ՀԲԸՄ Լեւոն Զ. Սյուրմելյան տպագրատան» բացումը` առայժմ տեղակայված ՀԳՄ շենքի ձախակողմյան ներքնահարկում: Հայաստանի կառավարության աջակցությամբ տարվող Գրողների միության շենքային վերանորոգման աշխատանքներում ներառված էր նաեւ ներքնահարկային 200 քառ.մ տարածքով այս հատվածը, որը ՀԲԸՄիության տրամադրած տպագրական 13 նորագույն սարքավորումների շնորհիվ վերածվելու է գրահրատարակչական արտադրամասի: Սա էական ազդեցություն պիտի որ ունենա ՀԳՄ հետագա գործունեության վրա` ինչպես տպագրական գործի, նաեւ գրողների ստեղծագործական ընթացքի խթանման առումով:
Մի քանի խոսքով դժվար է անդրադառնալ այն ահռելի ծրագրերին, որ իրականացնում է ՀԲԸՄիությունը Հայաստանում` հատկապես հետանկախության եւ այս վերջին շրջանում` նաեւ: Աջակցություններ ամենատարբեր` կրթական, առողջապահական, եկեղեցաշինական, գիտական, մշակութային հիմնարկություններին, ծրագրերին (Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Մայր աթոռ Սբ Էջմիածին, Վազգենյան հոգեւոր դպրանոց, Սբ Ներսես Մեծ հիվանդանոց, Հայորդաց տներ, Ուլտրաձայնային հետազոտությունների կենտրոն, Հայկական վիրտուալ համալսարան, ՀՀ ԳԱԱ-ի հիմնարար գիտական գրադարան, Հայաստանի ֆրանսիական համալսարան, ծրագրեր Ղարաբաղում եւ այլն, եւ այլն): Այս գործունեության մեջ, բնականաբար, իր տեղն ունի նաեւ գրահրատարակչական գործի կարեւորումը: ՀԲԸՄ-ի աջակցությամբ լույս են տեսել հայ դասական եւ ժամանակակից գրողների գրքեր` Լեւոն Զ. Սյուրմելյան` «98.60», «Արձակի տեխնիկա. չափ եւ խենթություն», Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի Գ հատորը: Հրատարակության են պատրաստվում Ավ. Իսահակյանի երկերի 2-րդ հատորը, Էդուարդ Մելքոնյանի ՀԲԸՄ-ի պատմությանը նվիրված անգլերեն եւ ռուսերեն աշխատությունները: Բարեգործականի աջակցությամբ Երեւանում կայացել է Հայ գրողների համահայկական 4-րդ համաժողովը, այս շրջանակներում կազմակերպվել է նաեւ հայ գրքի համահայկական 1-ին տոնավաճառը:
ՀԲԸՄ-ի եւ ՀԳՄ-ի համագործակցության հերթական եւ կարեւոր արդյունքը տպագրատան հիմնումն էր, որին անհրաժեշտ դրամական միջոցներ հատկացվել են ՀԲԸՄ Լեւոն Զ. Սյուրմելյան հիմնադրամից: Տպագրատան բացումը կատարեցին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը եւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Վերջինս նկատեց, որ հեռանկարային ծրագրում ՀԳՄ շենքին կից տարածքային ավելի հարմարավետ ենթակառույցի մեջ մտադիր են ներառել հրատարակչություն, տպագրատուն եւ գրատուն-գրախանութ. «Շատ մեծ խորհուրդ եւ գործնական արժեք ունի այս տպագրատունը: 2012-ին մենք պիտի նշենք հայ գրատպագրության 500-ամյակը: Կարծում եմ` մեր 1-ին տպագիր գրքից սկսած մինչեւ «Լեւոն Զ. Սյուրմելյան» տպագրատան առաջին արտադրանքը` անցած այդ ճամապարհին սա կարեւոր հանգրվաններից է լինելու, որի համար Հայաստանի գրողների միության անունից երախտագիտություն եմ հայտնում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը:
Լեւոն Զավեն Սյուրմելյանը օտարագիր մեր նշանավոր գրողներից է, նրա «Ձեզ եմ դիմում տիկնայք եւ պարոնայք» գիրքը միջազգային ճանաչում ունի: Այս տպագրատունը յուրովի հարգանքի տուրք է մեր մեծ գրողի հիշատակին. տպագրված յուրաքանչյուր գրքի էջին պիտի դաջվի Լեւոն Զավեն Սյուրմելյան անունը»:
Պերճ Սեդրակյանը գոհունակություն հայտնեց, որ Լեւոն Զավեն Սյուրմելյանի հիշատակը հայրենիքում մնալու է նաեւ ՀԳՄ-ի եւ այս տպագրատան միջոցով` հիշատակելով նաեւ գրողի կտակարարի` Թորգոմ Փոստանջյանի գործադրած ջանքերն այս ուղղությամբ:
Տպագրատան տնօրեն, արձակագիր Վահագն Մուղնեցյանը վստահեցնում է, որ տպագրատունը մյուսներից տարբերվելու է գրականության բարձր որակով (այն ոչ թե արտադրամաս, այլ գրատուն է լինելու) եւ որտեղ նախ եւ առաջ հարգվելու է լեզվական գրագիտությունը, պահպանվելու են գեղարվեստական պատշաճ չափանիշներն ու սկզբունքները: Թե որն է լինելու առաջին գիրքը, առայժմ որոշված չէ, բայց այն կհրատարակվի այս տարի: Սարքավորումները համապատասխան են արդի պոլիգրաֆիական արտադրության պահանջներին, տպագրատունը կադրերով համալրված է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ. Գ. Տեղեկացնենք, որ երեկ գիշեր Հայաստանի գրողների պատվիրակությունը (Էդվարդ Միլիտոնյան, Լեւոն Խեչոյան, Արտեմ Հարությունյան, Արամ Արսենյան` Լեւոն Անանյանի գլխավորությամբ) մեկնեց ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի համալսարանում նոյեմբեր 6-8-ը կայանալիք օտարագիր հայ գրողների 3-րդ համաժողովին (մասնակցելու են ամերիկյան մայր ցամաքի օտարագիր հայ գրողներ): Ինչպես տեղեկացրեց Լ. Անանյանը, հաջորդ համաժողովը` Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ, կկայանա 2012-ին` Մոսկվայում, որն ավելի ընդգրկուն կլինի` ներգրավելով Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի օտարագիրներին, նաեւ, իհարկե, հայաստանցի գրողներին: