«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2009-10-31 | #199, 2009-11-03 | #200, 2009-11-04


ՍՈՒԽԻՇՎԻԼՈՒ ՀԱՄՈՒՅԹԸ ՄԵԾ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԿԱԶՄՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Խորհրդային տարիներին անգամ մինչեւ պատանեկություն ապրած մարդկանց մեծ մասի համար, մերօրյա բառապաշարով ասած, Վրաստանի անվիճելի բրենդներից է Իլիկո Սուխիշվիլու անվան պարի պետական համույթը: Ի՞նչ Վրաստան առանց վրացական ազգային բալետային համույթի, առանց նրանց կայծակնային արագության եւ արյունը եռ բերող, զուսպ ու նազանքով պարերի: Սուխիշվիլու պարային համույթի անունը միայն լսելը, նրանց ելույթը մեկ անգամ տեսած մարդուն արդեն իսկ տեղափոխում է տեւական հիացմունքի ոլորտ:

Եվ համույթի որպես բրենդ կարեւորությունը գիտակցեց ներկա իշխանությունն ու պահպանեց ավանդաբար մշակված կատարումների մակարդակը: Այդ էլ հայ հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն է ստեղծել Հակոբ Ղազանչյանը, որը կազմակերպել է այդ համույթի երեւանյան համերգը: Այն տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում նոյեմբերի 8-ին` հետխորհրդային տարիներին առաջին անգամ:

Տարեկան 40 նոր բեմադրություններ հաղթահարող այս խմբի համերգային ծրագիրը փոփոխվում է ամեն տարի եւ այդ սկզբունքով արդեն հանդես է գալիս շուրջ 50 տարի: Ունենալով երկու կազմՙ համույթը հնարավորություն ունի միաժամանակ երկու տարբեր հյուրախաղեր կազմակերպելու: Հայաստանում ելույթ կունենա առաջին կազմը:

«Վրացական ազգային բալետային այս համույթն, իհարկե, գիտե, թե ուր է գալիս եւ ինչ ակնկալիքներ ու տեղյակություն ունի հայ հանդիսատեսը: Համապատասխանաբար 60 արտիստները, որ մասնակցելու են երեւանյան հյուրախաղերին, պատրաստվում են բարձրակարգ ելույթների», «Ազգի» թղթակցի հետ զրույցում փաստեց Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը : Նա նաեւ հավաստեց, որ համերգը կոմերցիոն բնույթ է կրում եւ ներառված չէ Հայաստանում Վրաստանի սեզոնների ծրագրում: Տոմսերի գներն էլ, որ սահմանվել են կոմերցիոն կանոններով եւ ոչ համույթի հեղինակության հիմքով, տատանվում են 3-20 հազար դրամի սահմաններում:

Երեւանյան համերգի ծրագիրը դեռեւս չի մանրամասնվում, սակայն կազմակերպչին հայտնի է, որ համույթը պատրաստվում է ներկայացնել հայկական մի պար: 1945 թվականին հիմնադրված այս համույթը հանդես է եկել 88 երկրներում եւ ազգային պարերի առաջին համույթն է, որը ելույթ է ունեցել հռչակավոր «Լա Սկալայում» ու արժանացել հանդիսատեսի պահանջած 14 կրկնելույթի:

Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4