«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2009-10-31 | #199, 2009-11-03 | #200, 2009-11-04


«ԿՈՐԵԱՅՈՒՄ ԷԼ ԱՆՊԱՅՄԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ ԿՆՎԱՃԵՆՔ»

Այս համոզմանն է Սամվել Խաչատրյանը

Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում վերջերս անցկացված ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները մեծ հաջողության հասան` արժանանալով մեդալների հարուստ ավարի ու թիմային հաշվարկով գրավելով առաջին տեղը: Շուտով Կորեայում կայանալու է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որում մեր ծանրորդներից ակնկալիքները եւս մեծ են: «Ազգի» հյուրն է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը:

- Պրն Խաչատրյան, շնորհավորում եմ մեր ծանրորդների աննախադեպ հաջողության առիթով: Ըստ ձեզ, ո՞րն էր հաջողության գրավականը:

- Առաջին հերթին դա ծանրորդների եւ նրանց մարզիչների վարպետության, քրտնաջան աշխատանքի արդյունքն էր: Հաջողությունը ձեռք բերվեց նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մեծ աջակցության, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի (որը գլխավորում եմ 2006-ից) հոգատար վերաբերմունքի, ուսումնամարզական հավաքների ճիշտ կազմակերպման շնորհիվ: Այս տարի Հայաստանի ծանրորդները միջազգային մրցումներում արդեն 57 մեդալ են նվաճել: Եվրոպայի առաջնությունը շատ հզոր մրցում էր եւ գրանցված արդյունքներն էլ բարձր էին: Ինչ որ տեղ ինձ համար մեր ծանրորդների հաջողությունը նույնիսկ անակնկալ էր: Փառք ու պատիվ մեր ծանրորդներին ու մարզիչներին, որ կարողացան հիանալի արդյունքի հասնել: Մրցահարթակ դուրս եկած 8 ծանրորդներից 7-ը մեդալներ նվաճեցին, ընդ որում Սմբատ Մարգարյանը (56 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (գերծանր քաշ) հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ: Ընդհանուր առմամբ մեր ծանրորդները նվաճեցին 16 մեդալ` 7 ոսկե, 6 արծաթե, 3 բրոնզե: 587 միավորով Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 1-ին տեղը: Այս արդյունքներն իրոք տպավորիչ են ու խոսում են ծանրամարտում ձեւավորված լավ ավանդույթների մասին, որ իրոք Հայաստանում հուսալի հերթափոխ է աճում: Ավելորդ չէ նշել, որ բացի շախմատից, մյուս մարզաձեւերից Հայաստանի պատվիրակները թիմային հաշվարկով Եվրոպայի առաջնություններում հաղթող չեն ճանաչվել:

- Եվրոպայի առաջնությունը նոր անուններ ի հայտ բերե՞ց, որոնց ելույթները հաճելի անակնկալ դարձան:

- Իհարկե: Առաջին հերթին կնշեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացած Աղասի Աղասյանին (75 կգ): Նա բարձր արդյունք ցույց տվեց` 337 կգ (150+187): Չեմպիոնի տիտղոսին մոտ էր նաեւ Վարդան Դավթյանը (94 կգ), որն առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային ասպարեզում: Հենց մրցակցային փորձի պակասն էլ խանգարեց նրան ոսկե մեդալ նվաճելու: Բայց երկամարտի նրա 359 կգ (160+199) արդյունքն էլ նորեկի համար լավ ցուցանիշ է: Դավթյանը երկամարտում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն` առանձին վարժություններում նվաճելով մեկական ոսկե եւ արծաթե մեդալ: Նույնը կարելի է ասել նաեւ բրոնզե մրցանակակիր Վանիկ Ավետիսյանի մասին, որը երկամարտում ցույց տվեց 270 կգ (119+151) արդյունք: Նրանք հայկական ծանրամարտում նոր անուններ են եւ դեռ իրենց ծանրակշիռ խոսքը կասեն:

- Իսկ ինչո՞ւ մրցաշարին չմասնակցեց Եվրոպայի մեծահասակների առաջնության հաղթող Առաքել Միրզոյանը: Գուցե նախորդ մրցաշարում կրած անհաջողությո՞ւնն էր պատճառը:

- Առաքելը նախապատրաստվում է աշխարհի մեծահասակների առաջնությանը, ուստի իմաստ չուներ Վլադիսլավովոյում հանդես գալը:

- Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացված էր միայն տղամարդկանց թիմով: Աղջիկներից մեդալների ակնկալիքներ չկայի՞ն:

- Աղջիկների մի մասը նախապատրաստվում է աշխարհի մեծահասակների առաջնությանը, մյուսները մինչ այդ մասնակցել էին Իսրայելում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Այնպես որ չցանկացանք ռիսկի դիմել ու ավելորդ ծանրաբեռնել նրանց:

- Առջեւում Կորեայում կայանալիք ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունն է: Մինչեւ 23 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմից կընդգրկվե՞ն ազգային հավաքականում:

- Ոչ: Չնայած նրանցից ոմանք Կորեայում էլ կարող էին մրցանակակիր դառնալ: Պարզապես ուժերը վերականգնելու, հանգստանալու, քաշի եւ այլ խնդիրներ կան: Մենք ունենք ավելի փորձառու եւ տիտղոսակիր ծանրորդներ, որոնք էլ կպաշտպանեն Հայաստանի մարզական պատիվը:

- Արդեն հայտնի՞ է հավաքականի կազմը:

- Մի քանի օրից կազմի վերջնական ընտրություն կկատարվի: Կորեայում հանդես կգան 4-5 ծանրորդներ եւ 3 մարզուհիներ:

- Փաստորեն, քաշային ոչ բոլոր կարգերում հանդես կգան հայ ծանրորդները:

- Այո: Աշխարհի ընթացիկ առաջնությունը վարկանիշային չէ, ուստի իմաստ չունի լրիվ կազմով մասնակցելը: Մրցահարթակ դուրս կգան միայն նրանք, ովքեր մեդալների իրական հավակնորդ են: Խոստացել եմ, որ հայ ծանրորդներն աշխարհի առաջնությունում անպայման մեդալներ են նվաճելու: Պետք է ամեն ջանք ու եռանդ ներդնել, որպեսզի 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին աշխարհի չեմպիոն ունենա: Վերջին անգամ աշխարհի չեմպիոն է հռչակվել Իսրայել Միլիտոսյանը 1989-ին Աթենքում:

- Վերջին տարիների հաջողությունները որքանո՞վ են նպաստում ծանրամարտի մասսայականացմանը հանրապետությունում:

- Դա իրոք մեծ խթան է մարզա-ձեւով զբաղվել ցանկացողների համար: Եթե 2006-ին Հայաստանում ծանրամարտով զբաղվում էր շուրջ 1500 հոգի, ապա այսօր նրանց թիվը հասնում է մոտ 5 հազարի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4