Արգենտինայում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին` 12-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը մրցում էր առաջատարներից մեկի` բելառուսցի Սերգեյ Ժիգալկոյի հետ: Հաղթանակի դեպքում հայ շախմատիստի մրցանակակիր դառնալու հնարավորությունները կտրուկ կաճեին: Ցավոք, Գրիգորյանը սպիտակներով պարտվեց ու զգալիորեն դժվարացրեց իր խնդիրը:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ Ավետիք Գրիգորյանն ունի 8 միավոր եւ բաժանում է 6-10-րդ տեղերը: 10 միավորով միանձնյա առաջատարը Սերգեյ Ժիգալկոն է: Նրան կես միավոր է զիջում ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը ոչ-ոքի ավարտեց Իվան Պոպովի հետ պարտիան: 8,5-ական միավորով հաջորդ տեղերում են ռուսաստանցիներ Իվան Պոպովն ու Դմիտրի Անդրեյկինը, վրաց շախմատիստ Գեորգի Մարգվելաշվիլին: Վերջինս հաղթեց Ռինատ Ջումաբաեւին: Դմիտրի Անդրեյկինն էլ պարտության մատնեց բրազիլացի Անդրե Դիամանտին:
Կանանց մրցաշարում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց Աննա Հայրապետյանը` սպիտակներով զիջելով Կառլա Հերեդիային: Աննան 12 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Առաջատարի դերը ստանձնել է թուրք շախմատիստուհի Բեթյուլ Յիլդիզը, որն ունի 9 միավոր: Նա սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Զոյա Սեւերուխինային: 8,5-ական միավորով առաջատարին հետապնդում են հնդիկ շախմատիստուհի Սվամինաթան Սոուման եւ պերուացի Դեյսի Կորին: 12-րդ տուրում կայացած նրանց մրցախաղում առավելության հասավ պերուացի շախմատիստուհին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ