«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՄԵՋ

Բրիտանական Guardian պարբերականը երկրի արտաքին գործերի նախարարության որոշ արխիվային նյութերի հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեղադրում է 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժխտման մեջ:

Թերթը գրում է, որ խոսքը 15 տարվա վաղեմություն ունեցող նյութերի մասին է, որոնք փաստում են, որ Բրիտանիան թուրք-բրիտանական հարաբերություններն ավելի բարձր է գնահատել, քան ցեղասպանության ճանաչումը: «ԱԳՆ ճեպազրույցներից մեկում ասվել է, որ բրիտանական կառավարությունը բաց է այս հարցով քննադատության համար, սակայն էթիկայի նորմերի սահմաններում: Միեւնույն ժամանակ այս խնդրում մեր համար գերակա է Թուրքիայի հետ մեր ունեցած ռազմավարական, քաղաքական, տնտեսական կապերի պահպանումն ու ընդլայնումը», գրում է անգլիական թերթը:

Իսկ 1999-ին կայացած ճեպազրույցում, ըստ թերթի, շեշտվել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Անգլիային տեսականորեն չի տա ոչ մի օգուտ:

Guardien-ը նշում է նաեւ, որ բրիտանական իշխանությունների նման պահվածքը թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը որակել է որպես ցինիզմ: «Ռոբերտսոնը վարձվել էր Անգլիա եկած հայ փախստականի կողմից, որպեսզի ուսումնասիրի բրիտանական ԱԳՆ-ում եղած փաստերն ու տեղեկությունները: Եվ ահա, նոյեմբերի 3-ի իր զեկույցում փաստաբանը հայտարարել է, որ պառլամենտի անդամներն ապատեղեկացված են եղել կառավարության կողմից, որվհետեւ վերջինս, գործը ներկայացնելով, անտեսել է կարեւոր եւ էական որոշ փաստեր», գրում է թերթը` մեջբերելով Ռոբերտսոնի խոսքը. «Չկա որեւէ հիմք կասկածելու հայերի ցեղասպանության իրողությունը: Օսմանյան Թուրքիայում տրվել է հրաման` տեղահանելու եւ բնաջնջելու շուրջ 2 մլն հայերի, որոնցից շատերը ճանապարհին մահացել են սովից, հիվանդություններից եւ զինված հարձակումներից»:

Բրիտանական թերթը իր հրապարակումը եզրափակում է հիշեցնելով. «1948-ին ընդունվել է կոնվենցիա, որը ընդունում էր Հայոց ցեղասպանության փաստը: Եվրոպայի շատ երկրներ ու գիտնականներ ընդունել եւ դատապարտել են այն` որակելով որպես ցեղասպանություն: Սակայն բրիտանական կառավարությունը կտրականապես հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4