«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՓՈՔՐ-ԻՆՉ ԱՃԵԼ ԵՆ

Առանձնատների գների նվազումը դանդաղել է

2009-ի սեպտեմբերին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13636 գործարք, ինչը 6,1 տոկոսով բարձր է 2009-ի օգոստոսի կատարված գործարքների եւ 3,1 տոկոսով` 2008-ի սեպտեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 4,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ նվազելՙ 20,8 տոկոսով: 3753 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 80,2 տոկոս: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,9 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 69,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի օգոստոսի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում սեպտեմբերին աճել է 3,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատՙ 14,8 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում սեպտեմբերին օգոստոսի համեմատ փոքր-ինչ աճել ենՙ 0,8 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները սեպտեմբերին այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) սեպտեմբեր 2008թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2009թ.Միջին գները (դրամ) օգոստոս 2009թ.
Կենտրոն486500450900448700
Արաբկիր403600350600342000
Քանաքեռ-Զեյթուն311400266400264900
Նոր Նորք273000217600214200
Ավան272600224300220000
Էրեբունի275200234600236600
Շենգավիթ285500231000227600
Դավթաշեն307300248700250600
Աջափնյակ276000222600227200
Մալաթիա-Սեբաստիա259400218000214800
Նուբարաշեն160000140700137900
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)301000255000253100

Աղյուսակից երեւում է, որ մայրաքաղաքի վարչական շրջանների մեծ մասում գներն աճել են, Էրեբունիում եւ Դավթաշենումՙ նվազել, իսկ Աջափնյակում գրեթե անփոփոխ են մնացել:

Մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են 357 բնակարաններ, որոնց քանակը օգոստոսի համեմատ աճել է 3,5 տոկոսով, իսկ 2008-ի սեպտեմբերի համեմատ` նվազել 8 տոկոսով: Արձանագրվել է նաեւ միջին գների փոքր աճ օգոստոսի համեմատՙ 0,6 տոկոսով: Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 179 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը կազմել է 155 հազար դրամ: Ապա գալիս են Աբովյանըՙ 141 հազար հազար դրամ, Աշտարակըՙ 137 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 132 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Իջեւանըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 386 գործարք, որից 123-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը օգոստոսի համեմատ աճել է 16 տոկոսով, իսկ մարզերումՙ 12,4 տոկոսով: 2008-ի սեպտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 12,8 տոկոսով, իսկ մարզերում` միասին վերցրած, նվազել 24,6 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գներն 2009-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել են 1,4 տոկոսով (ներառյալ տնամերձի միավորի գինը): Ըստ վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) սեպտեմբեր 2008թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2009թ.Միջին գները (դրամ) օգոստոս 2009թ.
Կենտրոն506700468400474400
Արաբկիր437400361500362500
Քանաքեռ Զեյթուն322900280000282000
Նորք-Մարաշ304400279200284200
Ավան288000235000237300
Էրեբունի288700249700260300
Շենգավիթ292000240300243700
Դավթաշեն322700264100267100
Աջափնյակ299400242900251900
Մալաթիա-Սեբաստիա291200230300232800
Նուբարաշեն163900141700140500
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)319800272100276100

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել են 0,9 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են, 1 քմ-ն` 293 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, 1 քմ-ն` 164 հազար դրամ, երրորդը Աբովյանը` որտեղ 1 քմ-ն կազմել է 147 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 140 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 135 հազար դրամ, Գորիսը 132 հազար դրամ, Իջեւանըՙ 131 հազար դրամ, Մասիսըՙ 124 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2009-ի սեպտեմբերին` 2008-ի սեպտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 34,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 68,5 տոկոսով: Ընդ որում, Երեւանում հողերի աճուրդ վաճառքի գործարքների քանակը նվազել է 66,7 տոկոսով:

Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2009-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 67,8 տոկոսով, իսկ 2008-ի սեպտեմբերի համեմատՙ 63,7 տոկոսով:

2009-ի սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 1555 գրավադրման գործարքներից 108-ն են եղել հիպոթեկային գրավադրման գործարքները, որից 83-ըՙ Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 80,6 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 10,2 տոկոսն` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2009-ի օգոստոսի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը սեպտեմբերին աճել է 22,7 տոկոսով, ընդ որում` Երեւանումՙ 33,9 տոկոսով, մարզերում նվազել 3,8 տոկոսով: 2008-ի սեպտեմբերի համեմատ հիպոթեկային գործարքները նվազել են 25,5 տոկոսով, Երեւանում` 24,5 տոկոսով, մարզերում` 28,6 տոկոսով:

Փաստորեն, հունիս ամսին բնակարանների գների անկման կանգ առնելուց հետո, որոշակի տատանումներով, գների կայունացման միտումը շարունակվում է, ինչը կանխատեսել էինք նախորդ ամիսների ցուցանիշները ներկայացնելիս: Ընդ որում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում սեպտեմբերին որոշ աճ է արձանագրվել: Անհատական տների մասով մայրաքաղաքում եւ մարզերում գների նվազումը թեեւ շարունակվում է, բայց նվազման տեմպը դանդաղել է: Առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, գները կշարունակեն կայուն մնալ, բայց դրանց նկատելի աճի մասին խոսելը դեռ վաղ է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4