«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2009-11-04 | #201, 2009-11-05 | #202, 2009-11-06


ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի պրպտող միտքը նոր բացահայտումներ է կատարել Մեծ Բրիտանիայում: Ստորեւ թարգմանաբար նրա հոդվածը որոշ կրճատումներով:

Ակնառու իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնն այս շաբաթ բացահայտել է, որ Բրիտանիայի արտգործնախարարությունը (բրիտանական արտաքին եւ համագործակցության երկրների գործերի գրասենյակըՙ FCO) տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անստույգ հաղորդագրություններով ապատեղեկացված է պահել բրիտանական խորհրդարանինՙ նպատակ ունենալով սիրաշահել թուրքերին:

Լոնդոնի հայկական կենտրոնի լիազորությամբ մեծագույն բծախնդրությամբ պատրաստված 40-էջանոց զեկույցը հիմնված է մինչ օրս գաղտնի փաստաթղթերի վրա, որոնք այժմ մատչելի են դարձել «Տեղեկատվության ազատության օրենքի» շնորհիվ: «Եղե՞լ է Հայոց ցեղասպանությունը» վերնագրով զեկույցի հեղինակՙ Ջեֆրի Ռոբերտսոնը Սիերա Լեոնում ծառայել է որպես ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարանի առաջին պրեզիդենտը: Ամիսներ շարունակ նա ստիպված է եղել բազմաթիվ անգամներ դիմել բրիտանական կառավարությանըՙ ստանալու համար այդ փաստաթղթերը, որոնք նրանք պարտավոր էին հայթայթելՙ համաձայն համապատասխան օրենքի: Որոշ փաստաթղթեր ընդհանրապես չեն հրապարակվել, իսկ հրապարակվածներն էլ մասամբ սեւացրած են եղելՙ չփչացնելու համար հարաբերությունները Թուրքիայի հետ:

Հայկական կենտրոնիՙ Ռոբերտսոնին տված հանձնարարությունը եղել է պարզել, թե ինչո՞ւ 1915-16 թվերի կոտորածները բրիտանական կառավարությունը հրաժարվում է անվանել Ցեղասպանություն եւ արդյո՞ք ներկայացված պատճառաբանությունները համապատասխանո՞ւմ են միջազգային օրենքի սահմանած դրույթներին:

Ցավոք, ներկայի բրիտանացի պաշտոնյաները մոռացել են իրենց կառավարությանՙ 1915-ի մայիսի 28-ին Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունների հետ ընդունած համատեղ որոշում-հայտարարությունը, որ «մարդկության եւ քաղաքակրթության դեմ Թուրքիայի գործած ոճրագործությունները հաշվի առնելով»ՙ երեք մեծ պետությունները պատասխանատվության են ենթարկելու «օսմանյան կառավարության բոլոր անդամներին», ովքեր մասնակցել են հայկական կոտորածներին:

Վերջերս ձեռք բերված գաղտնի փաստաթղթերը բացահայտում են արտգործնախարարության մոլորեցնող եւ չարակամ նպատակները: Եվրոպայի հարցերով զբաղվող պետնախարարՙ Ջոյս Քուինին հասցեագրված 1999-ի հուշագրում FCO-ն նշել էր, որ բրիտանական կառավարության պարտականությունը չէ որոշել Ցեղասպանության սահմանը: «Պատմության հետազոտումը, վերլուծումն ու մեկնաբանումը պատմաբանների խնդիրն են», գրված է եղել այնտեղ:

Ի հակադրություն, իրավաբան Ռոբերտսոնը մատնանշում է կառավարության «գլխավոր սխալը» իրավական հարցերում պատմաբաններին վստահելու հարցում: Նա բացատրում է, որ «համաձայն միջազգային օրենքների, պետք է դատել, թե ինչն է համապատասխանում Ցեղասպանությանը: Դա պատմաբանների գործը չէ: Պատմաբանները փաստեր են արձանագրում, իսկ իրավաբանները հաստատում ենՙ այդ փաստերը միջազգային օրենքների խախտո՞ւմ են, թե՞ ոչ»:

Վերոնշյալ հուշագրում արտգործնախարարությունը այնուհետեւ նշում է, որ փաստացի ապացույցներ չկան, որ հայերի զանգվածային սպանությունները հետեւանք են եղել կանխամտածված պետական քաղաքականության: Ռոբերտսոնը այս հայտարարությունը հորջորջել է «մի սուտ եւս, որ անընդհատ կրկնվում է» FCO-ի հաղորդագրություններում, եւ ասել է, որ «այդպիսի փաստաթուղթ չկա նաեւ նացիստների գործադրած Հոլոքոսթի վերաբերյալ»: Ապա, անդրադառնալով աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, Ռոբերտսոնը նշում է, որ հուշագրում ցինիկորեն փորձում են համոզել, որ «այդ արշավն այնքան էլ մեծ պաշտպանություն չի վայելում, որպեսզի Նորին գերազանցության կառավարությանը (ՆԳԿ) լուրջ անհանգստություն պատճառի»:

Ընդունելով հանդերձ, որ բարոյական ոլորտներում ՆԳԿ-ն ընդունում է բոլոր տեսակի քննադատությունները, հուշագիրը, այդուհանդերձ, շեշտում է. «Հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական եւ առեւտրական) կարեւորությունը եւ այն հանգամանքը, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ մի գործնական օգուտ չի տալու Միացյալ Թագավորությանը կամ սպանություններից մազապուրծ մի քանի վերապրողներին, ոչ էլ նպաստելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացին, գտնում ենք, որ մեր ներկա քաղաքական գիծը միակ իրագործելի տարբերակն է»:

Պրն Ռոբերտսոնը հեգնանքով, բայց նաեւ ցավով ակնարկում է, որ փաստորեն տվյալ (հայկական) Ցեղասպանությունը «չի կարող ճանաչվել ոչ թե այն պատճառով, որ տեղի չի ունեցել, այլ որովհետեւ քաղաքական եւ առեւտրական տեսակետներից անհարմար է»:

Հաջորդ ապատեղեկատվությունը վերաբերում է ՄԱԿ-ի 1948-ի Ցեղասպանության կոնվենցիային, որն, ըստ հուշագրի, չի կարող հետադարձ ազդեցություն ունենալ: Ռոբերտսոնը հակադարձելով նշում է, որ «հետադարձ ազդեցություն չունենալու» օրենքը վերաբերում է անհատ ոճրագործների դատավարությանը: «Ոչ ոք չի առաջարկում քրեական պատասխանատվության ենթարկել վաղուց մահացած անձնավորություններին»:

Տիկին Ջոյս Քուինը այնքան ծայրահեղորեն է պաշտպանել իր կառավարության «ժխտողական քաղաքականությունը», որ 1999-ի ապրիլի 13-ի արտգործանախարարությանը հղած իր հուշագրում նշել է, որ հայկական սպանությունների ծրագրված լինելու հարցը երբեք չի էլ քննարկվել կառավարության կողմից:

Ռոբերտսոնն իր զեկույցում անդրադարձել է նրա Թորդա Աբոթ-Ուաթի անամոթ արտահայտություններին 2004 թվին Երեւանում, երբ Բրիտանիայի դեսպանն էր Հայաստանում:

Նույնիսկ եվրոպական մի քանի երկրների ճանաչումից հետո բրիտանացի արտգործնախարարությունը շարունակեց համառորեն առաջ տանել իր ժխտողական քաղաքականությունըՙ հիշեցնելով Եվրոպայի հարցերով զբաղվող հաջորդ պետնախարար Ջեֆ Հունին, որ Ցեղասպանության հարցում «Թուրքիան նեւրալգիայով է տառապում»:

Ջեֆրի Ռոբերտսոնը եզրակացնում է, որ բրիտանական խորհրդարանը շարունակաբար ապատեղեկացված է եղել նախարարների կողմից, որոնք հալած յուղի տեղ են ընդունել FCO-ի հայտարարություններըՙ առանց ճշտելու դրանց ճշմարտությունը: «Նորին գերազանցության կառավարության միակ քաղաքականությունը եղել է խուսափել Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին ճշմարտացի պատասխաններ տալուց, որովհետեւ այդ ճշմարտությունները կարող են վնասել Թուրքիայի կառավարությանը»:

Նման բացահայտումներից հետո բրիտանական խորհրդարանը պետք է պաշտոնական լսումներ անցկացնի եւ հետաքննի ապատեղեկատվությունների հեղինակ բոլոր անհատների վարքագիծը: Անփույթ աշխատանքի կամ դիտավորյալ անճշտությունների հայտնաբերման դեպքում խորհրդարանը պետք է աշխատանքից հեռացնի մեղավորներին:

Իսկ միջազգային համբավի արժանացած հարգարժան Ջեֆրի Ռոբերտսոնին էլ պետք է խնդրենք բրիտանական դատարաններում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատական հայց հարուցել Թուրքիայի կառավարության դեմ: Մինչ այդ նրա պատրաստած այս չափազանց արժեքավոր զեկուցումը պետք է թարգմանվի աշխարհի մի քանի գլխավոր լեզուներով եւ տարածվի աշխարհով մեկ:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4