«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2009-11-04 | #201, 2009-11-05 | #202, 2009-11-06


ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՃՆՇՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

«Թուրքիան ստիպված է լինելու վերանայել երկիր ներմուծվող գազի սակագները` ենթարկվելով Ադրբեջանի եւ Իրանի ճնշումներին», հայտնում է թուրքական «Զաման»-ը:

Այդ մասին Ստամբուլում կայացած 11-րդ միջազգային էներգետիկայի համաժողովում հայտարարել էր նաեւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նախարարը նշել է նաեւ, որ Ադրբեջանին եւ Իրանին տրվող լրացուցիչ վճարումները կիրականացվեն «Գազատարերի թուրքական պետական կորպորացիայի» բյուջեի հաշվին: Միեւնույն ժամանակ Յըլդըզը շեշտել է, որ գազի թանկացումները վատ կանդրադառնան եկող տարվա բյուջեում ավելացումների հասնելու համար:

Թուրք նախարարը խոսել է նաեւ էլեկտրաէներգիայի կարգավորման մասին: Թուրքիայի այդ համակարգում հանդես են գալիս մի քանի ընկերություններ` որպես մեկ մասնակից: «Մեր կառավարության նպատակն է այդ ընկերություններից ցածր գնով էլեկտրաէներգիա ձեռք բերել: Ներկայումս մենք քննարկում ենք հարցը», ասել է Յըլդըզը:

Տեղեկացնենք, որ Թուրքիա ներմուծվող էլեկրաէներգիայի գինը տատանվում է 0,134-ից 0,154 դոլար կվտ/ժ-ի դիմաց, ինչը 27 տոկոսով քիչ է ներկրվող էլեկտրաէներգիայի գնից: Թուրք նախարարը նշել է նաեւ, որ Թուրքիան այժմ աշխատում է իր էներգաաղբյուրների դիվերսիֆիկացիայի վրա, եւ այդ հարցը մի քանի ամիս հետո կներկայացվի Մեջլիսի քննարկմանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4