«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2009-11-04 | #201, 2009-11-05 | #202, 2009-11-06


ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՎԻ ՄԱՍԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Հարությունյանը երեկ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարի զորակոչվում են 1991-ի «մութ ու ցուրտ տարիներին» ծնված երիտասարդները. «Այդ տարիների միջավայրը չի կարող իր ազդեցությունը չթողնել երիտասարդների առողջության, նրանց հոգեբանության վրա,- ասաց Հարությունյանը` շարունակելով,- այսօր խնդիրը ոչ թե առողջի ու հիվանդի մեջ է, այլ թե զորակոչիկն ինչպիսի՞ առողջական վիճակ ունի, թույլ տա՞լ նրան, որ անցնի պարտադիր զինվորական ծառայության»:

Գնդապետի վկայությամբ` պետք է ամեն ինչ արվի, որ հիվանդ զորակոչիկը չհայտնվի բանակում: «Բանակն այն կառույցն է, որին ձեռնտու չէ հիվանդ զորակոչիկ ստանալ: 2 տարի հետո նա զորացրվում է, եւ բանակը նրա վրա ծախսում է գումար` տրամադրելով հագուստ, ապահովելով սննդով եւ այլն», շեշտեց պարոն Հարությունյանը:

Գնդապետը տեղեկացրեց նաեւ, որ զորակոչիկների 20-25 տոկոսը ստանում է տարկետման իրավունք` առողջական վիճակի պատճառով, որը կամ 6 ամսով է, կամ երեք տարով: Հնարավոր է, որ երիտասարդն ընհանրապես հանվի զինվորական հաշվառումից. «Գերակշռողը աչքի, թերապեւտիկ եւ վնասվածքային հիվանդություններն են», նշեց Հարությունյանը: Նա նաեւ ավելացրեց, որ եթե հիվանդ զորակոչիկը բժշկի մեղքով հայտնվել է բանակում, ապա այդ փաստը հայտնաբերելուց հետո տվյալ բժշկի նկատմամբ հարուցվում է քրեական գործ: Ըստ գնդապետի` բանակում նման դեպքերը քիչ չեն:

Պարոն Հարությունյանը անդրադարձավ նաեւ համասեռամոլների խնդրին. «Խնդիրը հսկողության տակ է. մենք փորձում ենք այդ կատեգորիան հեռու պահել բանակից, չնայած չեմ կարծում, որ հայ տղամարդը իր պատիվը այնքան է կորցրել, որ ներկայանա զինկոմիսարիատ ու հայտարարի` ես համասեռամոլ եմ», եզրափակեց գնդապետը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4