Երեկ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Լճաշեն գյուղ: Գյուղի մերձակայքում` Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի վրա նա դիտեց 2,5 կմ ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարվա համար նախատեսվել էր 1,4 միլիարդ դրամ` ճանապարհների վերանորոգման եւ հենապատների կառուցման համար:
Ըստ նախարարի, ծրագրով նախատեսված աշխատանքների հիմնական մասն արդեն կատարվել է. «Մնացել են միայն Լճաշեն գյուղի մոտ գտնվող 2-2,5 հատվածի բարելավման աշխատանքները, որոնք ավարտվելու են մյուս տարվա գարնանը», հավելել է նախարարը:
Այս տարվա ընթացքում, ըստ տրանսպորտի նախարարի, այդ ճանապարհն ապահովելու է Լճաշենի կապը մյուս համայնքների հետ: «Այդ հատվածի բարեկարգման վրա ծախսվել է արդեն 378 մլն դրամ, նախատեսվում են եւս 592 մլն դրամի աշխատանքներ», ասաց նախարարը:
Լրագրողների հարցին, թե արդյոք 2010 թվականի բյուջեով նախատեսված կրճատումներն ազդելո՞ւ են Սեւանա լճի շրջանում ճանապարհաշինության աշխատանքների վրա, Գուրգեն Սարգսյանը պատասխանեց, որ այդպիսի խնդիր չկա: «Ընդհանուր առմամբ ծրագիրը նախատեսում է ճանապարհային ցանցի բարելավում եւ կատարելագործում մինչեւ 2030-ը, ինչի համար նախատեսված է 4,4 մլրդ դրամ», եզրափակեց նախարարը:
Հ. Ա.