«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2009-11-05 | #202, 2009-11-06 | #203, 2009-11-07


Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԼԻԴԵՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ»

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքերով` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում. «Մեջլիսը վավերացնի, մենք էլ կվավերացնենք: Դա ոչ թե պայման է, այլ տրամաբանական քայլ: Անկարան է փակել սահմանը, եւ նա է միշտ նախապայմանների լեզվով խոսել: Իհարկե, մենք ավելի բարոյական հիմք ունենք նախապայմաններ դնել եւ ասել, որ Ցեղասպանությունը ճանաչեն»:

Ըստ Էդուարդ Շարմազանովիՙ եթե Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները, «ուրեմն մենք էլ չենք վավերացնում, պրոցեսը վերջանում է: Եթե Թուրքիան ստորագրել է, ուրեմն պետք է վավերացնի: Եթե չպիտի վավերացնեին, ինչո՞ւ էին ստորագրում»:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ձեռքբերած հաջողությունների մասին, Շարմազանովը նշեց. «Եթե մեկ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ միջնորդ հանդիսանալ, ապա այսօր թե՛ Ռուսաստանը, եւ թե՛ Վրաստանն իրենք են ասում, որ Հայաստանը պետք է միջնորդ հանդիսանա իրենց հարաբերությունների կարգավորման գործում»: Վերջինս նկատում է, որ Երեւանում են տեղի ունենում Վերին Լարսի հետ կապված բանակցությունները, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը դարձել է տարածաշրջանի լիդեր երկրներից մեկը:

Ըստ խմբակցության քարտուղարի` մեր հանրապետության հեղինակության մասին է վկայում նաեւ այն, որ «Հայաստանը Վրաստանում ներկայացնում է Բելառուսի շահերը, քանի որ Բելառուսն այնտեղ չունի դեսպանատուն»:

Արտաքին քաղաքականության ոլորտում ձեռբերված հաջողությունների թվում Էդուարդ Շարմազանովը արդյունավետ համարեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրեր առաջ Քուվեյթ կատարած այցելությունը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4