Ըստ Ճապոնիայի դեսպանի` սահմանի բացմամբ Թուրքիայում աշխատող ճապոնական կապիտալը հեշտորեն կարող է գալ Հայաստան
Նոյեմբերի 2-ին Հայաստան Ճապոնիայի նորանշանակ դեսպան Մասահարու Կոհնոյի (նստավայրը Մոսկվա) այցելության ընթացքումՙ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներում կարեւորվել էր Ճապոնիայի կողմից Հայաստանում իրականացվող տեխնիկական օգնության ծրագրերը, ինչպես նաեւ տարբեր վարկային ու դրամաշնորհային նախագծերը, որոնք ընդգրկում են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտները, հատկապես առանձնացնելով էներգետիկայի բնագավառը:
Ճապոնիայի դեսպանը հայտարարել էր, որ Հայաստանում է Երեւանի ջերմաէլեկտրակայանի տեխնիկական վերակառուցման համար լրացուցիչ վարկային միջոցներ տրամադրելու համաձայնագիրը ստորագրելու նպատակով: Մասահարու Կոհնոն նաեւ տեղեկացրել էր, որ Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել Երեւանի կոնսերվատորիային երաժշտական գործիքներ տրամադրելու մասին, ինչպես նաեւ հաջորդ տարվանից Հայաստանի երիտասարդները կարող են ուսանել Ճապոնիայի բուհերում:
Ներկայացնում ենք Ճապոնիայի դեսպանի հետ «Ազգի» բացառիկ հարցազրույցը այդ եւ մի քանի այլ թեմաներով:
- Ո՞րն է ճապոնիայի հիմնական հետաքրքրությունը Հայաստանում եւ մեր տարածաշրջանում ընդհանրապես:
- Կարելի է խոսել բազմակողմանի հարաբերությունների մասին, բայց ես տվյալ դեպքում առավել հետաքրքրված եմ Հայաստանին ծանոթանալու հարցում: Ինչո՞ւ է Հայաստանը այսքան կարեւոր: Աշխարհաքաղաքական առումով ձեր երկրի դիրքը մեզ համար շատ հետաքրքրական է, ձեր հարաբերությունները հարեւան երկրների, Ռուսաստանի հետ: Հայաստանի դիրքը նշանակալի է այս տարածաշրջանի անվտանգության, կայունության, բարգավաճման առումով, ուստի մենք աճող հետաքրքրություն ունենք ձեր երկրի, նաեւ տարածաշրջանի հանդեպ: Բացի այդ, մենք կարող ենք ավելի լայն խոսել ձեր եւ Իրանի, Մերձավոր Արեւելքի հարաբերությունների մասին, որոնք մեր ազգային շահերին են առնչվում, քանի որ մենք Մերձավոր Արեւելքի ռեսուրսների կայուն գնորդ ենք, բացի այդ, մեծապես կարեւորում ենք պայքարը ահաբեկչության դեմ: Ուստի մենք այս տարածաշրջանում առավել հետաքրքրված ենք Հայաստանի հետ հարաբերություններով, նաեւ զարգացնելով բազմակողմանի կապերը:
- Կոնկրետ Հայաստան-Ճապոնիա հարաբերություններն ի՞նչ փուլում են ձեր գնահատմամբ:
- Մեր հարաբերություններն այնքան մեծ չեն դեռեւս, մենք շատ բան ունենք անելու: Ուստի մեր հարաբերությունների զարգացումը մարտահրավերի նման է Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների համար: Զարգացման մեծ ներուժ կա, բայց դեռ չի իրականացվում: Մշակութային կտրվածքով Ճապոնիան հիացմունքով է մոտենում Հայաստանի մշակույթին, արվեստին, եւ զուտ մարդկային փոխանակման առումով որոշ տեղաշարժ կա, որն, ըստ իս, մեծ կարեւորություն ունի:
- Ճապոնիան մի շարք ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Շարունակական կլինե՞ն այդ ծրագրերը կամ կունենա՞ն այլ որակի` համագործակցային շարունակություն:
- Որոշ նախագծեր ունենք խողովակաշարի առնչությամբ եւ ցանկանում ենք առաջ գնալ այդ հարցում, բայց, այնուամենայնիվ, մեր ներկա հարաբերությունների ծավալներն այնքան փոքր են, որ մենք անելու շատ բան ունենք, եւ հեռանկարում հարաբերություններն առավել սերտ ու որոշիչ կարող են դառնալ: Ես պետք է նաեւ ավելացնեմ, որ բացի մեր երկրների առանձնահատուկ վիճակից միջազգային քաղաքականության ու հարաբերությունների առումով, մենք շատ ընդհանրություններ ունենք, որ կարելի է քննարկել ու համագործակցել: Օրինակ, Իրանի առնչությամբ կամ որոշ այլ ավելի գլոբալ հարցեր:
- Ի՞նչ կասեք հայ-ճապոնական այցելությունների մասին, նաեւ արդյո՞ք այդպիսիք ծրագրվում են:
- Այցելությունների թիվը գրեթե հավասար է զրոյի: Ես իմացա, որ միայն 10 ճապոնացի է ապրում Հայաստանում, միայն 10: Սա շատ փոքր թիվ է: ճապոնացիները ոչինչ չգիտեն Հայաստանի մասին, ուստի մարտահրավեր է ծանոթանալու, ճանաչելու առումով: Ինչ վերաբերում է պաշտոնական այցելություններին, ապա սպասվում է արտգործնախարարի այցը, նաեւ Հայաստանի վարչապետն է ծրագրում գալ Ճապոնիա: Ես հույս ունեմ, որ դա մեծ խթան կլինի զարգացնելու մեր հարաբերությունները: Նշեմ, որ առաջինը ճապոնիայում կլինի Էդվարդ Նալբանդյանը ու դա, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կլինի պատմական այց, որ առաջինն է նաեւ արտգործնախարարի համար:
- Ճապոնիայի կառավարությունը ողջունել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանն ուղղված նախաձեռնությունն ու գործընթացը: Ինչպե՞ս է գնահատվում հայ-թուրքական թեմայի զարգացման ներկա փուլը:
- Տվյալ դեպքում ես այն դիրքում չեմ, որ վերլուծություններ անեմ իրավիճակի առնչությամբ: Մենք կատարում ենք ներքին վերլուծություններ, բայց մասնագետ ենք: Ամեն դեպքում, հույս ունենք, որ նախորդ ամիս ստորագրված արձանագրությունների վավերացումը Հայաստանում եւ Թուրքիայում կհասնի ավարտին: Ու այդպես կվերաբացվի հայ-թուրքական սահմանը:
- Ճապոնիայի համար ի՞նչ կարող է փոխվել, եթե բացվի հայ-թուրքական սահմանը:
- Հայաստանը որոշ առումով մեկուսացված է, ծովային ելք չունեցող երկիր է, որի վրա վատ է ազդում նաեւ իրավիճակը Վրաստանում: Այնուամենայնիվ, սահմանի բացումը Հայաստանը ավելի բաց կդարձնի Եվրոպայի համար` միջազգայնացնելով Հայաստանը: Դա, որպես դրսից նայող մարդու գնահատական, լավ կլինի բնակչության համար` ապագա անվտանգության ու բարգավաճման կտրվածքով: Սա է պատճառը, որ իմ կառավարությւոնը մեծապես ողջունել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործըթնացը:
- Այս իրավիճակում ինչպիսի՞ն է մոտեցումը ղարաբաղյան հարցի կարգավորմանը:
- Ես կարող եմ վստահեցնել, որ ճապոնիայում այս խնդրի մասին շատ քիչ գիտեն, թեեւ ես որպես դիվանագետ տեղյակ եմ հարցին: Հայաստանի համար սա անվտանգության խնդիր է, Ադրբեջանի համար` տարածքային ամբողջականության: Մեկ բան հաստատ է, որ հարցի կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով:
- Ինչպիսի՞ն է ճապոնիայի մոտեցումը ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությւնների հիմքում դրված ուժի չկիրառման, ազգային ինքնորոշման ու տարածքային ամբողջականության երեք հիմնական սկզբունքների առնչությամբ:
- Ես իրավասու չեմ գնահատելու այդ սկզբունքները: Ես կարճ տեղեկացել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարից իրավիճակի մասին, սակայն լիազոր չեմ գնահատականներ տալու:
- Պրն դեսպան, մոտակա ի՞նչ ծրագրեր են նախատեսվում հայ-ճապոնական հարաբերությունների կտրվածքով:
- Մեկ կարեւոր ոլորտ, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ, գործարար համագործակցությունն է: Հայաստանի եւ Ճապոնիայի առեւտրաշրջանառությունը գրեթե ոչինչ է նաեւ մասամբ այն պատճառով, որ ներկա դրությամբ տնտեսական անկում կա: Բայց մենք պետք է նպաստենք առեւտրաշրջանառությանը` նաեւ ճապոնական ներդրումների տեսքով Հայաստանում: Ինչ վերաբերում է որոշակի բնագավառում հնարավոր համագործակցությանը, ապա դեռեւս չկան կոնկրետ ծրագրեր: Կան որոշ առաջարկություններ երկու կողմից էլ, որ ուղղակի կապեր լինեն Ճապոնիայի եւ Հայաստանի գործարարների միջեւ: Աշխարհի այս հատվածը մի տեսակ դուրս է ճապոնական գործարարության հետաքրքրությունների շրջանակից, ուստի մենք խթանման կարիք ունենք: Մի տարբերակ է հայ-ճապոնական բիզնես ֆորում անցկացնել Հայաստանում, Ռուսաստանում կամ Տոկիոյում: Այդպիսի նախագիծ կար, բայց հետեւողականություն չդրսեւորվեց: Ժամանակն է այդ գաղափարները վերանայելու եւ իրականացնելու: Եվս մեկ հնարավորություն Թուրքիայի հետ սահմանի բացմամբ կարող է լինել, քանի որ ճապոնական կապիտալը ներկայացված է Թուրքիայում: Այս դեպքում կարող է լինել եռակողմ համագործակցություն:
- Դուք դեսպան եք ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, Բելառուսում եւ Թուրքմենստանում: Բացի այդ, ճապոնիան դեսպանատան տեսքով ներկայացված է Ադրբեջանում եւ Վրաստանում, իսկ ծրագրվո՞ւմ է արդյոք դեսպանատան բացում Հայաստանում:
- Անկեղծ ասած եւ լիովին թափանցիկ լինելու մոտեցմամբ ասեմ, որ իմ կառավարությունը Խորհրդային Միության փլուզումից հետո փորձում է կամաց-կամաց մեծացնել իր դեսպանատների թիվն այս տարածաշրջանում: Կան երկրներ, որ մենք դեռ չենք հիմնել մեր ներկայացուցչությունները: Սա է թերեւս նաեւ հարցի պատասխանը, թե ինչու է Ռուսաստանում դեսպանը զբաղվում նաեւ Հայաստանին, Բելառուսին, Թուրքմենստանին առնչվող հարցերով: Վրաստանում միայն այս տարի ենք բացել դեսպանատուն: Հույս ունենք, որ մոր ապագայում կհիմնենք նաեւ դեսպանատուն Հայաստանում: Հայաստանի կառավարությունը եւս քննարկում է Տոկիոյում ներկայացուցչության հարցը, որ կխթանի մեր համագործակցությունը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ