Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի ավելի լայն շահագործման համար անրաժեշտ` հսկայական վագոնի հետ 320 տոննա կշռող բեռը Ռոտերդամից արդեն հասել է Հայաստան եւ գտնվում է Հրազդան քաղաքի երկաթուղային կայարանում, որտեղից 12 կիլոմետր ճանապարհ անցնելովՙ կհասնի վերջնական կետ` Հրազդանի ՋԷԿ: Երեկ այս մասին Հրազդան քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության համակարգի գլխավոր տնօրենի տեղակալ Լեւոն Հակոբյանը :
Նրա խոսքով, ստատորը Հայաստանի երկաթուղին պետք է Հրազդանի ՋԷԿ տեղափոխեր դեռեւս 1994 թվականին: Սկսած այդ տարիներից երկաթգծում համապատասխան աշխատանքներ են կատարվել` այսպիսի ծանր բեռը տեղ հասցնել կարողանալու համար:
«Ստատորը մեծ նշանակություն ունի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործման համար: Այդպիսի ծանր բեռը տեղափոխելու համար երկաթգծում աշխատանքներ են իրականացվել, որի շնորհիվ էլ բեռը տեղափոխվել է վերջին կանգառ` Հրազդան քաղաքի կայարան», ասաց նա:
Տեղափոխումը տեւել է շուրջ 26 օր` Ուկրաինայից լաստանավով անցնելով Վրաստան` Փոթի, որտեղից էլ` Հայաստան: Վրաստանից Հայաստան է հասել 2 օրվա ընթացքում:
Ն. Մ.