Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հանրային կապերի կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց, որ իրենք չեն փոխարինում որեւէ պետական մարմնի, այլ, եթե որեւէ նման մարմին ունի տեղեկատվական օգնության կարիք, իրենք ընդամենը դա տալիս են:
Պարոն Սաղաթելյանը չցանկացավ տալ այն պետական մարմինների անունները, որոնք ավելի հաճախակի են ենթարկվում «ինտերնետային հարձակումների»: «Դա կնշանակի, որ ես մատնաշում են այն պետական մարմինները, որոնք թերանում են իրենց գործառույթներում», ասաց բանախոսը:
Այս առումով Սաղաթելյանը շատ կարեւորեց Հայաստանում ընդունված տեղեկատվության անվտանգության հայեցակարգը. «Ի դեպ, հայեցակարգի իրականացմանը հետեւում է Անվտանգության խորհրդի հատուկ գերատեսչությունը,- հավելեց բանախոսը` շարունակելով,- մենք պարբերաբար կատարում ենք ուսումնասիրություններ կայքերում եւ բացահայտումներն անհապաղ ուղարկում ենք համապատասխան մարմիններին, քանի որ մինչեւ վերջերս որեւէ պետական մարմին չուներ կանոնակարգ կայք կարդալու»: Սաղաթելյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց կենտրոնը մշակել է հանրության համար անհասանելի մի «համընդհանուր հարթակ»` հանրային կապերի պատասխանատուների համար: Դա, բանախոսի ներկայացմամբ, փակ ինտերնետ խումբ է, որտեղ երեւում է, թե այս կամ այն հանրային աշխատողը ժամանակին արձագանքո՞ւմ է իրեն ուղղված հարցերին կամ առաջադրանքներին:
Ադրբեջանի ձեռնարկած տեղեկատվական պատերազմի վերաբերյալ պարոն Սաղաթելյանը նախ նշեց, որ «չկոտրվող կայքէջ» գոյություն չունի. «Սակայն յուրաքանչյուր պետություն ձգտում է մշակել համակարգ, որ դա չլինի», ասաց բանախոսը, որի տեղեկացմամբՙ վերջերս 1200 հակահայկական տեսանյութեր են հանվել կայքերից. «Արտաքին տեղեկատվական վտանգների առջեւ մենք բոլորս մեկ թիմ ենք, մանավանդ եթե ունենք մի այնպիսի հարեւան, որ հրապարակավ հայտարարում է, որ ինքը տեղեկատվական պատերազմ է վարում. աշխարհի ոչ մի երկիր իրեն նման բան թույլ չի տա», հայտարարեց Սաղաթելյանը: Նա նաեւ վկայեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ու տեղեկատվական պատերազմով զբաղվողները, որոնք փողի պակաս չունեն, արդեն զգացել են հայկական «ուղեղի» պատասխանները. «Մոսկվայում վերջերս կայացած մեր հանդիպման ժամանակ իմ ադրբեջանցի գործընկերն առաջարկում էր ինձ զերծ մնալ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված փոխադարձ հրապարակային վիրավորանքներից», նշեց Սաղաթելյանը, ըստ որի, այսօր մենք չունենք Ադրբեջանին հակազդելու խնդիր. «Թուրքիայի պարագայում էլ ասեմ, որ այսօր, շեշտում եմՙ այսօր, մենք կարիք չունենք հակազդելու նրան», ավելացրեց բանախոսը:
Արա Սաղաթելյանը խոսեց նաեւ Հայաստանում լրագրողական կուլտուրայի մասին: Ըստ բանախոսիՙ կան թերություններ, բայց կուլտուրայի ձեւավորման համար ժամանակ է պետք: Այնուամենայնիվ Սաղաթելյանը փաստեց, որ մեր տեղեկատվական կուլտուրան փոխվել է. «Եթե նախկինում մեր լրագրողներն անվերապահորեն վերցնում էին «դրսի» կայքերի լուրերը, ապա այժմ մի քիչ մտածում են, մանավանդ եթե աղբյուրը թուրքական կամ ադրբեջանական է», նկատեց բանախոսը` ավելացնելով, որ թուրքական, ադրբեջանական աղբյուրների լուրերը ճշտելու համար իրենք պատրաստ են աշխատել լրագրողների հետ:
Լրագրողների պաշտպանության կապակցությամբ Սաղաթելյանն ասաց, որ, ըստ իրեն, լրագրողը լրագրողական կորպորացիաների կողմից պետք է պաշտպանված լինի, այլ ոչ թե պետական պաշտոնյաների. «Չեմ կարծում, թե լրագրողներին հարկավոր է «պապա», եզրակացրեց նախագահի աշխատակազմի տեղեկատվության կենտրոնի տնօրենը:
Սաղաթելյանն իր մտահոգությունները հայտնեց տպագիր մամուլի ազդեցության աստիճանաբար նվազման վերաբերյալ: Նա դա պայմանավորեց նախ լրատվամիջոցների թվի աճով. «Մեր ԶԼՄ-ները շատացան, բայց չավելացավ որակյալ մասնագետների, լրագրողների թիվը», կարծիք հայտնեց բանախոսը:
Վերջում, կրկին անդրադառնալով տեղեկատվական պատերազմներին, պարոն Սաղաթելյանը վկայեց, որ եթե նախկինում Հայաստանը գտնվում էր «մինուսում», ապա այժմ մեր դիրքերը «պլյուսային են»: «Եվ ես կարծում եմ, որ կարճ ժամանակում մենք կարող ենք էլ ավելի ուժեղացնել մեր դիրքերը», վստահեցրեց բանախոսը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերին Մոսկվայում կկայանա ԱՊՀ եւ Բալթյան երկրների խորհրդի նիստ` համընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծելու նպատակով. «Բացի այդ, կքննարկվեն լրագրողների նկատմամբ հասարակության վստահության, տպագիր մամուլի տպաքանակի նվազեցման հարցեր», եզրափակեց Արա Սաղաթելյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ