Հայ-թուրքական հարաբերությունների ներքո զարգացման ընթացքում գլխավոր ուշադրությունը նվիրվում է երկու պետությունների շահերի ու կորուստների համադրմանըՙ ո՞վ այդ հակադիր իրադրությունից դուրս կգա իր համար առավել նպաստավոր հանգուցալուծումով: Եվ դա տրամաբանական է:
Բնականաբար, հարցը չի վերաբերում միայն երկու երկրներին եւ զգալի չափով ունի նաեւ աշխարհաքաղաքական բնույթ: Եվ այս առումով կա մի պարագա, որը խնդրի կարգավորման դեպքում բարոյական շահաբաժիններ կբերի Թուրքիային, եւ հազիվ թե թուրքերը չփորձեն օգտվել դրանից:
Ամերիկացի քաղաքականագետ Սամյուել Հանթինգտոնն իր, առանց չափազանցության, հռչակավոր «Քաղաքակրթությունների բախումը» աշխարհաքաղաքական տրակտում առավել հավանական է համարում քրիստոնեական եւ իսլամական քաղաքակրթությունների առճակատումը: 90-ական թվականներին իր որակած ինը համաշխարհային քաղաքակրթություններից յուրաքանչյուրի հիմքում Հանթինգտոնը առաջնայինը համարում է կրոնը:
Ներկա պատմական փուլում երկու «սուբյեկտների» բախումը արտացոլվում է միջազգային ահաբեկչությամբ, որի ակունքներն են արաբա-իսրայելական կոնֆլիկտն ու քրիստոնեական Արեւմուտքի (ԱՄՆ-ի) բացահայտ աջակցությունը հրեական պետությանը, նույն ԱՄՆ-ի (ՆԱՏՕ-ի) արկածախնդրական պատերազմները Իրաքում եւ Աֆղանստանում: Քրիստոնեական աշխարհի դեմ ջիհադի գաղափարախոսներն ավելի ու ավելի ուժգնորեն են կոչ անում զանգվածային ոչնչացման զենք կիրառել Արեւմուտքի դեմ: Ընդսմին, խոսքն արդեն վերաբերում է ատոմային, մանրէաբանական, քիմիական զինամիջոցներին, զանազան թունավոր նյութերի եւ այլն: Եվրոպայում խալիֆաթ ստեղծելու ջատագովները շեշտը դրել են իր քրիստոնեական դեմքը հիրավի կորցնող մայր ցամաքում ժողովրդագրական առավելության հասնելու վրա. որոշ եվրոպական երկրներում մզկիթներն արդեն ստվեր են գցում եկեղեցիների վրա, իսկ Գերմանիայում իսլամի հետեւորդները (հիմնականումՙ թուրքեր) ավելի շատ են, քան, ասենք, Լիբանանում: Ահա եւ ամերիկացի փորձագետը երկու քաղաքակրթությունների բախման, պատերազմների կանխման գործում երկու տարբերակ է տեսնումՙ կամ կողմերը փոխադարձաբար կսպառեն իրենց ռեսուրսները, կամ էլ իմաստնություն կդրսեւորեն եւ կոնֆլիկտները կլուծեն բանակցությունների միջոցով:
Թե ինչու է իսլամական քաղաքակրթությունը դարձել ագրեսիվության շարժիչ ուժ, Հանթինգտոնը բերում է վեց պատճառ: Առանձնացնենք մեկը, որ մեզ ավելի է հետաքրքրում, իսլամական աշխարհը չունի առանցքայինՙ գերիշխող երկիր-կենտրոն, ինչպիսին, ասենք, քրիստոնյաների համար Ամերիկան է: Առկա է ազդեցության մրցակցությունը Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի միջեւ, ինչն էլ ստեղծում է տարերային ագրեսիվություն: Ակնհայտ է նաեւ, որ այդ իմաստով հատկապես վերջին շրջանում մուսուլմանական աշխարհի լիդեր դառնալու իր հավակնությունները շատ ավելի բացահայտ է դրսեւորում հենց Թուրքիան: Ընդսմին, թուրքերն այստեղ գործում են երկու ուղղությամբ. մի կողմից ուժեղացվում է իսլամասիրությունը, երբ, օրինակ, ցուցադրվում է հակաիսրայելական դիրքորոշում, կամ էլ «ցասումնալից» դատապարտվում են հավատակից ույղուրների դեմ բռնությունները Չինաստանում: Մյուս կողմից, թուրք լիդերները սիրում են լայնորեն տարփողել իրենց երկրի «եզակի» դերըՙ որպես կամուրջ երկու համաշխարհային մշակույթների միջեւ, որպես «արեւմտյան դեմոկրատիայի» ներկայացուցչություն մուսուլմանական մերձավորարեւելյան աշխարհաշրջանում: Թուրքիան եվրոպական պետություն է, եւ դա աշխարհագրական ու քաղաքական փաստ է, հռչակում են նրանք:
Եվ բանակցությունների գնալով Հայաստանի հետ, ինչպես ասվեց, հազիվ թե Թուրքիան, որպես ուժեղ կողմ, նկատի չի առնում նաեւ այս հանգամանքը: Ինչու չէ, արդյունքի հասնելու դեպքում Գյուլը թե Էրդողանը կարող են հայտարարել, որ դրեցին «միավորել» կամրջի եւս մի հենասյուն կամ առնվազն անկյունաքար, որ բանակցային «խաղաղ» միջոցներով հարթեցին երկու քաղաքակրթությունների միջեւ գոյացած եւս մի խոչընդոտ: Համենայն դեպս, գեղեցիկ ու տպավորիչ կհնչի: Իսկ գուցե սա էլ նպաստի «քրիստոնեական ակումբին»ՙ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցելու գործին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա