Մուշ այցելած Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յլդըրիմը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի տարածքային պահանջներ ներկայացնելու Թուրքիային: Թուրքական Vatan գործակալության տեղեկության համաձայնՙ Յլդըրիմը հայտարարել է նաեւ. «Երբ Թուրքիան իր հարեւանների հետ սառը հարաբերություններ ուներ, մենք ոչ մի բարեկամ չունեինք: Հիմա, սակայն, մենք լավացնում ենք հարաբերությունները Սիրիայի հետ, խորացնում ենք ռազմական համագործակցությունը Իրաքի հետ, բարեկամանում ենք նաեւ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը եւ Հայաստանը: Սակայն հայկական սփյուռքը հավակնություններ ունի մեր տարածքների նկատմամբ: Թուրքիան չի պատրաստվում որեւէ մեկին վնասել, սակայն հավաստիացնում ենք, որ թուրքական տարածքների վրա աչք ունեցողի «աչքը կհանենք»:
Ի դեպ, թուրք նախարարի ելույթը Մուշում ուղղված է եղել ոչ միայն հայերին, այլեւ քրդերին, քանի որ այժմ հայկական այդ քաղաքում հիմնական բնակչությունը հենց քրդեր են, որոնք Մուշը «ընդգրկել» են Քուրդիստանի տարածքում: Վերջերս էլ Մուշի նահանգի քաղաքներից մեկի քուրդ քաղաքապետը հայտարարել էր, որ Քուրդիստանը ներառում է արեւելյան Թուրքիայի զգալի մասը:
Ավելորդ չէ նշել նաեւ, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարի «աչքը հանող» ելույթը տեղի է ունեցել Մուշի Սուլուխի կամրջի մոտ, որտեղ 1907-ի մայիսի 27-ին Գեւորգ Չաուշի գլխավորությամբ հայկական զինված ուժերը ջախջախել էին թուրքական հրոսակներին:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ