«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2009-11-06 | #203, 2009-11-07 | #204, 2009-11-10


ԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐԸՙ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Ի հակադրություն ադրբեջանական էլեկտրոնային կայքերի տարածած ապատեղակատվության, պատմական փաստերի խեղաթյուրման, ստահոդ հոդվածների ու հորինված պատմությունների, հայերը համացանցում վեր են հանում պատմական ճշմարտությունը` ներկայացնելով կոնկրետ փաստեր, թվեր ու ականատեսների վկայություններ: Հսկայական արխիվում, ի տարբերություն ադրբեջանականի, բացակայում են ազգային հողի վրա գրված զգացմունքային «փաստերը», «հիշողություններն» ու անիմաստ եւ ոչ ծիծաղելի անեկդոտները:

armenianhouse.org էլեկտրոնային գրադարանը գործում է 2001-ից: Գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը նկատում է, որ այդ ժամանակ Հայաստանի, հայ մշակույթի ու պատմության մասին տեղեկություններ համացանցում գրեթե չկային: «Մինչդեռ այս կերպ սփյուռքահայերը ոչ միայն տեղեկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, այլեւ դառնում են գրքի շնորհանդեսի, մշակութային միջոցառման, նկարչական ցուցահանդեսի մասնակից», պատմում է Վրթանեսյանը:

Էլեկտրոնային գրադարանն ունի հսկայական արխիվ: Համացանցում տեղադրված են ոչ միայն հայ դասականների, այլեւ արդի հեղինակների ստեղծագործություններ, գիտական աշխատություններ, հրապարակախոսական ելույթներ ու թարգմանություններ: Գրադարանում առանձին էջով ներկայացված է 1915-ի ցեղասպանության, Արցախի ու հայ-ադրբեջանական հակամարտության մասին հսկայական տեղեկատվություն:

«Արցախյան թեման 1988-ից չի սկսվել: Հակամարտությունը խոր արմատներ ունի ու այն լիարժեք ներկայացնելու համար պետք է առնվազն ներկայացնել 20-րդ դարասկզբի պատմությունից», ասաց Վրթանեսյանը: Գրադարանը հսկայական պաշար ունի Արցախի պատմության, մշակույթի մասին: Հատկանշական է Անատոլի Յակոբսոնի «Հայկական խաչքարեր» գիրքը: Այն ծավալուն աշխատություն է հայկական քանդակագործության, խաչքարերի ու դրանց առանձնահատկության մասին: Հսկայական նշանակություն ունեն նաեւ պատմաբան, մատենագետ Արգամ Այվազյանի գիտական հետազոտությունները Հայաստանի Նախճավան- Նախիջեւան երկրամասի մշակութային արժեքների ու պատմաճարտարապետական հուշարձանների մասին: Գրադարանում տեղադրված է Այվազյանի Նախիջեւանի ԻՍՍՀ հայկական հուշարձանների համահավաք ցուցակը` հազվագյուտ լուսանկարներով:

Էկետրոնային գրադարանը հնարավորություն է ընձեռում կարդալու Վիկտոր Կրիվոպուսկովի «Արցախյան շարժման ու պատերազմի մասին հիշողություններ», Հայկ Դեմոյանի «Թուրքիան ու ղարաբաղյան հակամարտությունը. հետազոտություն Արցախյան պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին» եւ այլ գիտական գրքեր, որոնց նշանակությունն անչափ կարեւոր է միջազգային հանրությանն իրազեկելու համար:

Բացի էլեկտրոնային գրադարանից, համացանցում արդեն գործում է press.karabakh.info էլեկտրոնային պարբերականը, որի նպատակն է արցախյան հակամարտությունն ու փաստերը ներկայացնել մամուլի միջոցով: «Կոմերսանտ», «Իզվեստիա», «Կոմսոմոլեց» ու էլի 35 հայկական ու ռուսական պարբերականների հոդվածները ներկայացնում են հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ժամանակագրությունը:

Sumgait.info պարբերականն էլ նվիրված է ադրբեջանցիների իրականացրած սումգայիթյան ջարդերին: Հիշողություններ, հոդվածներ, մանրամասներ, փաստեր, որոնք կարեւոր են ոչ միայն պատմագիրների, այլեւ ապագա սերունդների համար` պատմությունը ճանաչելու եւ մեղավորներին մատնացույց անելու: Պարբերականը ներկայացնում է բացառիկ փաստեր «Կոլցո» գործողության, ադրբեջանցիների իրագործած էթնիկ զտումների, Բերդաձորի, Մարաղայի ու Սումգայիթի ջարդերի մասին:

yerablur.am պարբերականն էլ պատմում է Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հիմնախնդիրների մասին: Հոդվածներ, գրքեր, ժամանակագրություն, ազատամարտիկների սխրագործություններ, ելույթներ, Սումգայիթի ու Բաքվի ջարդերի բացառիկ լուսանկարները, ֆիդայական, հայրենասիրական երաժշտության հսկայական ցանկ, պատմական քարտեզներ ու տեսագրություններ: Թվարկածը կայքէջում ներկայացված հսկայական պաշարի մի փոքրիկ մասն է` վեր հանելով պատմական արդարությունն ու ադրբեջանական կողմի վայրագությունները:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4