«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2009-11-06 | #203, 2009-11-07 | #204, 2009-11-10


ՀԴՄ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՊԱԼՎԵԼ

Բոնուսների չափը 1 տոկոս թողնելու պարագայում

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դեռ սեպտեմբերին, երբ կառավարության որոշմամբ ՀԴՄ-ների կտրոնների բոնուսների համար չորրորդ եռամսյակում նախատեսված 543 մլն դրամը տեղափոխվեց երրորդ եռամսյակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ փաստում էր, որ 50 հազար քաղաքացի ստացել է եւ ստանալու է բոնուսները, եւ որ պետական եկամուտների կոմիտեն այս միջոցառման շնորհիվ արդեն իսկ լրացուցիչ հավաքել է 5 մլրդ դրամ: Թվում էր, թե կառավարությունը պետք է շարունակեր խրախուսել եւ օժանդակել մարդկանցՙ ՀԴՄ կտրոններ պահանջելու ակտիվությունը: Մինչդեռ, արդեն նոյեմբերի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, վկայակոչելով բոնուսների համար բյուջեով հատկացված գումարների սպառվելը, վարչապետի առաջարկությամբ որոշվեց չորրորդ եռամսյակի համար ընդհանրապես բոնուսներ չտրամադրել: Սա առաջին լուրջ հարվածն էր մանրածախ առեւտրաշրջանառությունը ստվերից դուրս բերելու նոր-նոր սկսվող գործընթացին:

Վերոնշյալ քայլին դիմելու կառավարության եւ վարչապետի այս մոտեցումն այլ կերպ, քան տարօրինակ, անվանել չի կարելի: Մի կողմից փաստվում է, որ ՀԴՄ կտրոնների բոնուսների շնորհիվ ստվերից դուրս է բերվել 40 մլրդ դրամ շրջանառություն եւ 5 մլրդ դրամ բյուջե գումար է մուտքագրվել, մյուս կողմիցՙ առեւտրի համար տարվա ամենանպաստավորՙ չորրորդ եռամսյակի համար գումար չի հատկացվում բունուսներ ստանալու նպատակով: Եթե 5 մլրդ դրամ լրացուցիչ գումար է մտել պետական բյուջե, իսկ բոնուսների համար տարվա ընթացքում տրամադրված գումարը մոտ 1,4 մլրդ դրամ էր, ապա մի՞թե հնարավոր չէր այդ լրացուցիչ 5 մլրդ դրամից որոշ գումար հատկացնել չորրորդ եռամսյակի համար: Մի՞թե պարզ չէ, որ մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացնելով չորրորդ եռամսյակի համար, դրանից 2-3 անգամ ավելի հարկային մուտքեր էին ստացվելու: Սա չարվեց եւ դրան որեւէ տրամաբանական բացատրություն չտրվեց: Սակայն առավել անտրամաբանական է բոնուսների տրամադրման այն նոր կարգը, որը նախատեսվում է կյանքի կոչել 2010-ի հունվարի 1-ից: Ճիշտ է, այն նաեւ դրական փոփոխություններ է նախատեսում:

Նոր կարգի դրական փոփոխություններից է ՀԴՄ կտրոնների բոնուսների ստացման համար միանգամից բանկերին դիմելը եւ հարկային ծառայությունից միջնորդագիր ստանալու պահանջի վերացումը: Դրա անհրաժեշտության մասին, երբ նոր էր ներդրվել այս համակարգը, անդրադարձել էինք վաղուց, («Հավաքած ՀԴՄ-ների կտրոնների դիմաց պարգեւավճար կստանանք», «Ազգ» , 3 ապրիլի, 2009), նշելով, որ տպավորություն է ստեղծվում, թե միջնորդագիր ստանալու, ապա բանկեր գնալու այդքան երկար կարգն արված է, որ մարդիկ չցանկանան ստանալ իրենց բոնուսները: Գրել ենք նաեւ, թե «ինչ հերթեր ու իրարանցում կտիրեն այդ օրերին հարկային տեսչության ստորաբաժանումներում, ինչը հաստատապես կվարկաբեկի այս գաղափարը»:

Այն ժամանակ կառավարության եւ պետեկամուտների կոմիտեի պատասխանատուները հավաստիացնում էին, որ հերթեր չեն լինի, որ համապատասխան մեխանիզմներ եւ սարքավորումներ կներդրվեն: Իրականում տեղի ունեցավ այն, ինչ ի սկզբանե սպասելի էր:

Հաջորդ դրական փոփոխությունը, ինչը կարելի էր արդեն այժմ կյանքի կոչել, ՀԴՄ կտրոնների տարանջատումն էՙ բոնուսայինի եւ ոչ բոնուսայինի, նկատի ունենալով հաստատագրված վճարներով աշխատող ընկերությունների զեղծարարությունները:

Դրական է նաեւ այն հանգամանքը, որ այլեւս սանդղակներՙ ըստ կտրոնների քանակի եւ գումարի, չեն լինի: Կառավարության որոշմամբ, հունվարի 1-ից հետո բոնուսներ կստանան 50-ից 500 կտրոններ ներկայացնողները, որոնց վրա արտացոլված գործարքների հանրագումարը 100 հազար դրամից պակաս չի լինի: Ի դեպ, սանդղակների վերացման անհրաժեշտության մասին նույնպես մեր թերթում գրել ենք:

Լավ է, անշուշտ, որ կառավարությունն, ի վերջո, գալիս է տրամաբանական լուծումների, բայց վատ է, որ դա արվում է ուշացումով եւ անտեսելով մինչ այդ արված առաջարկները: Ցավոք, կարծես թե նման իրավիճակ է ստեղծվում նաեւ բոնուսների տրամադրման նոր կարգի դեպքում: Խոսքը ՀԴՄ կտրոնների դիմաց բոնուսների չափի մասին է: Դրական փոփոխությունները բոնուսների տրամադրման կարգում եւ ընդհանրապես ՀԴՄ-ների կիրառման ամբողջ գործընթացը պարզապես կարող են տապալվել կառավարության սահմանած ընդամենը 1 տոկոս բոնուսի պատճառով: Եթե անգամ 2,5 կամ 3 տոկոս բոնուսի չափերը շատ-շատերի համար լուրջ խթաններ չէին, որպեսզի կտրոններ պահանջեին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի բնակչության ակտիվությունը 1 տոկոսի դեպքում:

Եթե հիմա, օրինակ, որոշակի քանակի կտրոնների դեպքում 400 հազար դրամի դիմաց կարելի է ստանալ 10 հազար դրամ բոնուս, ապա հունվարի 1-ից հետո 400 հազար դրամի կտրոնների դեպքում պետք է տրվի ընդամենը 4 հազար դրամ եւ այսպես շարունակ: Անգամ սանդղակի բացակայության հանգամանքը, որի դեպքում որոշ քանակի եւ արժեքի կտրոններ դուրս էին մնում բոնուսներից, կամ բանկերից առանց հերթերի բոնուս ստանալու հանգամանքը, ոչ մի կերպ չեն արդարացնում բոնուսի չափի նվազեցման կառավարության որոշումը:

Արդեն հիմա կարելի է ենթադրել, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի նոր կարգի հետեւանքով: Բնակչության եւս մի զգալի հատված կհամալրի կտրոն չպահանջողների բանակը, քանի որ համարում է, որ 1 տոկոսն այն գումարը չէ, որի համար արժե կտրոն պահանջել: Կավելանան կտրոն չտրամադրող առեւտրային եւ սպասարկման օբյեկտները, կնվազեն տրամադրողների կտրոնների քանակն ու դրանց վրա արտացոլված գումարները: Այսինքնՙ ստվերում կմնա մանրածախ առեւտրաշրջանառության մեծ մասը, եւ համապատասխանաբար բյուջեն չի ստանա ակնկալվող լրացուցիչ մուտքերը:

Պարզից էլ պարզ է, որ սա այն դեպքն է, երբ որքան շատ գումար հատկացվի (ներդրվի), այնքան շատ գումար կստացվի եւ այնքան մեծ գումարներ կմտնեն բյուջե: Կառավարությունն ու պետեկամուտների կոմիտեն ՀԴՄ-ների կիրառման ուղղությամբ իրենց ջանքերը գոնե ափսոսան եւ ի չիք չդարձնեն, ինչի ակնհայտ վտանգ առկա է ՀԴՄ-ների կտրոնների դիմաց բոնուսների չափը 1 տոկոս թողնելու պարագայում: Սպառողների ներկա ակտիվության պահպանման համար այդ չափը նվազագույնը 2 տոկոս դարձնելու հրատապ անհրաժեշտություն կա: Չարժե այս անգամ եւս ամիսներ կորցնել ի վերջո իրատեսական տարբերակին վերադառնալու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4