«Ազգը» տեղեկացրել էր, որ նոյեմբերի 8-19 Երեւանում անց է կացվելու երիտասարդ ռեժիսորների հանրապետական 4-րդ փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ ՊՀԹ շենքում ազդարարեցին փառատոնի մեկնարկը: Ներկա թատերասերներին ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը ողջունելով նշեց, որ նախորդ տարվա փառատոնի մասնակիցներից 7 երիտասարդ ռեժիսորներ գործուղվել են Մոսկվա ու Լեհաստանՙ մասնակցելու վարպետության դասընթացներին:
Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանը կարեւորելով նման փառատոների անցկացումը նշեց, որ ռեժիսորի մասնագիտությունը ծանր ու դժվարին է, եւ ոչ թե պետք է փառատոների համար գործ անել ու հոգնած մարդու կեցվածք ընդունել, այլ մշտապես աշխատել, պրպտել ու հանդիսատեսին մատուցել այնպիսի գործեր, որոնց նրանք սպասում են: «Իսկ մենք մեծերս երիտասարդներից շատ բան ունենք սովորելու եւ սպասում ենք նրանց ստեղծագործական հաջողություններին»:
Փառատոնին մասնակցող 14 երիտասարդ թատերական ռեժիսորներին ողջունեց նաեւ ՀՀ մշակույթի նախարարության կինոյի եւ թատրոնի վարչության պատասխանատու Կարո Վարդանյանը : Նա նշեց, որ այսօրվա երիտասարդ ռեժիսորները պետք է գան լրացնելու ու նաեւ փոխարինելու մեր անվանի ու հայտնի բեմադրիչներին, որոնք հայ թատրոնի ավանդույթները պահպանելով, այն փոխանցել են այս սերունդին: Փառատոնի 14 երիտասարդ ռեժիսորներին կրկին շնորհավորելուց հետո փառատոնը բացելու պատիվը տրվեց Վանաձորի Հ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոնինՙ ներկայացնելու Վ. Քաչայի «Գիշատիչների խնջույքը» գործը Սարգիս Մանուկյանի բեմադրությամբ: Մոտ 1,5 ժամ տեւած ներկայացումը հանդիսատեսին լարված էր պահել գործողությունների զարգացմամբ ու դերասանական համոզիչ խաղով: «Ազգի» այն հարցին, որ թեման արդիական չէ, ինչո՞ւ է ընտրել հենց 1941-42 թթ. Հայրենականի օրերի հետ կապված դրվագը, Սարգիս Մանուկյանը պարզաբանեց. «Ըստ ինձ, թեման այսօրվա էլ կարելի է համարել, եւ մեր օրերում էլ նման «գիշատիչների» կարող ենք հանդիպել, սակայն իմ նպատակն է եղել վեր հանել մարդկային բնավորությունների տեսակներ, որոնք իրենց խառնվածքով տվյալ իրավիճակում ցույց են տալիս իրենց իսկական դեմքը: Ահա սա է ասելիքս»:
Փառատոնի հաջորդ օրը ՀԹԳՄ-ում Արթուրո Սայանը ներկայացրեց Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին»: Իսկ ՊՀԹ-ում Կարապետ Բալյանը հանդիսատեսի դատին հանձնեց Վ. Շեքսպիրի «Ջուլիետ» մոնոներկայացումը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ