«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2009-11-06 | #203, 2009-11-07 | #204, 2009-11-10


ԻՐԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՒՅՆ ՇԱՀԵՐՆ ՈՒՆԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Նոյեմբերի 8-ին Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ոչինչ չի կարող խոչընդոտել Իրան-Թուրքիա հարաբերությունների հետագա զարգացմանը: «Մեր երկու երկրները նույն շահերն ունեն տարածաշրջանում», նկատել է Իրանի նախագահը:

Էրդողանն իր հերթին համաձայնելով նրա հետ նշել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել Թուրքիայի եւ Իրանի միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերը:

Միեւնույն ժամանակ, Press TV-ի տեղեկությամբ, նոյեմբերի 9-ին Ահմադինեժադ-Գյուլ հանդիպման ընթացքում քննարկվել են «տարածաշրջանի կարեւորագույն խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները»:

Իրանի նախագահը Ստամբուլում է «Իսլամական կոնֆերանսի» տնտեսական ու առեւտրային մշտական հանձնաժողովի 25-րդ նիստի շրջանակներում:

Հանձնաժողովի նիստերին մասնակցելու են եկել նաեւ Աֆղանստանի նորընտիր նախագահ Համիդ Կարզայը, Ղրղզստանի եւ Սիրիայի նախագահներ Կուրբանբեկ Բակիեւն ու Բաշար Ասադը, ինչպես նաեւ Պաղեստինի ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադը եւ աֆրիկյան ու արաբական այլ երկրների ղեկավարներ:

Կոմիտեի նիստում քննարկվելու են մասնակից երկրների համագործակցության հարցերը կենտրոնական բանկերի, մաքսակետերի մակարդակով, ինչպես նաեւ հարցեր` հարկերի նվազեցման եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4