Յոթերորդ անգամ նշվեց Քաղաքի օրը
Ինչ կուզեք ասեք` մեր երեւանաբնակը, հատկապես այսօրվա երիտասարդը երբ ասում է «քաղաք», հասկանում է բացառապես միայն Երեւան: Իհարկե` Հայաստանում: Մնացյալը, նրա պատկերացմամբ, ինչ-որ «շռջաններ» կամ «ռայոններ» են, այսինքն թե` եղած-չեղած մի բան: Այս երկիր ամայացնող արմատացած մտայնության դեմ առաջինը բողոքող լենինականցի-գյումրեցին էլ տեղն եկած տեղը ոչ անհիմն խրոխտանում է, թե «տո վախտին մենք որ քաղաք էինք, էդ Երեւանդ հըլը ի՞նչ էր»:
Հին ու ավանդաշատ Գյումրին, սակայն, որի երեկ-մյուս օրվա խոշոր արդյունաբերական դիմագիծը մեր անկախական իրարահաջորդ կառավարությունները երկրաշարժից ավելի հետեւողական մարեցին-վերացրին, ընդամենը մի քանի տարի է, որ ունի իր Քաղաքի օրը: Սովորաբար սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվող «Գյումրու օրն» այս տարի ինչ-ինչ պատճառներով բավական ուշացել, հասել էր մինչեւ նոյեմբերի 7-ը, բայց բնության բարեհաճությամբ այդ օրն էլ քաղաքում հրաշալի տաք, արեւոտ եղանակ էր, այնպես որ նախատեսված ողջ ծրագիրն իր տեղին ու ժամանակին կատարվեց:
Օրվա տոնական միջոցառումները մեկնարկեցին ժամը 16-ին, ինչպես միշտ` քաղաքի մուտքի մոտ մայրաքաղաքային բարձրաստիճան եւ պատվավոր հյուրերի դիմավորումից հետո: Նրանց թվում էին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, կոալիցիոն կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչներ: Մարզային ու քաղաքային ղեկավարները նրանց հետ այստեղից ուղեւորվեցին նախ Շիրակացի փողոց, որտեղ արդեն քաղաքացիների հոծ բազմություն էր հավաքվել: Հանդիսավոր պայմաններում այստեղ բացվեց մեր միջնադարի մեծ մտածող Անանիա Շիրակացու մոնումենտալ արձանը (գործ` Սամվել Պետրոսյանի): Հաջորդը Սբ Ամենափրկիչ եկեղեցու թիկունքին գտնվող հրապարակի վերջնամասում «Չադրենց աղբյուրի» բացումն էր, որը հին Գյումրվա աղբյուրաշինության ավանդույթների վերականգնման խորհուրդն ուներ: Նախ հոգեւորականներն օրհնեցին սրբատաշ սեւ քարով, կարմիր զարդանախշերով ու խաչով աղբյուրը, ապա դերասանները գեղարվեստական համով-հոտով խոսքով հիշեցին քաղաքի հին աղբյուրագործ վարպետներին, նրանց գերդաստաններն ու բարի գործերը:
Աղբյուրի մոտից դեպի կենտրոնական հրապարակ կարճ ճանապարհին տոնակատարության մասնակիցները մի պահ կանգ առան ու խոնարհումով ծաղիկներ դրեցին «Երկրաշարժի զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանին: Ապա կատարվեց հրապարակին հարող նորակառույց փողոցի բացումը: Վերջինս ուղիղ գծով միացնում է Չերազի ու Սպանդարյան փողոցները, միաժամանակ իր վրա առնելով հրապարակում տրանսպորտային երթեւեկության մի մասը: Ի դեպ, տոնական զարդարված հրապարակում այդ օրը ավելացել էին նոր, գեղեցիկ նստարաններ ու աղբամաններ, որոնք քաղաքային կենցաղի ոչ պակաս տարրեր են:
«Գյումրու օրվա» հանդիսությունների մի կարեւոր մասը պատվավոր կոչումների շնորհումն ու պարգեւների հանձնումն է, որն այս անգամ եւս կայացավ «Հոկտեմբեր» կինոթատրոնի բազմամարդ դահլիճում: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը , մինչ պարգեւների հանձնումը ներկայացնելով քաղաքի կառուցման ընթացքը, մասնավորապես նշեց, որ այստեղ այսօր 70 մլրդ դրամի մասնավոր շինարարություն է կատարվում, իսկ պետության կողմից երկրաշարժից անօթեւանների համար կառուցվող 1300 բնակարանները կհանձնվեն երկու ամսից: Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, քաղաքում երկար տարիներ կուսակցական ղեկավար աշխատանք կատարած, նաեւ կուսքաղկոմի առաջին քարտուղար աշխատած Տաճատ Սարգսյանին: Ավետիք Իսահակյանի դիմապատկերով պատվավոր «Վարպետ» ոսկե կրծքանշանով պարգեւատրվեցին ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, երգչուհի, ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանը, Գյումրու ոսկեզօծ զինանշանով` քաղաքի վաստակաշատ դեղագործ Ռազմիկ Հովհաննիսյանը: Դրամական պարգեւներ հանձնվեցին քաղաքի դպրոցների մեդալակիր շրջանավարտներին: Իսկ Մոսկվայի «Ժամանակակից հումանիտար ակադեմիայի» Երեւանի մասնաճյուղի ռեկտոր Լարիսա Ռշտունին պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհեց Գյումրու քաղաքապետին:
Ամենաբազմամարդն, իհարկե, կենտրոնական հրապարակն էր, որտեղ երեկոյան սկսված տոնական համերգը տեւեց մինչեւ գիշեր:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ