«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2009-11-06 | #203, 2009-11-07 | #204, 2009-11-10


ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը: Նոյեմբերի 4-ին սրբազան հայրն այցելեց Վանաձոր, եղավ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում, որտեղ կայացավ նրա հանդիպումը քաղաքի մտավորականների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Սրբազան հայրը շրջեց տուն-թանգարանումՙ ծանոթանալով Ստեփան Զորյանի կյանքին եւ ստեղծագործություններին: Բացման խոսք ասաց տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը : Նա ներկայացրեց սրբազան հոր կենսագրությունն ու նրա գործունեությունը:

Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 25-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Բեյրութում սովորել է երկրորդական վարժարանում, 1961-ին ավարտել է Անգլիայի Դարհեմ քաղաքի համալսարանի արեւելագիտության բաժինը: 1964-ից փիլիսոփայական գիտությունների դոկտոր է: 1962-1980թթ. եղել է Հայ առաքելական եկեղեցու Ավստրիայի հոգեւոր հովիվը:

Ներկայացվեց նաեւ, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը 1980 թվականից Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակն է Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրներում, 1999-իցՙ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ է: Հեղինակել է կրոնի պատմության մասին եւ պատմական, փիլիսոփայական բնույթի մեկ տասնյակ աշխատություններ: Նա 1981-ից Վիեննայի պետական համալսարանի, բյուզանդագիտության ինստիտուտի հայագիտության պատվավոր պրոֆեսոր է: Մի շարք գրքերի հեղինակ է. «Հայ եկեղեցու պատմություն», «Հայերն Օսմանյան կայսրության ծառայության մեջ», «Քաղկեդոնը եւ նրա հետեւանքները», «Հայ եկեղեցի» եւ այլն: Տպագրության ընթացքի մեջ է նրա «Հայ եկեղեցու քրիստոնեաբանություն» գիրքը: Այնուհետեւ, ի պատասխան ողջույնի, սրբազան հայրը շնորհակալություն հայտնեցՙ կարեւորելով հանդիպումները ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետՙ նշելով, որ այդ ընթացքում խնդիրները բարձրաձայնվում եւ հնարավոր լուծման տարբերակներ են քննարկվում: Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը ողջունեց հյուրին եւ հարց ուղղեց. «Իհարկե, մենք ծանոթ ենք Ձեր կենսագրությանը, գիտենք նաեւ, որ Հռոմի պապի հովանավորությամբ Ձեր մասին ծավալուն գիրք է տպագրվել: Մեծ հեղինակություն ունեք եւ այդ ամենն օգտագործում եք ի շահ Հայ եկեղեցու ու հայապահպանության: Կենտրոնական Եվրոպայում եւ Սկանդինավյան երկրներում հայապահպանման խնդիրներն ինչպե՞ս են լուծվում»:

Սրբազան հայրը պատասխանեց. «Արտասահմանում Հայ առաքելական եկեղեցին կարեւոր դեր ունի հայապահպանության գործում: Եկեղեցին նաեւ մշակութային, կրթական կենտրոն էՙ հայ եկեղեցին հայ պետություն է արտասահմանում: Օրինակՙ Վիեննայում շաբաթ օրերը գործող դպրոց ունենք, որտեղ 5-ժամյա դասընթացներ են իրականացվում. այստեղ մասնավորապես հայոց լեզու են սովորում: Եկեղեցին է, որ հայ լեզու է սովորեցնում եւ հայոց ոգին կենդանի է պահում: Հայաստանի մեջ եկեղեցու դերը կրոնական է, իսկ արտերկրումՙ այլ, ավելի հայապահպանական: Այդ ուղղությամբ, իհարկե, աշխատանքներ իրականացվում են. փոքրիկ դպրոցները դրա վառ ապացույցն են»:

Սրբազան հայրը խոսեց Վիեննայում գործողՙ Հովհաննես Շիրազի անվան շաբաթօրյա դպրոցի մասին, ապա լրագրողների խնդրանքով անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններինՙ հայտնելով իր տեսակետը:

«Կարեւոր է, որ բարի հարաբերություններ լինեն,- ասաց նա:- Առաջինը Հայաստանի համար լավ է տնտեսական իմաստով, սակայն պետք է մենք էլ մտածենք ոչ միայն ներմուծելու, այլեւՙ որոշ արտադրատեսակներ արտահանելու մասին: Այս հարաբերությունը շատ կարեւոր է մշակութային եւ հոգեւոր իմաստով: Ինչո՞ւ, որովհետեւ այստեղից գնալով կարելի է կորուսյալ Հայաստանը «վերակենդանացնել» մեր ներկա մշակույթի մեջՙ բանաստեղծություններով, նկարներով, հուշերով: Այստեղ պետք է նշեմ նաեւ, որ հուշարձաններն էլ մոռացության մեջ չեն մնա եւ կվերականգնվեն: Վերագտնել է պետք կորուսյալ հայրենիքըՙ թեկուզ մշակույթի մեջ, դա էլ է կարեւոր: Կարծում եմՙ այս հարաբերությունները ցեղասպանության ընդունմանը կարող են օգնել: Կան թուրք մտավորականներ եւ լրագրողներ, ովքեր ընդունում են, որ Թուրքիան հայ ժողովրդի հանդեպ անարդար է եղել եւ ողբերգություն է եղել»: Սրբազան հայրը հույս հայտնեց, որ վաղ թե ուշ Թուրքիան նույնպես կընդունի Հայոց ցեղասպանությունը, քանզի աշխարհի մեծ տերությունների զգալի մասն արդեն ընդունել են:

Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանին լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրներում գործող Հայ առաքելական եկեղեցիների առջեւ ծառացած խնդիրներին, կատարվող աշխատանքներին:

Սրբազան հայրը տեղեկացրեց, որ եկեղեցիներում հոգեւորականները պարբերաբար պատարագներ են մատուցում, որոնց մասնակցում են հայ համայնքի ներկայացուցիչները: Նա ուրախությամբ շեշտեց, որ հիշյալ համայնքներում աղանդավորական խմբերին հարողներ գրեթե չկան, եւ տեղի հայերը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են:

Հանդիպման վերջում սրբազանը հույս հայտնեց, որ կրկին կհյուրընկալվի Վանաձորում: Նա խոսեց նաեւ հայ մեծերի հետ իր հանդիպումների, մասնավորապես Արամ Խաչատրյանի եւ Վիլյամ Սարոյանի, ինչպես նաեւ Խաչիկ Դաշտենցի, Վաղարշակ Նորենցի, Ժան Էլոյանի եւ ուրիշների մասին:

Հանդիպումը եզրափակվեց երգիչ Ստեփան Դալլաքյանի կատարումներով:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4