«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2009-11-06 | #203, 2009-11-07 | #204, 2009-11-10


ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 3-րդ տուրում վերջապես առաջին հաղթանակները գրանցվեցին: Ուրախալի է, որ 3 հաղթանակներից մեկն իր օգտին գրանցեց Լեւոն Արոնյանըՙ պարտության մատնելով Պետեր Լեկոյին: Արդյունավետ էր նաեւ Անանդ-Սվիդլեր պարտիան, որում հաղթեց աշխարհի ներկայիս չեմպիոնը: Կրամնիկն էլ սեւերով առավելության հասավ Մորոզեւիչի նկատմամբ: Գելֆանդ-Կառլսեն, Իվանչուկ-Պոնոմարյով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

4-րդ տուրում մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Մագնուս Կառլսենի եւ Լեւոն Արոնյանի մրցավեճը, որում հայ շախմատիստը խաղում էր սեւերով: Մրցակիցները 32-րդ քայլին հաշտություն կնքեցին: Հետաքրքրական է, որ մրցակիցների անդրանիկ հանդիպումը կայացել է 2004-ին, երբ Մագնուսը 14 տարեկան էր: Այն ժամանակ նրա վարկանիշը 2552 էր (ներկայումսՙ 2801), Արոնյանը նրան գերազանցում էր 93 կետով: Հերթական պարտիան դասական շախմատի 23-րդ հանդիպումն էր մրցակիցների միջեւ: Նրանցից յուրաքանչյուրը 5-ական հաղթանակ է տոնել, 13 պարտիա էլ ավարտվել է ոչ-ոքի:

4-րդ տուրում միայն Վլադիմիր Կրամնիկին հաջողվեց հաղթանակ տոնել` պարտության մատնելով Պյոտր Սվիդլերին: Այդ հաջողության շնորհիվ Կրամնիկը 3 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Մորոզեւիչ-Գելֆանդ, Լեկո-Իվանչուկ, Պոնոմարյով-Անանդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը Վիշվանաթան Անանդի հետ 2,5 միավորով հետապնդում է առաջատարին: Մագնուս Կառլսենը, Բորիս Գելֆանդը, Ռուսլան Պոնոմարյովն ու Վասիլի Իվանչուկն ունեն 2-ական, Ալեքսանդր Մորոզեւիչն ու Պետեր Լեկոն` 1,5-ական միավոր: Աղյուսակը 1 միավորով եզրափակում է Պյոտր Սվիդլերը:

Երեկ շախմատիստները հանգստանում էին, իսկ այսօր «Նացիոնալ» հյուրանոցից կտեղափոխվեն ԳՈւՄ-ի դահլիճ, որտեղ կշարունակեն մրցաշարնՙ անցկացնելով 5-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սպիտակներով կխաղա Մորոզեւիչի հետ: Կրամնիկի մրցակիցը կլինի Գելֆանդը: Զույգեր կկազմեն նաեւ Իվանչուկն ու Կառլսենը, Անանդն ու Լեկոն, Սվիդլերն ու Պոնոմարյովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4