«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2009-11-07 | #204, 2009-11-10 | #205, 2009-11-11


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՅՍԵՐԻԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼՔԵԼ ԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ

Թուրքական Hurrieyet-ը գրում է, որ կենտրոնական Անատոլիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի շրջանում գտնվող Թալաս ավանի բնակիչ Սարգիս Գառնիկօղլուն , չնայած այս շրջաններում մնացած վերջին հայերից է, չի պատրաստվում լքել իր բնակավայրը: «50-ամյա Գառնիկօղլուն պարբերաբար հաճախում է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ մասնակցում եկեղեցական աշխատանքներին», գրում է թուրքական թերթը` մեջբերելով Գառնիկօղլուի խոսքը. «Իմ ընտանիքն այս ավանի ամենահին ու հայտնի ընտանիքներից է: Ես նրա վերջին ներկայացուցիչն եմ, ու մտքովս երբեք չի անցել լքել այս վայրերը: Ես հոգիս կավանդեմ հենց այստեղ: Կայսերիից դուրս ես ինձ կզգամ ինչպես ձուկը ցամաքում», ասել է նա:

Թերթը գրում է նաեւ, որ Կայսերին ծննդավայր է եղել բազմաթիվ հայերի, որոնք հատկապես 60-ականներին արտագաղթել են ԱՄՆ եւ Եվրոպա: «Քաղաքի հայտնի հայերից մեկը եղել է Հակոբ Մարթայանը` թուրքական այբուբենի հեղինակը, որի համար թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը անվանել է նրան Dilacar (թարգմանաբար` լեզվաբան)», գրում է թուրքական թերթը:

Hurrriyet-ը թվարկելով Կայսերիի հայտնի հայկական ընտանիքների անունները, նշում է նաեւ Պալայաններին եւ Գյուլբենկյաններին. «Պալայանները (պետք է լինի Պալյան (ծ.խ.) Օսմանյան կայսրության ժամանակ ճարտարապետներ էին: Ստամբուլի շատ եկեղեցիների, մզկիթների, պալատների վրա կարելի է հանդիպել նրանց ստորագրությանը: Իսկ Գյուլբենկյանները զբաղված էին առեւտրով եւ մեծ դեր էին խաղում միջազգային նաֆթարդյունաբերությունում: Նրանք նաեւ ունեին արվեստի գործերի եզակի նմուշներ, որոնք ցուցադրվում են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում», հայկական պատմության որոշ դրվագների պատկերումը եզրափակել է թուրքական թերթը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4