«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2009-11-07 | #204, 2009-11-10 | #205, 2009-11-11


ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ` ԵՐԲ ՀԱՄԱ՛ՅՆՔՆ Է ՏԵՐԸ

Իրավիճակ. «Համատիրության մեջ բիզնես չկա, ծառայություն կա»

1998 թվականին, երբ պետությունը որոշեց ազատվել քաղաքային տնտեսության ամենաբարդ օղակից` բազմաբնակարան շենքերի կոմունալ խնդիրների հոգսից, ստեղծվեցին առաջին համատիրությունները: Հասմիկ Բաղդասարյանը հիմնադրեց եւ սկսեց ղեկավարել «Հասմիկ» համատիրությունը: Զրուցակիցս այս պահին Երեւանի Չարբախ համայնքում կազմակերպում է 8 շենքի, այսինքնՙ 240 տնտեսության աշխատանքներ, մոտավորապես 700 հոգանոց բնակչության համար: Ըստ նրա, այն օրվանից առ այսօր համատիրությունը, որպես տնտեսվարման տեսակ, ճիշտ չի աշխատում: Պատճառները շատ են: «Ժողովուրդը սխալ է հասկանում, թե ինչու է իր մուծած վարձաչափն ըստ բնակարանի մակերեսի քառակուսու սահմանված: Եվ ընդհանրապես ինչի՞ համար է ինքը գումար վճարում համատիրությանը: Սա համարվում է անդամավճար այն կազմակերպությանը, որին հանձնաժողովի որոշմամբ միացել ես: Նույն կերպ անդամավճար են տալիս կուսակցականները: Համատիրության ամենացավոտ խնդիրն այն է, որ բնակիչը չի հասկանում, որ իր մուծած անդամավճարը լուծում է աղբահանության եւ տարածքի մաքրության խնդիրները: Տեղեկանք տալու համար մենք բնակչից գումար գանձելու օրինական իրավունք ունենք, որը չնչին գումար է կազմում: Հավաքագրված գումարների 25 տոկոսն իրավունք ունենք աշխատավարձ տալու: Սա շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի համար մենք չենք հարկվում: Մենք սպասարկող, ծառայություններ մատուցող կազմակերպություն ենք, ասում է Հասմիկ Բաղդասարյանը : Ամեն տարի մինչեւ փետրվարի 15-ը մենք ժողով ենք անում եւ որոշում հավաքագրվելիք գումարի մոտավոր չափը եւ անհապաղ, անհետաձգելի վերանորոգությունները, որոնք վերաբերում են բնակչի բնակարանի դռնից դուրս գտնվող տարածքի` մինչեւ բակի որոշակի հատված: Վերջինս կազմում է մուտքից 1,5 մետր տարածք, բայց եթե մենք տեր կանգնենք միայն մեր պատասխանատվության տակ գտնվող տարածքին, անտեսելով մնացյալը, միեւնույնն է, բնակիչների բողոքների թուքումուրից գլուխ չենք ազատի: Երբեք չենք ասում մեր աշխատակցին, թե մի մաքրիր 1,5 մետր տարածքից այն կողմ: Մենք ոչ մի տեղ չգրված պարտավորություն ունենքՙ բակին տիրություն անել ամբողջությամբ, խաղահրապարակ կառուցել, վերանորոգել եւ այլն, բայց եթե մեկն ու մեկը որոշի ավտոտնակ կամ ապօրինի շինություն կառուցել, այդ ժամանակ քաղշինվարչությունը եւ թաղապետարանըՙ յուրաքանչյուրն իր հերթին, գալիս են եւ քաղաքային շինարարության օրենքներն են թափահարում: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, թե իրերն ինչ ընթացք են ստանում»: Որպես կոնկրետ օրինակ Հասմիկ Բաղդասարյանը նշում է. «Ծերեթելի 86 շենքի խաղահրապարակը վերանորոգեցինք, բայց քանի որ ավանտյուրիստներն իրենց խանութի դռանը բեռնատար մեքենա կանգնեցնելու եւ բեռնաթափելու խնդիր ունեին, մի գիշերվա մեջ խաղահրապարակը ավերեցին: Դրա համար քաղաքապետարան ու թաղապետարան էլ դիմեցինք, բայց ի՞նչ օգուտ: 77 քմ-ից թողել են 50 քմ, այն էլ կյանքի գնով ենք պահում»:

Կոմունալ տնտեսության ողբերգությունը

«Տեսեք, «Երեւանջուրը» իր ծառայությունների մեջ նշում է ջրամատակարարում եւ ջրահեռացում, բայց այդ կազմակերպությունում երբեք ջրահեռացման մասին չեն մտածել: Շենք մտած ջրագիծն արդեն համատիրության պատասխանատվության տակ է, նրա վերանորոգման մասին մտահոգությունն էլ հետը: Նույնը` ջրահեռացումը: Մինչդեռ երբ այս կազմակերպությունը ջրի վարձավճար է հավաքում, համատիրությանը ոչ մի տոկոս չի տալիս: Նույնը` գազը: Մեր շենքը մի քանի գիտակից բնակիչների օգնությամբ ամբողջովին կոսմետիկ վերանորոգել էինք: Մի օր գնացի տեսա, բոլոր մուտքերում ծակ պատեր, տգեղ խողովակների գծեր, որոնց համար «Հայռուսգազարդը» աստղաբախշական թվեր է գանձում բնակչից, բայց ոչ մի պատասխանատվություն, որ համատիրության ենթակայության տակ գտնվող պատերը վնասել է կամ աղտոտել մուտքը: Այս մասին մտածող չկա»:

Հասմիկ Բաղդասարյանը գտնում է, որ քաղաքային տնտեսությունը բավականին անմխիթար վիճակում է. «Մեր պետության մեջ «շենքի տեխնիկական մաշվածություն» ասածը բացակայում է, մինչդեռ ամեն տարի 35-40 տարեկան գոնե 10 շենք պիտի քանդվեն եւ նորերը կառուցվեն: Մաշված տանիքներն էլ նույն հոգսի մի ուրիշ երեսն են: Ինչ էլ ասեն ու անեն, հին «ազբոշիֆերի» վրա չի կարելի նոր ծածկերով տանիք կարկատել: Նման է նրան, որ մի ծակ հագուստ ունենանք եւ անընդհատ կարկատելով փորձենք երկար գործածել: Գերադասելի է պետական կարգ սահմանել եւ ամեն տարի գոնե 10 շենքի տանիք հիմնովին վերակառուցել ալյումինե նոր ծածկերով, որոնք ավելի դիմացկուն են»:

Բնակիչների սառը անտարբերության մասին

Համընդհանուր սեփականության գաղափարը բավականին դժվար ընկալելի եւ դեռ «չմարսված» հասկացություն է մեր քաղաքացիների համար: Սա բոլոր համատիրությունների թիվ մեկ մտահոգությունն է: «Ցավալի է, բայց հաճախ ենք լսում, որ առաջին հարկի բնակիչը ասի. «Տանիքը կաթո՞ւմ է, ինձ ինչ»: Կամ երբ նկուղային հարկում վթար է լինում, 5-րդ հարկինն է ասում` ինձ ինչ: Դեռ չկա այն գաղափարն այս ժողովրդի մեջ, որ ե՛ւ շենքը, ե՛ւ բակը, ե՛ւ մուտքը, ե՛ւ վերելակը, ե՛ւ նկուղն ու տանիքը մեր տունն են: Երբ մտածենք, որ նետված աղբը ո՞վ եւ ինչպե՞ս է տանելու, այն ժամանակ եվրոպական մտածելակերպից ու մշակույթից խոսելու իրավունք կունենանք»:

«Թափանցիկ, կնշանակի` թշնամի համատիրություն»

Տիկին Հասմիկին վրդովեցրել է վերջերս հնչած մի դիտարկում, ըստ որիՙ համատիրության արածի եւ բնակչության անշնորհակալության պատճառն այն է, որ համատիրությունները թափանցիկ եւ հասանելի հաշվետվություններ չեն տալիս բնակչությանը: «Եթե մենք հաշվետվություն կախենք ամեն մուտքում մեր հավաքագրած գումարի չափի, կատարած աշխատանքների ծավալի եւ պարտք մնացած բնակիչների ցուցակով, ապա հաջորդ օրը պարտատուների բանակը կթշնամանա ինձ հետ եւ չի ների հրապարակած ճշմարտության համար: Հայ ենք, չէ՞: Ես արդյունքի փոխարեն կունենամ ավելի դժգոհ համասեփականատերեր: Բնակիչը լրջորեն չի անդրադառնում, որ ամեն մի համասեփականատեր կարող է մտնել համատիրության գրասենյակ եւ պահանջել կատարած աշխատանքի հաշվետվություն, իսկ վարչության անդամը, որը ներկայացնում է այս կամ այն շենքը, իր ստորագրությունն ունի համատիրության կատարողական ակտերի մեջ: Այնպես որ, ցանկության դեպքում հասարակական վերահսկողությունը շատ էլ հնարավոր է: Մյուս կողմիցՙ շատ մարդկանց դժգոհությունն ինձ հասկանալի է, որովհետեւ ամեն մի անկիրթ ու անբարոյականի տղա դարձել է համատիրության նախագահ: Մինչդեռ այս պաշտոնը կամ կոչումը պետք է տրվի շատ կիրթ, զարգացած, մարդասեր, հոգատար մարդու: Սա սոցիալական ծառայության առաջին օղակն է, անմիջական շփում ամեն տարիքի ու սոցիալական վիճակի բնակչի հետ: Իսկ թե ինչն է պատճառը, որ ամեն մեկն իր վրա է վերցնում այդ պարտականությունը, իմ կարծիքը հետեւյալն է: Դրսից նայելիս իրենց թվում է, թե ի՞նչ վատ է որ` ժողովրդից փող ենք հավաքում, ոնց ուզում ենք այնպես էլ ծախսում ենք: Որոշ գողական տղերքի համար էլ դա «պրիստիժ է», իրենց թվում էՙ կնիք ունենալ, նշանակում է բարձր անուն ու պատիվ ունենալ»:

Գրպանային հնարավորություններ

«Իմ շենքերի թիվը քիչ է` 8: Դրա համար ես վնասով եմ աշխատում, օգուտով կաշխատի այն համատիրությունը, որն առ 25-40 շենք կունենա: Կարող ես ունենալ մեկ առողջ շենք, որից հավաքագրված անդամավճարի գումարը կօգտագործես հին շենքի վերանորոգման համար: Ես ունեմ համասեփականատեր, որ 15 տարի չի վճարել համատիրության պարտքերը: Օրենքը թույլ է տալիս գանձել նրանից վերջին երեք տարվա համար: Ուրեմն այնքան հմուտ պիտի լինեմ, որ բնակիչը մշտապես իր աղբահանության գումարը տա: Համոզիչ չեղա, կարող է չտալ, օրենքը նրա կողմն է»:

Հասմիկ Բաղդասարյանն իր խոսքն ամփոփում է այսպես. «Ժողովրդի քաղաքացիական գիտակցության զարգացման եւ ամրապնդման խնդիր է համատիրության զարգացման խնդիրը: Սա կարելի է լուծել ինֆորմացիոն հետեւողական աշխատանքի շնորհիվ»:

Պարզաբանում են բնակիչները

  Կարեն Քալանթարյանը երիտասարդ պաշտոնյա է պետական կառույցներից մեկում: Նա Կենտրոն համայնքի բնակիչ է, համատիրության աշխատանքի մասին արտահայտվում է երկիմաստ ժպիտով եւ շատ պատկերավոր. «Ի՞նչ ասեմ, տերովին տերն է տարել, անտերին` գելը: Խնդիրն այն է, որ բնակիչը ոչ միայն անտարբեր է, այլեւՙ անտեղյակ: Հետեւաբար համատիրությունը նրան վերաբերվում է համապատասխանաբար: Այսինքն, նրա բնակարանի միջով անցնող եւ ընդհանուր սեփականություն համարվող ջրի խողովակը մի հարեւանս կարող է սարքել տալ եւ բավականին գումար վճարել դրա համար նույն համատիրությանը, մյուս հարեւանս նույն խողովակը կանտեսի, մինչեւ ջրհեղեղը իրեն էլ տանի, ներքեւի հարեւաններին էլ, իսկ մյուս` ավելի խեղճուկրակ մի տատիկ կարող է խնդրել եւ սպասել մինչեւ կյանքի վերջը: Այստեղ պարտականությունդ կատարելու, ապա եւ սեփական իրավունքդ պնդելու խնդիր կա, որի համար շատերը չեն էլ ուզում կամ չեն կարողանում պայքարել, որովհետեւ չեն հավատում ոչ մեկին»: Կարենենց հարեւան տիկին Հայկանուշն էլ հաստատում է. «Եթե Կարենի պես հարեւան չունենայինք, մեր վերելակն ընդհանրապես չէր աշխատի, օրերով ջուր չէինք ունենա, աղբը մեր տները կլցվեր: Շատ էլ գերզբաղված տղա է, բայց հետեւողական է, հոգատար: Ո՞ւմ է զանգում, ի՞նչ է ասում, չգիտեմ, բայց մարդը շենքին տիրություն է անում: Հենց մի հարց ենք ունենում, նրա դուռն ենք թակում: Կինն էլ սիրալիր պատասխանում է: Բնակիչներն էլ են մեղավոր, շատերը գումարները չեն վճարում եւ դեռ մի բան էլ կարծես մոլություն ունենանՙ փչացնելու, աղտոտելու, գողանալու: Դժվար է համատիրության աշխատանքը, բայց դե այս երկրում այսպես էլ պետք է լիներ, քանի որ մարդիկ օրենք չեն հարգում, իրենց իրավունքն ու պարտականությունը չեն հարգում, կարճ ասած, քաղաքացիական գիտակցություն չունեն»:

Պետական համակարգում

  Հայկազ Ավետիսյանը Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի գլխավոր մասնագետն է: 33 տարվա աշխատանքային փորձ ունի համատիրությունների դաշտում, որից եզրակացնում է` հին համակարգն ավելի լավն էր: Իսկ հիմա հարցականներն ավելի շատ են: «Պետությունն այսօր բավականին ուշադիր է: Աջակցման կարգով 2007-2008 թվականների ընթացքում 3 միլիարդ տրամադրվեց Երեւանի 2464 վերելակների վերանորոգման համար, իսկ 35-ը փոխվեց նորով: Պետությունն առաջ էլ ԲՇՏ-ներին էր օգնում` պահանջելով հոգալ շենքերի կապիտալ կամ ընթացիկ նորոգման հարցերը: Պետության պատվերը չկատարելու դեպքում պատժում էին: Այն ժամանակ նույնչափ գումար էր տրամադրվում, որքան հիմա, բայց շենքերի հնացածությունից այսքան բողոքներ չկային: Հիմա ե՛ւ գումարը տալիս են, ե՛ւ բնակիչներից գանձում են, բայց միեւնույնն է, չի հերիքում, բողոքներն անպակաս են: Էստեղ մի բան կա, բերեք գտնենք, որտե՞ղ է «էդ մի բանը»: Ես այս գործընթացների ակունքներից եմ գալիս եւ լավ գիտեմՙ որտեղ ինչ է կատարվում: Հիմա խորհրդային համակարգին անցնելու առաջարկներով հանդես չեմ գալիս, քանի որ քաղաքապետը կառավարությանը օրենսդրական փոփոխությունների առաջարկ է արել: Դրանցով նախատեսվում են խստացումներ հատկապես գործի պատասխանատուների առումով, քանի որ եթե գործ արվի, բնակիչները հիմնականում կվճարեն: Ոչինչ չտեսնող բնակիչն է դժգոհ:

Հայկազ Ավետիսյանը նաեւ կարեւոր եւ շատերի համար նոր ինֆորմացիա է հաղորդում: «Չի կարող որեւէ շենքի տանիք կամ նկուղ վաճառվել առանց համասեփականատերերի համաձայնության: Շենքի նկուղը եւ տանիքը բոլորինն են` անկախ մուտքից: Շենքի բոլոր համասեփականատերերը պետք է ստորագրություն տան այն օտարելու, վարձակալության տալու կամ որեւէ բան կառուցելու համար: Եթե շենքից անգամ մեկը համաձայն չէ, գործարքը չի կատարվի, սա կանոնակարգված է ՀՀ բազմաբնակարան շենքերի մասին օրենքով: Սեփականատերերի համաձայնությամբ նկուղի վարձակալությամբ եկած գումարները պետք է օգտագործեն պարտադիր նորմերի կատարման վրա»:

Պաշտոնյան տեղեկացնում է նաեւ, որ տարբեր ընկերություններ անտենաներ են տեղադրում բազմաբնակարան շենքերի վրա: «Նրանք համատիրությունների հետ պայմանագրեր ունեն, ամսական 150 000-200 000 դրամ գումար են տրամադրում: Եթե այդքան գումար ամեն ամիս ծախսվի նույն շենքի վրա, կդառնա էլիտար: Բնակիչներն այնքան անտարբեր են, որ երբեւէ չեն գնում եւ չեն ստուգում համատիրության մուտքերի եւ կատարած աշխատանքի համապատասխանությունը», ասում է Հայկազ Ավետիսյանը:

Գալով համատիրությունների քանակին ու որակին, պաշտոնյան տեղեկացնում է. «Երեւանում գրանցված է 372 համատիրություն, կան նաեւ լիազորագրային կառավարման ենթակա շենքեր, որոնք լիազորագրային կառավարում ունեն:

Բնակչությունն իրոք դժգոհում է, բայց գիտեն, թե ինչ է նշանակում ընդհանուր բաժնային սեփականություն: Դա նշանակում է իմ բնակարանից դուրս ինչ կա` միջանցքներ, աստիճանավանդակներ, վերելակներ, վերելակային հորեր, տանիքներ, նկուղներ, ջրատեխնիկական, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, առաստաղներ, հատակներ, բոլորինն են: Բոլորը պետք է մասնակցեն դրա կառավարմանը, համատիրությունն էլ իրականացնի կատարումը: ՀՀ կառավարությունը որոշել է պարտադիր նորմեր եւ դրանց կատարման համար վճարումներ: Համատիրությունները 50-60 տոկոսով հազիվ են կարողանում այդ վճարումները հավաքագրել»:

Պաշտոնյան հավաստիացնում է, որ այսօրվա օրով գրանցված 372 համատիրություններից 20-25 տոկոսը նորմալ գործող կառույցներ են: Իսկ հիմնախնդիրներից մի քանիսը պաշտոնյան համակարգում է այսպես.

1. Ֆինանսական միջոցներ չեն կուտակվում:

2. Դրանց վերահսկողության արդյունավետ մեխանիզմ չկա:

3. Առկա է պետական աջակցության կարիք ունեցող խնդիրների լուծման անհրաժեշտություն` շենքերի տանիքների վերանորոգություն, շենքերի անձնագրավորում` թանկարժեք գործողություններ, որ համատիրության հնարավորությունների սահմանում չեն:

4. Այսօր «բնակիչ-համատիրության նախագահ» փոխհարաբերությունները լավ չեն, քանի որ համատիրության նախագահ կա, որ ցանկանում է իր չարած գործի համար վճարում գանձել: Նրա գրագիտության աստիճանը եւ մակարդակը դեռ նոր սպասելիքների տեղիք են տալիս: Անպարտաճանաչ ու անտարբեր սեփականատերն էլ ուզում է ոչինչ չվճարել եւ բարեկարգ տարածքում ապրել:

5. Կոմունալ ծառայություն մատուցող ծառայությունների` սանմաքրման, սանիտարահիգիենիկ ծառայությունների, ջրի եւ կոյուղու գրասենյակների հետ համատիրությունները պայմանագրեր չունեն: Պատճառը կողմերի անվստահությունն է համատիրությունների նկատմամբ, քանի որ նույն ֆինանսների անվերահսկողությունը հնարավորություն չի տալիս հասկանալուՙ համատիրությունները որքան գումար են հավաքել եւ կարո՞ղ են արդյոք համապատասխան ծառայությունների համար վճարումներ հատկացնել:

6. Համասեփականատերերը չեն իրականացնում վերահսկողության իրենց իրավունքը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4