Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը երեկ, խոսելով 2010-ի բյուջեի նախագծի մասին, նշեց, որ կառավարությունն ընդամենը թոզ է փչում մեր աչքերին. «Ցավոք սրտի, ե՛ւ ես, ե՛ւ իմ տնտեսագետ կոնգրեսական ընկերները չհասկացանք, թե ինչ է ուզում կառավարությունը», հայտարարեց բանախոսը, ըստ որիՙ կառավարությունն ինքը, հարկերի 22 տոկոս աճ նախատեսելով, չի հասկանում, թե ինչ վիճակում է. «Նրանք մեծ ստախոսներ են, որ կարող են իրենց այդ թվերով ամբողջ ազգաբնակչությանն ու միջազգային կազմակերպություններին խաբել», նշեց Երեւանի նախկին քաղաքապետը:
Իսկ ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համոզված է, որ 2010-ին Հայաստանում տնտեսական անկումը շարունակվելու է, որը կավելանա եւս 2 տոկոսով:
Նա, սակայն, աճ է կանխատեսում շինարարության ոլորտում. «Իսկ առեւտրի ու սպասարկման, արդյունաբերության ոլորտները անկում կապրեն», նշեց պարոն Ասատրյանը` ավելացնելով, որ ինքը չի տեսնում որեւէ երաշխիք, որ եկող տարի երկրում կկանխվի տնտեսական անկումը:
Տնտեսության այս տարվա 18 տոկոս անկումը նա որակեց որպես համաշխարհային ռեկորդ. «Կարծում եմՙ մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը էական փոփոխության չի ենթարկվի, նույնիսկ դրական տեղաշարժերի պարագայում տարին կարող ենք փակել 13,4 տոկոս անկումով»:
Ի դեպ, 18 տոկոս տնտեսական անկումը պարոն Ասատրյանըՙ 99 տոկոսով պայմանավորեց ներքին գործոններով. «Սա մեծապես պայմանավորված է օլիգոպոլիայով, որի լուծման համար անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր: Այժմ Հայաստանի տնտեսությունը եկել եւ հասել է մի կետի, որտեղ անհրաժեշտ են կտրուկ քայլեր, եւ ես խորհուրդ կտամ երկրի վարչապետինՙ հեռացնել այն նախարարներին, որոնք զբաղված են օլիգոպոլիայով», եզրափակեց պարոն Ասատրյանը:
Ն. Մ.