Թեեւ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը հատել է վերջնագիծը, սակայն Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանը դեռեւս չի ավարտվել: Նոյեմբերի 14-ին եւ 17-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպումները կանցկացնիՙ «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Էստոնիայի եւ Իռլանդիայի հավաքականներին: Մեր ֆուտբոլիստները պարտվել են անցկացրած բոլոր չորս հանդիպումներում էլ, ուստի առաջիկա խաղերում պետք է ձգտեն ինչ-որ կերպ պարզերես լինել ֆուտբոլասերների մոտ:
Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ երեկվանից սկսել է նախապատրաստվել առաջիկա պատասխանատու հանդիպումներին: Մեր ֆուտբոլիստները կրկին հանգրվանել են «Ռեժինե» հյուրանոցում: Ի տարբերություն նախորդ հավաքների, այս անգամ Սերիցլեւը հնարավորություն է ստացել երիտասարդական հավաքականի կազմն ուժեղացնել ի հաշիվ Հենրիխ Մխիթարյանի եւ Հովհաննես Գոհարյանի, որոնք նախորդ հանդիպումներում բացակայում էին ազգային հավաքականից հրավեր ստանալու պատճառով: Ինչ խոսք, այս երկու ֆուտբոլիստների ներկայությունը պետք է որ զգալիորեն ամրապնդի մեր հավաքականի հարձակման գիծը: Բացի նրանցից, հավաքական են հրավիրվել նաեւ առջեւի գծի խաղացողներ, փյունիկցիներ Գեւորգ Ղազարյանն ու Ալբերտ Թադեւոսյանը եւ չեխական Մոստ քաղաքի «Բանիկում» հանդես եկող Գեւորգ Բադալյանը:
Դարպասի պաշտպանությունը կվստահվի «Փյունիկի» դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանին, որն առաջնության վերջնագծում հուսալի էր գործում: Նա առաջնությունում անցկացրած 10 խաղում ընդամենը 3 գոլ բաց թողեց: Մնում է հուսալ, որ հավաքականում էլ Հովհաննիսյանն աչքի կընկնի վարպետ խաղով: Այս անգամ հավաքական չի հրավիրվել «Արարատի» դարպասապահ Գեւորգ Պրազյանը, որին փոխարինել է «Միկայի» պահեստային դարպասապահ Արմեն Ֆիշյանը:
Պաշտպաններից հավաքին մասնակցում են փյունիկցիներ Արտակ Անդրիկյանն ու Արտակ Եդիգարյանը, «Բանանցի» ֆուտբոլիստներ Գագիկ Դաղբաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը, կիլիկիացի Արտաշես Առաքելյանը եւ գերմանական «Համբուրգի» 2-րդ կազմում ընդգրկված Լեւոն Հայրապետյանը: Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ վերջինս մեր անվանի մականորդ Սոս Հայրապետյանի որդին է:
Կիսապաշտպանական գծում ունենք 2 լեգեոնականներ Բելգիայիցՙ Մասիս Ոսկանյանը («Բրյուգե») եւ Հրաչ Յագանը («Ստանդարտ»): Մեծ թիվ են կազմում փյունիկցիները (Դավիթ Մանոյան, Արթուր Յուզբաշյան, Էդգար Մալաքյան, Արտակ Ալեքսանյան, Կառլեն Մկրտչյան): 3 ֆուտբոլիստ է հավաքական գործուղել «Բանանցը» (Արամ Բարեղամյան, Արտակ Դաշյան, Գրիշա Խաչատրյան):
Ընտրական 2 հանդիպումներն էլ կսկսվեն ժամը 15-ին: Մուտքը մարզադաշտ տոմսերով է: Արեւմտյան տրիբունայի տոմսի գինը 2000 դրամ է, արեւելյանինըՙ 1000: Հարավային եւ հյուսիսային տրիբունաներից խաղը դիտել ցանկացողները պետք է վճարեն 500 դրամ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ