«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2009-11-10 | #205, 2009-11-11 | #206, 2009-11-12


«ԹՈՒՐՔԻԱՆ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆԱՍՏԵՂԾ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է»

«Մենք առաջարկում ենք «Վերամիավորման տոն» անունով պետական տոն ունենալ», երեկ «Արցախ» ակումբում հայտարարեց Սահմանադրական իրավունք կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ հիշեցրեց, որ ԼՂՀ վերամիավորման 20-ամյակը պետականորեն տոնելու առաջարկով արդեն հանդես է եկել ՀՀ եւ ԼՂՀ նախագահների առջեւ:

«Դեկտեմբերի 1-ին լրանում է 1989-ի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման 20-ամյակը, որը թույլ տվեց հայ ժողովրդին վերականգնել իրավունքները Լեռնային Ղարաբաղում», նշեց նա:

Բաբուխանյանն այն համոզման է, որ երբ վերամիավորման օրը դառնա պետական տոն, կարելի է նաեւ մեկ պետություն ունենալու գաղափարն առաջ տանել:

«Հերքելով եւ դատապարտելով այն մարդկանց, ովքեր փորձում են հայ ժողովրդի իրավունքների մասին խոսել այդ մարդկանց դեմ գործողություններ կատարելովՙ Թուրքիան ցույց է տալիս, որ ցեղասպանաստեղծ մտածելակերպ ունեցող պետություն է, եւ եթե նրան թույլ տաս, այսօր էլ, վաղն էլ կկրկնի նույն բանը: Չի փոխվել Թուրքիայի մտածելակերպը», ասաց Հայկ Բաբուխանյանը :

ՍԻՄ նախագահը կարծում է, որ ՀՀ արտգործնախարարությունը նույնպես պետք է նախաձեռնող եւ ագրեսիվ դառնա, օրինակՙ Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման ժամանակ հայտարարի, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի իր պատմական հայրենիքից. «Թուրքիա՛ն է խախտել Հայաստանի տարածքային ամողջականությունը, եւ այն տարածքները, որոնք ՀՀ առաջին հանրապետության մեջ էին, ռազմական, պատերազմական գործողություններով Թուրքիան պարզապես բռնազավթել է, ենթարկել օկուպացիայի եւ անեքսիայի»:

Նա կարծիք հայտնեց, որ 2010-ին Թուրքիան ստիպված կլինի առանց նախապայմանի վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները:

Անցնելով ներքին քաղաքականությանը, «Փաստ է, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, դադարել է գոյություն ունենալուց», նշեց Հայկ Բաբուխանյանը: «Օրինակՙ հայ-թուրքական հարցի վերաբերյալ ՀԱԿ-ը մեկ հայտարարում է, որ դա գործընթաց է, որը քայլ առաջ է, եւ ողջունում է, հետո հայտարարում է, որ դա քայլ հետ է, հետո կեսը հայտարարում է, որ լավ է, կեսըՙ վատ է, հետո սկսում են իրար հետ վիճել, հետո պարզվում է, որ չկա այնպիսի մարմին, որը կարողանա ՀԱԿ-ի անունից խոսել», նշեց ՍԻՄ նախագահը:

Եվ քանի որ Հ. Բաբուխանյանը կարծում է, որ, որպես քաղաքական ուժ, ՀԱԿ-ն այլեւս գոյություն չունի, ապա այսօր, ըստ նրա, հայրենասիրական բեւեռը, որի մեջ մտնում է նաեւ ՀՅ Դաշնակցությունը, ընդդիմադիր դաշտում դարձել է առաջին բեւեռ. «Դա նշանակում է, որ եթե այդ բեւեռը կազմակերպական ձեւեր ստանա, դառնա միություն, նախընտրական դաշինք եւ այլն, անկասկած շատ ավելի մեծ շանսեր ունի ձայներ հավաքելու, քան ապազգային բեւեռը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած բեւեռն է: Եվ նույնիսկ ավելի մեծ շանսեր կունենա, քան այսօրվա իշխանական կոալիցիան»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4