«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2009-11-10 | #205, 2009-11-11 | #206, 2009-11-12


ՀԱՅԿԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եթե հավատանք գովազդային նյութերի իսկությանը, ապա Հայաստանում «Վիվասել-ՄՏՍ»-ի բաժանորդները շուրջ 2 մլն են, «Արմենտել-Բիլայնն» էլ նույն վստահությունը կարող է ունենալ, իսկ եթե նկատի ունենանք Հայաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալները, ապա պետք է արձանագրենք, որ մեր երկրում բոլորը, նույնիսկ ավելին, քան բոլորը, բջջային կապի բաժանորդներ են:

Այս պայմաններում, երբ հայկական բջջային կապի շուկան կարծեք թե ամբողջովին իրացված է, Հայաստան է գալիս նոր օպերատոր` «Օրանժը», որն այժմ անվճար քարտերով է ապահովում այն քաղաքացիներին, ովքեր վաղօրոք համացանցով հերթագրվել էին:

Ընկերության բոլոր մասնաճուղերում առաջացել են հերթեր` հիշեցնելով մեզանում նոր-նոր հայտնված բջջային օպերատորների հին ժամանակները:

Մտնելով գոյացած հերթի մեջ` փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ այլ օպերատորների ծառայություններից արդեն իսկ օգտվող հայերս ցանկանում ենք ձեռք բերել նոր հեռախոսահամար: Պատճառներից մեկն, անշուշտ, այն է, որ հեռախոսով խոսել սիրող հայ մարդիկ, բնականաբար, դեմ չեն ստանալու անվճար քարտեր, ընդ որում յուրաքանչյուրում 1000 դրամ խոսելավճար:

Հավաքվածներից ոմանք «Օրանժ»-ի հետ կապեցին բջջային կապի զգալի էժանացման հույսեր. «Գովազդներից պարզ է դառնում, որ նոր օպերատորը ապահովելու է շատ ավելի էժան ծառայություններ: Ես պատրաստվում եմ դառնալ «Օրանժի» բաժանորդ», «Ազգ» -ին ասաց ուսուցչուհի Կարինեն : Իսկ վարորդ Էդգարը ընտրել է նոր օպերատորին, որովհետեւ. «Ճամփեքին շատ տեղեր կապերը չեն բռնում, տեսնենք սա ոնց կլինի», նշեց նա:

Հավաքվածների մեծամասնությունն ուներ Հայաստանում արդեն գործող երկու օպերատորների քարտեր, եւ երրորդը ձեռք են բերում, որովհետեւ «նախ ձրի է», հետոՙ «1000 դրամ մեջը կա, իմ համարի մեջ էլ հիմա փող չկա, ու ուզում եմ տեղ զանգել, ինչի՞ վերալիցքավորեմ, նոր քարտ կվերցնեմ», նկատեց ուսանող Գարիկը : Նույն կարծիքին էին հավաքված երիտասարդները, որոնք պարապության պատճառով ավելի շատ գերադասում էին հերթ կանգնել, քան վերալիցքավորել իրենց համարները: Բուժքույր Նունեն էլ նոր քարտ է ուզում, որովհետեւ հեռախոսով շատ է խոսում ու ժամանակ չի ունենում հաճախ լիցքավորելու: «Ընկերուհիներիս հետ եմ շատ խոսում, քննարկում ենք առօրյան, փոխանակում նորություններ: Հիմա, որ ունենամ արդեն երկու քարտ, երկուսն էլ միանգամից կլիցքավորեմ», ասաց Նունեն:

Գաղտնիք չէ, որ հայերս շատ ենք սիրում հեռախոսով խոսել, հաճախ նույնիսկ անտեղի: Հեռախոսային քննարկումների թեմաներ են դառնում նույնիսկ ճաշատեսակների բաղադրատոմսերի փոխանակումներ, «զավզակ զրույցներ», նոր ծանոթություններ, «փիլիսոփայական վերլուծություններ»: Անշուշտ, Հայաստան եկած երեք օպերատորներ էլ հաշվարկել են հայ հասարակության այդ առանձնահատկությունները` գալուց առաջ: Եվ այստեղ նույնիսկ էժան կապի պարագայում բոլոր «բազմամիլիոնանոց» օպերատորներն էլ ունեն եւ ունենալու են գերշահույթ, հակառակ դեպքումՙ ինչո՞ւ էին գալիս:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4