Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը սպիտակներով խաղացող Բորիս Գելֆանդն էր, որի հետ մրցախաղերը հայ գրոսմայստերի համար այնքան էլ հեշտ չեն դասավորվում: Գելֆանդը նավակային վերջնախաղում երկու զինվորի առավելություն էր ստացել, ընդ որում մեկն անցողիկ էր: Ի վերջո Գելֆանդն իրացրեց առավելությունը` 65-րդ քայլին հասնելով հաղթանակի: Արոնյանը մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց:
Տուրի կենտրոնական պարտիան Կառլսենի եւ Անանդի մրցավեճն էր: Ինչպես նախորդ հինգ պարտիաներում, այս անգամ էլ նորվեգացի շախմատիստը հաշտություն կնքեց: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Լեկո-Սվիդլեր պարտիան: Վասիլի Իվանչուկը առավելության հասավ Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ: Կրկին վերջինն իր մրցավեճն ավարտեց Կրամնիկը` 81-րդ քայլին հաղթելով Պոնոմարյովին: Դրա շնորհիվ նա 4,5 միավորով գլխավորեց աղյուսակը:
Անանդն ունի 4 միավոր: 3,5-ական միավորով հաջորդ տեղերում են Գելֆանդն ու Իվանչուկը: Արոնյանը եւ Կառլսենն ունեն 3-ական միավոր: 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Կրամնիկի հետ: Կկայանան նաեւ Սվիդլեր-Կառլսեն, Անանդ-Մորոզեւիչ, Իվանչուկ-Գելֆանդ, Պոնոմարյով- Լեկո պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ